Նախագահ Սերժ Սարգսեանի ուղերձը «Հայոց ցեղասպանութիւն-100. ճանաչումից` հատուցում» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներուն

Գիտաժողովի յարգելի՛ մասնակիցներ,
տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ի սրտէ ողջունում եմ ձեզ «Հայոց ցեղասպանութիւն-100. ճանաչումից` հատուցում» թեմայով միջազգային գիտաժողովի բացման առիթով:
Դեռեւս 1916 թուականին ֆրանսիացի մեծ գրող եւ հումանիստ Անատոլ Ֆրանսը նշում էր. «Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց կը վերածնուի: Այն մի փոքր արիւնը, որ դեռ մնում է, թանկագին է, ու դրանից մի հերոսական սերունդ է ծնուելու: Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել` չի մեռնի»: Այո՛, մեր ժողովուրդը չմեռաւ, վերածնուեց, վերակերտեց իր պետականութիւնը եւ այսօր հանդէս է գալիս որպէս պահանջատէր` արդարութեան պահանջատէր, իսկ դա ենթադրում է լուրջ նախապատրաստական, այդ թւում նաեւ հետազօտական աշխատանք:
Պատահական չէ, որ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած բազմաթիւ միջոցառումների ցանկում ուրոյն տեղ են գրաւում գիտահետազօտական բնոյթի համաժողովները: Կարծում եմ` այսօր բացուող գիտաժողովն առանձնանում է նրանով, որ կրելով «Ճանաչումից` հատուցում» ենթախորագիրը եւ նուիրուած լինելով Հայոց ցեղասպանութեանն առնչուող խնդիրների լայն շրջանակը յետագայում աւելի խորացուած ուսումնասիրելուն, միաժամանակ յատուկ ուշադրութիւն է յատկացնում այդ ծանրագոյն յանցագործութեան հետեւանքների վերացման ու հատուցման հիմնահարցերին:
Կրկին ողջունելով այս կարեւոր գիտաժողովի կազմակերպիչներին` Հայաստանի Հանրապետութեան գիտութիւնների ազգային ակադեմիային եւ Երեւանի պետական համալսարանին, մասնակիցներին մաղթում եմ բեղմնաւոր աշխատանք: