ՀՀ Նախագահը ելոյթ ունեցած է ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի նստաշրջանին

Նախագահ Սերժ Սարգսեան Սեպտեմբեր 29-ին Նիւ Եորքի մէջ մասնակցած է ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, ուր հանդէս եկած է ելոյթով:
***
Նախագահ Սերժ Սարգսեանի ելոյթը ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին
Յարգելի նախագահ Լիկետոֆտ,
Շնորհաւորում եմ Ձեզ Միաւորուած ազգերի կազմակերպութեան Գլխաւոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի նախագահի պատուաւոր պաշտօնում ընտրուելու կապակցութեամբ: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարութեամբ յոբելեանական այս նստաշրջանը կ’արդարացնի բոլորիս ակնկալիքները:
Յարգելի՛ պատուիրակներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Շնորհաւորում եմ նաեւ մեզ բոլորիս Միաւորուած ազգերի կազմակերպութեան 70-րդ տարեդարձի կապակցութեամբ: Այս կազմակերպութեան ստեղծումը մարդկութեան մեծագոյն նուաճումներից է, որը ժողովուրդներին համախմբել է` միաւորելով ընդհանուր իղձերի եւ սկզբունքների շուրջ: Անցած 70 տարիները բնորոշուեցին կարեւորագոյն դրական զարգացումներով` վերջ դրուեց գաղութատիրութեանը, ռասայական խտրականութեանն ու ապարտէիդին: Աշխարհի ժողովուրդներին հնարաւորութիւն տրուեց ինքնորոշուելու, պետականութիւն կերտելու եւ իրենց ճակատագիրը տնօրինելու իրենց իսկ ստեղծած պետութիւնում` ՄԱԿ-ի անդամների թիւը 51-ից հասցնելով 193-ի:
Այս բոլոր նուաճումներով հանդերձ` պէտք է խոստովանենք, որ ներկայում աշխարհը կանգնած է նոր մարտահրաւէրների առջեւ` ահաբեկչութիւն, ծայրահեղականութիւն, անհանդուրժողականութիւն, տնտեսական ճգնաժամեր, կլիմայի փոփոխութիւն, թմրամիջոցների, զէնքի եւ մարդկանց ու մարդկային օրգանների թրաֆիքինգ, միգրացիոն ճգնաժամ եւ այլն: Այս մարտահրաւէրների շարքը երկար է: Եւ հէնց դրանց դէմ պայքարելու անհրաժեշտութիւնն է, որ մեզ պարտաւորեցնում է վճռականօրէն վերահաստատել մեր համատեղ յանձնառութիւնն այս կազմակերպութեան առաքելութեանն ու նրա Կանոնադրութեանը:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Անցեալ տարի` Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախաշեմին, ես այս ամբիոնից անուն առ անուն շնորհակալութիւն յայտնեցի Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած երկրներին` կոչ անելով ողջ միջազգային հանրութեանը ճանաչման ու դատապարտման միջոցով ցեղասպանութիւնների կրկնութեան դէմ պայքարին նոր թափ հաղորդել:
Այսօր նոյն այս ամբիոնից շնորհակալութիւն եմ յայտնում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին եւ յիշատակում նրա կողմից մատուցուած պատմական պատարագը, Եւրոպայի խորհրդարանին եւ մատնանշում նրա ընդունած բանաձեւը, Գերմանիայի Նախագահին եւ վստահեցնում, որ նրա յայտնի ելոյթն այսուհետ լինելու է մեր ժողովրդի պատմութեան էջերում, Աւստրիայի, Բոլիւիայի, Բրազիլիայի, Լիւքսեմբուրգի, Նիդերլանդների, Չիլիի օրէնսդիր մարմիններին, բազմաթիւ երկրների նահանգային եւ քաղաքային խորհուրդներին, ինչպէս նաեւ տասնեակ ու հարիւրաւոր հասարակական-քաղաքական կառոյցներին:
Շնորհակալութիւն եմ յայտնում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Սերբիայի նախագահներին, ինչպէս նաեւ բազմաթիւ երկրների պատուիրակութիւններին ապրիլի 24-ին Երեւանում Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման արարողութեանը մասնակցելու համար:
Ցեղասպանութիւնների կանխարգելումը միջազգային օրակարգում պահելու մեր հաստատակամութեան մասին են վկայում Մարդու իրաւունքների խորհրդում մեր կողմից պարբերաբար առաջադրուող բանաձեւերը, որոնցից վերջինն ընդունուել է այս տարի: Դրա հիման վրայ էլ օրեր առաջ այս վեհաժողովը դեկտեմբերի 9-ը հռչակեց «ցեղասպանութեան յանցագործութեան զոհերի յիշատակի ու արժանապատուութեան եւ այդ յանցագործութեան կանխարգելման միջազգային օրէ:
Յարգելի՛ ներկաներ,
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգաւորումը շարունակում է մնալ կարեւորագոյն խնդիրներից մէկը մեր տարածաշրջանում: Պէտք է նշեմ, որ Ադրբեջանի վարած ագրեսիւ քաղաքականութեան արդիւնքում այսօր ոչ միայն էական առաջընթաց չկայ խնդրի կարգաւորման բանակցային գործընթացում, այլեւ արձանագրուել է լարուածութեան աճի միտում: Նաւթի վրայ կառուցուած տնտեսութեան սասանման պայմաններում հասունացող ժողովրդական ցասումը խեղդելու համար այդ երկրի բռնակալ ռեժիմը խայտառակ ճնշումները գործիք է դարձրել, ինչը, սակայն, այլեւս անբաւարար է համարում: Հիմա նրան սեփական հասարակութեան ուշադրութիւնը շեղող պատկերներ են պէտք շփման գծից: Ցանկանում եմ վեհաժողովի ուշադրութիւնը հրաւիրել այն փաստի վրայ, որ Ադրբեջանը, ի լրումն տարատեսակ սադրիչ գործողութիւնների, արդէն սկսել է կիրառել խոշոր տրամաչափի հրետանի` կրակի տակ պահելով ինչպէս Հայաստանի Հանրապետութեան, այնպէս էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան սահմանամերձ շրջանների խաղաղ բնակավայրերը: Ընդամէնը մի քանի օր առաջ Հայաստանի սահմանամերձ գօտում ադրբեջանական ռմբահարման զոհ դարձան երեք կին` իրենց տանը, իրենց այգում խաղաղ աշխատող հայ կանայք: Հարց` կա՞յ որեւէ բանական արարած, ով կարող է որեւէ չխեղուած տրամաբանութիւն ցոյց տալ նման վայրագութեան մէջ: Մեզ համար արդէն ակնյայտ է` Ադրբեջանի ղեկավարութիւնը անդառնալիօրէն կորցրել է ոչ միայն իրականութեան զգացողութիւնը, այլեւ մարդկային բոլոր նորմերը:
ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 յայտարարութիւններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարող Ատրպէյճանի` նման ագրեսիւ քաղաքականութեան շարունակուելու դէպքում Հայաստանին այլ ընտրութիւն չի մնում. մենք կ’իրականացնէք անհրաժեշտ իրաւական եւ ռազմաքաղաքական քայլերը` ապահովելու Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անվտանգութիւնն ու խաղաղ զարգացումը:
Թէեւ բոլորի համար էլ վաղուց ակնյայտ է, թէ որ կողմն է հրահրում հրադադարի խախտումները, նշեմ սոսկ մի քանի փաստ:
Տարօրինակ չէ՞ արդեօք, որ Ատրպէյջանը տարիներ շարունակ յամառօրէն հրաժարւում է դիպուկահարներին հետ քաշելու եւ հրադադարի խախտումների մեխանիզմ ստեղծելու` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկից: Հարց է առաջանում` ինչի՞ց է վախենում Ատրպէյճանը:
Տարօրինակ չէ՞, որ Ատրպէյճանում հիւրընկալուած Եւրոպական խաղերի ընթացքում, երբ նրանց անհրաժեշտ էր կայունութեան պատկեր, գրեթէ ոչ մի կրակոց չի հնչել սահմանին, մինչդեռ խաղերից անմիջապէս յետոյ, դրանք լայնօրէն վերսկսուեցին: Չեմ ակնկալում, որ հաւատաք որեւէ կողմի պնդումներին, ընդամէնն ակնկալում եմ, որ ապաւինէք տրամաբանութեանը:
Տարօրինակ չէ՞, որ 21-րդ դարում մեր հարեւանն ամէն օր, առանց յոգնելու, հպարտանում է սպառազինութիւնների գերկուտակմամբ եւ ռազմական պիւտճէի բազմապատկմամբ, որ յամառօրէն շարունակում է հանդէս գալ պատերազմը վերսկսելու սպառնալիքով, ընդ որում դա անում է պետութեան ղեկավարի մակարդակով:
Կարծում եմ` այժմ բոլորի համար է ակնյայտ, թէ ինչու էր Հայաստանը տարիներ շարունակ հետեւողականօրէն յորդորում միջազգային հանրութեանը ոչ թէ ընդհանրական, այլ հասցէական յայտարարութիւններ անել հրադադարի խախտումների վերաբերեալ: Մենք պէտք է հասկանանք, որ խաղաղութեանը եւ անվտանգութեանը սպառնացող նախանշանները քօղարկելու փորձերը կարող են աղէտալի հետեւանքներ ունենալ:
Յարգելի՛ գործընկերներ,
Այսօր մենք ականատեսն ենք Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող անմարդկային դաժանութիւնների: Կրօնական անհանդուրժողականութիւնը յանգեցրել է անդառնալի հետեւանքների: Մենք ամենաուղղակի կերպով ենք զգում տեղի ունեցող վայրագութիւնները, քանզի դրանց հետեւանքով ոչ միայն ոչնչացւում են հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգութեան նմուշները, այլեւ սպանւում եւ փախստական են դառնում Իրաքում եւ Սիրիայում բնակուող բազմաթիւ հայեր: Սիրիացի ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում դժուարութիւնները կիսում է նաեւ դարերով այդ տարածքներում ապրող հայութիւնը: Մենք մեր ուժերի ներածին չափով փորձում ենք օժանդակել փախստականներին. մինչ օրս Հայաստանն ընդունել է աւելի քան 16 հազար փախստական Սիրիայից: Նրանց ընդունման թուով Հայաստանն առաջիններից մէկն է Եւրոպայում:
Հայերը լաւ գիտեն փախստականի տարագիր ճակատագիրը: Հայոց ցեղասպանութեան զոհերի թիւն անհամեմատ մեծ կը լինէր, իսկ վերապրածների ճակատագիրը` շատ աւելի դաժան, եթէ այդ ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին չկանգնէին մեր բարեկամ երկրները: Այսօր յարկ է արժանին մատուցել Գերմանիային, Շուէդիային եւ միւս երկրներին` ցուցաբերուող մարդասիրութեան համար: Ապաստան տալով հարիւր հազարաւոր փախստականների` նրանք վերահաստատեցին, որ օգնութիւնը պարտադիր է թէ՛ իրաւական, թէ՛ մարդասիրական տեսանկիւնից:
Յարգելի՛ գործընկերներ,
Այս տարի բոլորս ականատես եղանք, թէ ինչպէս միասնական եւ համարժէք գործողութիւնների արդիւնքում հնարաւոր դարձաւ հարթել միջազգային նշանակութեան կնճռոտ խնդիրներից մէկը: Մեր անմիջական հարեւանի` Իրանի Իսլամական Հանրապետութեան միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերուեց պատմական նշանակութեան համաձայնութիւն: Շրջադարձային այդ պայմանաւորուածութիւնն անխօս նպաստելու է համաշխարհային մակարդակով ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ու փոխադարձ վստահութեան ամրապնդմանը, ինչը հնարաւոր եղաւ երկարատեւ ու հետեւողական քաղաքական եւ դիւանագիտական ջանքերի շնորհիւ:
Այս ամէնը վկայում է, որ համապատասխան կամքի առկայութեան, հակասութիւնների հարթեցման եւ համագործակցային ոգու շեշտադրման պարագայում իսկապէս կարելի է բարդագոյն խնդիրների համար լուծումներ գտնել: Այս ամբիոնից ցանկանում եմ եւս մէկ անգամ շեշտել դիւանագիտական ջանքերի կիրառման կարեւորութիւնը` յատկապէս փակ սահմանների բացառման նպատակով: Հայաստանը, որի հարեւանները անօրինական շրջափակում են իրականացնում, անթոյլատրելի է համարում 21-րդ դարում միջմշակութային, մարդկային շփումները խաթարող եւ առեւտրային կապերի համար արհեստական խոչընդոտներ ստեղծող անհեռատես քաղաքականութիւնը: Այս համատեքստում կարեւորում ենք դէպի ծով ելք չունեցող զարգացող երկների հարցերով Մակ-ի համաժողովների պարբերաբար անցկացումը: Մենք պատրաստակամ ենք ներդնելու մեր ջանքերը այս գործում, այդ թւում նաեւ թեմայի շուրջ միջանկեալ աշխատաժողովներ հիւրընկալելով մեր երկրում:
Պարո՛ն նախագահ,
Աւարտելով խօսքս` ուզում եմ միանալ բոլոր այն ելոյթ ունեցողներին, ովքեր միահամուռ պայքարի կոչ են անում ընդդէմ խաւարի, վանդալիզմի եւ ատելութեան: Այս պայքարում չկան մեծ եւ փոքր երկրներ, իւրաքանչիւրն ունի իր դերը: Հայաստանը պատրաստ է իր մասնակցութիւնը բերել մեր ընդհանուր պայքարին:
Շնորհակալութիւն: