«Մենք Որեւէ Բանից Չենք Վախենում». Արցախցի Երեխաները Ապահով Կը Գգան
Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօներուն առիթով ՀՀ Նախագահի նստավայրին մէջ երէկ մեկնարկած էր մանուկներու համար կազմակերպուած ամենամեայ տօնական ձեռնարկները: Այսօր նախագահի նստավայրին մէջ հիւրընկալուած են ՀՀ ԶՈՒ զինծառայողներու, Երկրապահ կամաւորական միութեան անդամներու, զոհուած եւ հաշմանդամ ազատամարտիկներու ընտանիքներու զաւակներ եւ թոռնիկներ, որոնց մէջ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութենէն, ՀՀ ոստիկանութեան եւ ազգային անվտանգութեան ծառայութեան աշխատակիցներու զաւակներ:
Այսօր ՀՀ նախագահի նստավայր հիւրընկալուած արցախցի 9-ամեայ Դաւիթը Panorama.am-ի հետ զրոյցին ըսած է. «Ես ոչ մի բանից չեմ վախենում, քանի որ գիտեմ` մեր զինուորները, հայրիկները, պապիկները հսկում են մեր սահմանները: Մենք հանգիստ խաղում ենք մեր բակում»:
Դաւիթը պատմած է, որ իր հայրը զինծառայող է, փոխգնդապետ: Բայց ինք աւելի կը սիրէ աշխատանքը իր հօր ընկերոջ, որ իրաւաբան է, կ՛աշխատի ռազմական ոստիկանութեան մէջ:
Աշոտը, որ նոյնպէս Արցախէն է, կը ցանկայ ըլլալ այնպիսի զինուոր, ինչպէս իր հայերն է. «Ուզում եմ զինուորական դառնալ ու հայրենիքս պաշտպանել: Ուզում եմ նաեւ աշխարհի չեմպիոն (ախոյեան-ԵՌԳ.) լինել»:
Գէորգ Յարութիւնեանը Հատրութէն է, կը յաճախէ 7-րդ դասարան. «Հայրս ամսուայ մէջ 14 օր բարձրանում է դիրքերը, մնացած օրերին տանն է լինում: Երբ դիրքերում է լինում, գրեթէ ամէն օր խօսում ենք իր հետ: Սահմանի մասին որեւէ բան չի պատմում, ասում է` ամէն ինչ լաւ է: Ես էլ պատրաստ եմ ծառայել Զինուած ուժերում: Ես ուզում եմ, որ եկող տարուայ ընթացքում ոչ մի անապահով ընտանիք չլինի, սահմաններում լինի խաղաղութիւն, շփման գծում կրակոցներ չլինեն»:
13-ամեայ Էլեն Յովհաննիսեանն ալ հպարտ է, որ հայրը զինծառայող է, բայց կը ցանկար, որպէսզի այլ աշխատանք ունենար:
«Նա հսկում է, որ մեր քունը հանգիստ լինի, պաշտանում է բոլորիս, ուրախ եմ դրա համար, բայց գոհ չեմ, քանի որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է կրակել մեր ուղղութեամբ: Հայրս 14 օր դիրքերում է լինում: Արդէն սովորել ենք: Անընդհատ ուզում ենք խօսել իր հետ, բայց կամ անհասանելի է լինում կամ չի վերցնում»,- ըսած է Էլենը:
Ան կը ցանկայ, որ 2016-ին բոլորը ապրին խաղաղ երկինքի տակ, մանուկները ունենան երջանիկ եւ անհոգ մանկութիւն, զինուորներուն ալ մաղթած է լաւ ծառայութիւն:
«Միշտ ցանկանում եմ, որ մեր Արցախ աշխարհը լինի անկախ, ապրի ազատ»,- նշած է Էլենը:
Տօնական այս ձեռնարկներուն ամէն տարի կը մասնակցին 6-12 տարեկան շուրջ 1000 մանուկներ մայրաքաղաքէն, մարզերէն, Արցախէն: Դեկտեմբեր 24-ին նախագահի նստավայրին մէջ պիտի հիւրընկալուին ՀՀ սահմանամերձ մարզերու (Գեղարքունիք, Վայոց ձոր, Արարատ, Տաւուշ) շարք մը համայնքներու, ինչպէս նաեւ Հայաստան ապաստան գտած սուրիահայ մանուկներ, սահմանափակ կարողութիւններով (հաշմանդամ) եւ ողիմպիականներու («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիրներ: