Գլենդելում Բացուեց Հայկական Կապիտալով Առաջին Բանկն ԱՄՆ-ում

500 Բրենդ բուլվար հասցէում, Նոյեմբերի 19ին տեղի ունեցաւ «Գոլդըն Սթէյթ» բանկի գլխամասի պաշտօնական բացման արարողութիւնը: Գլենդելում հիմնուեց ֆինանսական մի հաստատութիւն, որն առանձնայատուկ է ոչ միայն սպասարկման որակով՝ նաեւ ԱՄՆում առաջին բանկն է, որի բաժնետէրերի եւ ղեկավարող խորհրդի անդամների մեծամասնութիւնն ազգութեամբ հայեր են:
«Գոլդըն Սթէյթ» բանկը համայնքային բանկ է, որ ծառայելու է տարբեր բիզնեսների, կազմակերպութիւնների: Բանկն այսօր ունի 125 մլն. դոլարային ակտիւներ: Մենք տրամադրում ենք վարկեր սկսած հինգ հարիւր հազար դոլարից մինչեւ 5 միլիոն դոլար, հնարաւոր է նաեւ աւելի մեծ գումար տրամադրենք գործընկերային բանկերի հետ համատեղ: Ներգրաւում ենք նաեւ աւանդներ եւ կը վճարենք աւելի մեծ տոկոսադրոյք, քան մեծ բանկերը: Միակ ոլորտը, որ բանկը չի սպասարկում, դա անհատական սպառողական վարկերն են՝ մեքենաների վարկաւորում կամ հիպոթեքային վարկեր», տեղեկութիւններ տրամադրեց «Գոլդըն Սթէյթ» բանկի ղեկավարող խորհրդի նախագահ, բաժնետէր Ռոբերտ Սեդրակեանը:
Տարիներ շարունակ Հարաւային Կալիֆորնիայի Ափլենդ եւ Բրէա քաղաքներում գործող իր գրասենեակներով, FDIC-ի կողմից երաշխաւորուած «Գոլդըն Սթէյթ» առեւտրային բանկը կերտել է յաջողութեան պատմութիւն, որի գլխաւոր նախադրեալներից է յաճախորդներին անհատական մօտեցումը: «Մեզ համար յաճախորդը թիւ չէ կամ թղթապանակ, մեր իւրաքանչիւր յաճախորդի ճանաչում ենք անհատապէս եւ յաճախ նաեւ՝ ծանօթ ենք նրանց ընտանիքներին», նշում է Սեդրակեանը:
Հայ համայնքի համար, «Գոլդըն Սթէյթ» բանկի առաւելութիւններից է նաեւ հայ ղեկավարների ակտիւ ներկայութիւնն այս բանկում: «Բանկի ղեկավարող խորհրդի 11 անդամների մեծամասնութիւնը հայեր են, եւ ինչպէս մեր համայնքը՝ ներգաղթած տարբեր երկրներից: Մենք քաջատեղեակ ենք մեր համայնքի մշակութային առանձնայատկութիւններին եւ անձամբ ճանաչում ենք գործող բիզեսներին եւ կազմակերպութիւններին: Այս հանգամանքը մեզ թոյլ է տալիս ծառայութիւններ առաջարկելուց հաշուի առնել բոլոր հնարաւոր պահանջները եւ լաւագոյն մօտեցում ցուցաբերել: Մենք աւելի լաւ կը հասկանանք մեր հայ յաճախորդների կարիքները, քան օրինակ շուկայում գործող այլ մեծ բանկեր, եւ սա մեր առաւելութիւնն է», նշում է «Գոլդըն Սթէյթ» բանկի բաժնետէրից, ղեկավարող խորհրդի անդամ Արտակ Դալդումեանը:
«Գոլդըն Սթէյթ» բանկի փիլիսոփայութիւնը ստեղծման օրուանից եղել է հետազօտութիւնների միջոցով բացայայտել գործարարներին եւ նրանց գործունէութեանը ծառայելու առաւել արդիւնաւէտ միջոցներ գտնել ոչ միայն ֆինանսական, նաեւ՝ գործունէութեան իրականացման, նոր յարաբերութիւնների ձեւաւորման հարցերում, ինչը կը բարձրացնի բիզնեսի մրցակցային առաւելութիւնները եւ յետագայ զարգացման տեմպերը:
«Գոլդըն Սթէյթ»ը գործունէութեան նոր փուլ է մտնում 2014թ.ին, երբ բանկին են միանում ոլորտում երկարամեայ փորձառութիւն ունեցող մասնագէտներ Ռոբերտ Սեդրակեանն ու ընկերները: 40 տարուայ աշխատանքային փորձով, ներկայում «Գոլդըն Սթէյթ»ի նախագահ Թոմ Բայինգթոնը նշում է, որ սիրով է համագործակցում հայազգի գործընկերների հետ, եւ նշում է, որ բանկում տեղի ունեցող զարգացումները նոր հորիզոններ են բացում: Բանկի առաջին բաժնետէրերից Ջոն Օհանեանն էլ համոզուած է, որ ղեկավար խորհրդում բարձրակարգ նոր մասնագէտների ներգրաւմամբ բանկը շուտով նոր բարձունքներ կը գրաւի:
«Գոլդըն Սթէյթ» բանկի համալրուած ղեկավարող խմբի առաջնային նախաձեռնութիւններից էր բանկի գլխամասի տեղափոխումը Գլենդել՝ նաեւ շրջակայ հայաշատ քաղաքների բնակիչներին առաւելագոյնս հասանելի լինելու նպատակով:
«Գոլդն Սթէյթ» բանկն իր գլխաւոր գրասենեակը հիմնեց Գլենդելում՝ գնահատելով մեր քաղաքի կարեւոր դիրքն ու բիզնեսի աճի ներուժը: Մենք շատ ուրախ ենք եւ հպարտ, որ բաժնետէրերի մեծ մասը հայ են, եւ վերջապէս ունենք հայկական կապիտալով բանկ Միացեալ Նահանգներում եւ մասնաւորապէս այստեղ», նշեց Գլենդելի քաղխորհրդի անդամ Զարեհ Սինանեանը՝ վստահութիւն յայտնելով, որ առաջիկայում բանկը կը բազմապատկի կապիտալի չափերը եւ լուրջ ներկայութիւն կ՛ունենայ ոչ միայն Հարաւային, նաեւ ողջ Կալիֆորնիայում, եւ միաժամանակ կը նպաստի Գլենդելի զարգացմանը։
«Գոլդըն Սթէյթ» բանկը գործում է քաղաքի գործարար կենտրոնում՝ 500 Բրենդ բլվ.ում գտնուող շէնքի 23րդ յարկում: Բացման հանդիսաւոր արարողութեանը ներկայ էին ֆինանսական, քաղաքական, հասարակական գործիչներ, «Գոլդըն Սթէյթ» բանկի երկարամայ յաճախորդներ: Նրանք շնորհաւորեցին եւ յաջողութիւն մաղթեցին բաժնետէրերին ու աշխատակիցներին: «Գոլդըն Սթէյթ» բանկի ղեկավարները հաւաստիացրին, որ անելու են հնարաւորը՝ գործարար համայնքին լաւագոյն ծառայութիւններ մատուցելու համար: