ՀՄԸՄի Գլենդելի «Արարատ» Մասնաճիւղի Կենտրոնը Կոչուեց Վահէ Արծրունիի Անուամբ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/0218vaheardzrouni.jpg)
Նոյեմբեր 15, 2015 թուին, ձեռամբ թեմիս բարեխնամ առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեանի, հոգեւորականաց դասի եւ ներկայութեամբ Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարեանի, քաղաքային խորհրդի անդամներ Փաուլա Դիվայնի, Զարեհ Սինանեանի եւ Վարդան Կարապետեանի, տեղի ունեցաւ ՀՄԸՄի Գլենդելի «Արարատ» մասնաճիւղի Հիւսիսային կենտրոնի անուանակոչութեան արարողութիւնը, մեծ հայրենասէր եւ նուիրեալ ազգային գործիչ Վահէ Արծրունիի անուամբ:
Վահէ Արծրունին, աւազանի անունով՝ Մելիքսէթ Մուրադեանը ծնուել է 1884 թուին, Վանի Շատախ գաւառի Կաղբի գիւղում, մելիքի ընտանիքում: 1896 թուին Սուլթան Համիդեան ջարդերի հետեւանքով, կորցնում է հօրը եւ ընտանիքով գաղթում է Վան:
Աղէտեալներին օգնութեան է հասնում Վանի միսիոնար դոկտոր Ռէյնոլդզը: Վերջինս Վանում բացում է որբանոց, ուր եւ 500 այլ որբերի հետ ընդունւում է մեր հերոսը: Կարճ ժամանակ անց, նրա ուշիմութեան եւ ղեկավարման ձիրքերի բերումով, նա նշանակւում է որբերի վերակացու: Նա վեց տարի մնում է որբանոցում եւ սովորում է որբանոցի դպրոցում:
Այդ շրջանում Վանի երիտասարդութիւնը տոգորուած էր յեղափոխական գաղափարներով եւ ՀՅ Դաշնակցութիւնը վայելում էր մեծ համակրանք: Յեղափոխական գաղափարները թափանցում են նաեւ որբերի մէջ, եւ Վահէն իր հասակակիցների հետ մտնում է ՀՅԴի շարքերը:
1903 թուին Վահէն փայլուն վկայականով աւարտում է ամերիկեան դպրոցը եւ իր ուսուցիչների խրախուսանքով որոշում է անցնել Ամերիկա, ուսումը շարունակելու համար: 1906 թուին Վահէն հասնում է Ամերիկա, ընդունւում Հարվարդ համալսարանը եւ 1913 թուին աւարտում է Միջազգային օրէնքի եւ իրաւագիտութեան ֆակուլտետը, մագիստրոսի տիտղոսով:
1919 թուին Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը իրեն հրաւիրում է Փարիզ՝ միանալու Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեան: Նա համագործակցում է Ա. Ահարոնեանի, Համօ Օհանջանեանի եւ Արմէն Գարոյի հետ: Ապա Հայաստանի կառավարութիւնը նրան հրաւիրում է Հայաստան, որպէս ներգաղթի աշխատանքների վարիչ եւ աշխատելու Միացեալ Նահանգների եւ Անգլիայի հետ, գաղթականների հարցերով:
1920 թուի Ապրիլին անցնում է Կարս՝ կարգաւորելու համար ներգաղթի գործերը: Կարսում, Ամերիկայի Նպաստամատոյց կոմիտէի օժանդակութեամբ , Վահէն բացում է որբանոց եւ կազմակերպում է նրանց կրթական եւ առողջապահական գործը, կանոնաւորում նրանց ապրուստի պայմանները, սակայն այդ ազնիւ գործը մնում է անաւարտ: Թուրքերը գրաւում են Կարսը, իսկ նա մնում է Կարսում եւ յամառօրէն պաշտպանում որբերին: Թշնամու լրտեսական բաժինը փնտռում է Վահէ Արծրունիին, սակայն կարծում է, որ նա ամերիկացի է: Այս վիճակը երկար տեւել չէր կարող: 1921 թուի Յունուար 15ին Վահէն 15 ընկերների հետ թողնում է Կարսը եւ հասնում խորհրդայնացած Հայաստան, որտեղից Փետրուարեան ապստամբութեան ընթացքում, Մեղրիի վրայով անցնում է Պարսկաստան: Թաւրիզում զբաղւում է որբերին եւ գաղթականներին օգնելով:
1932 թուին տեղափոխւում է Թեհրան, ուր շարունակում է իր հայրենասիրական, կրթական-մշակութային գործունէութիւնը:
Վահէն աշխատակցել է Բոստոնում լոյս տեսնող «Հայրենիք» ամսագրին, Գահիրէի «Յուսաբեր»ին, Փարիզի «Յառաջ»ին, Թեհրանի «Ալիք» օրաթերթին եւ ամսագրին:
1958 թուի Յունիսի 17ին Վահէն հեռացաւ կեանքից, իր հետ տանելով հայրենիքի կարօտն ու պանդուխտի դառնութիւնները:
Իր աղջիկը՝ Յուշիկ Արծրունին իր եւ իր հօր ամբողջ ունեցուածքը նուիրեց հայ երիտասարդութեան՝ հայրենիքի սիրով եւ հայ ազգին ծառայելու գաղափարով դաստիարակող ՀՄԸՄի Գլենդելի «Արարատ» մասնաճիւղին:
Այս մասին կը յայտնէ Ասպարէզ: