Միջինքը Հոլիվուդի Ս. Հովհաննու Կարապետ եկեղեցում

Հայոց  Տոնացույցի  համաձայն Մեծ Պահքի 24-րդ օրը Միջինք է, որով կիսվում է Աղուհացի շրջանը: Թեպետ օրվա առթիվ բացառիկ եկեղեցական արարողություններ չկան, բայց այնուամենայնիվ, այն  ամեն տարի յուրահատուկ կերպով է նշվում Հոլիվուդի Ս. Հովհաննու  Կարապետ եկեղեցում: Այս տարին ևս բացառություն չէր: Այս մասին «Հայերն այսօրին» կը յայտնէ Հովհաննես սարկավագ Գումրույան:

Մարտի 2-ին, չորեքշաբթի, երեկոյան 6.30-ին, տեղի ունեցավ Հանգստյան ու Խաղաղական հանդիսավոր ժամերգություններ՝ գլխավորությամբ Հարավային Ամերիկայի Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի: Մթնշաղին կատարվող հսկման ընթացքում եկեղեցու հավատացյալներն ունեցան աղոթելու, խոկալու հրաշալի առիթ, որն ավելի ջերմացավ Սրբազան հոր ներշնչող ու խրատական հոգևոր պատգամով: Ժամասացության ավարտին, առաքելական սովորության համաձայն, շուրջ 200 հավատացյալները, սիրո ընթրիքի հավաքվեցին եկեղեցու «Տաղլյան»   մշակութային կենտրոնում: Եկեղեցու բարեխրատ հովիվ, արժանապատիվ Տ. Մանուկ ավագ քահանա Մարգարյանն ու Հոգաբարձուների Խորհրդը ներկաների համար պատրաստել էին գեղեցիկ անակնակալ՝ երեկոն համեմելով գեղարվեստական հայտագրով:

Հանդիսության սկզբում Լաուրա Մակվեցյանը ներկայացրեց Միջինքի  ազգային սովորությունները, ապա հայտնի դերասան ու ասմունքող Հարություն Ֆոդուլյանը երեկոն օժտեց  չարենցյան շնչով: Չափազանց ազդեցիկ էր ծրագրի վերջին մասը, ուր ժողովրդական երգերի կատարումներով հանդես եկավ Գևորգ Չաքմանյանը:

 Նմանօրինակ հոգեմտավոր ձեռնարկները՝ լի մշակութային ու անանց արժեքներով,  ուժ են հաղորդում Մեծ Պահքի ճանապարհորդներին՝ դառնալով դեղ ու դարման հայենակարոտ ու ասվածասեր սրտերի համար:

Օրը վերջացավ Հովնան սրբազանի «Պահպանիչ» աղոթքով ու ջերմ բարեմաղթանքներով:

Հոլիվուդ2Հոլիվուդ1

Scroll Up