Նախագահը Ցաւակցութիւն Յայտնած Է Մեծանուն Դերասանուհի Վարդուհի Վարդերեսեանի Մահուան Կապակցութեամբ

Նախագահ Սերժ Սարգսեան այսօր ցաւակցական հեռագիր յղած է Վարդերեսեաններու եւ Աբաջեաններու ընտանիքին` հայ թատրոնի եւ սինեմայի մեծանուն դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արուեստագիտուհի, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Վարդուհի Վարդերեսեանի մահուան կապակցութեամբ:

«Վարդուհի Վարդերեսեանը հայ բեմի այն վարպետներից էր, ով հայրենի մշակոյթին տասնամեակների նուիրուածութեան, ստեղծած վառ եւ տպաւորիչ կերպարների շնորհիւ վայելում էր հայրենակիցների սէրն ու համակրանքը: Նրա կերտած հերոսներն ընդմիշտ կը մնան հայ թատրոնի եւ կինոյի պատմութեան, ինչպէս նաեւ արուեստի բազմահազար երկրպագուների յիշողութեան մէջ:

Խորին ցաւակցութիւն եմ յայտնում անուանի մտաւորականի ընտանիքին, հարազատներին եւ գործընկերներին»,-ըսուած է ՀՀ Նախագահի ցաւակցական հեռագիրին մէջ:

 

Scroll Up