ՀՅԴ Ճամբարները Որպէս Կամուրջ Հայրենիքի Եւ Սփիւռքի Միջեւ

ՀՅԴի կողմից իրականացուող երիտպատանեկան ճամբար-բանակումների ծրագիրը մեկնարկել է 1993 թուականից, երբ Արցախում պատերազմը դեռ աւարտուած չէր: Ճամբարների կազմակերպման առաջին տարիների հիմնական նպատակն էր Արցախի պատանիների համար հետաքրքիր առօրեայի ապահովումը:

ՀՅԴ կառոյցների կողմից կազմակերպուած առաջին պատանեկան բանակումը՝ սկաուտական անուան տակ, կայացել է 1994թ. Օգոստոսին՝ Մարտունու շրջանի Աշան գիւղում, իսկ առաջին երիտասարդական բանակումը՝ 1993թ. Մայիս-Յունիս ամիսներին՝ Աշանի «Աբունց չափար» տեղամասում:

Աշան գիւղում ճամբարները կազմակերպուել են նաեւ 1994 թուականի Յուլիս ամսին՝ Արտեմիս Գրիգորեանի, Ալինա Խաչատուր-Մովսէսեանի եւ Արամ Ֆրանկեանի պատասխանատուութեամբ:
1994թ. Իրանից Արցախ եկաւ կուսակցական ընկեր Վարուժը, ով Պատարա գիւղի դպրոցի տնօրէն, ՀՅԴ անդամ Ռիտա Մնացականեանի եւ Կարէն Արզումանեանի հետ քննարկեց բանակումներ կազմակերպելու հարցը: Եւ արդէն 1994 թուականի Դեկտեմբերին պատանեկան բանակում կայացաւ նաեւ Պատարա գիւղի դպրոցում: Բանակումին հիմնականում մասնակցում էին Ստեփանակերտի համար 1 դպրոցի եւ Պատարա գիւղի դպրոցի աշակերտները:

«Պատերազմ ապրած պետութիւնը ի վիճակի չէր պատանիների համար ծրագրեր իրակացնելու՝ պատերազմի թողած բացասական երեւոյթներից ազատուելու համար: Այդ պատճառով ՀՅԴ կառոյցները որոշեցին կազմակերպել ամառային բանակումներ, որոնց նպատակն էր՝ պատանիների համար հետաքրքիր ամառային հանգիստ կազմակերպելը: Պատանեկան բանակումները հնարաւորութիւն տուեցին նորից բարձրաձայնել պետական արժէքների, հայրենասիրութեան ու ազգասիրութեան մասին: ՀՅ Դաշնակցութիւնը այդ պատասխանատուութիւնը ստանձնեց 1993թ. մինչեւ այսօր, եւ այդ ծրագիրը կը կրի շարունակական բնոյ»չ, ասում է Ռիտա Մնացականեանը:
ՀՅԴ ծրագրով Արցախի պատանիներին հնարաւորութիւն է տրուել մասնակցելու նաեւ Արցախից դուրս կազմակերպուող բանակումներին:

Ընկերուհի Մարօ Քէշիշեանի հայթայթած ֆինանսական միջոցների շնորհիւ Կարկառ գետի մօտակայքում կազմակերպուող ճամբարները կրել են շարունակական բնոյթ:
1999ին Իրանից եկան Արմոնդ Թահմազեանը, Ժիրայր Շահիջանեանը եւ ուրիշներ դարձան պատանեկան ճամբարների ծրագրի շարունակողներ:

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր ծրագրային դրոյթների համաձայն՝ երիտասարդական թեւերի հետ համատեղ ամէն տարի ամրանը կազմակերպում է աւանդոյթ դարձած բակային ճամբարները:

Պատանեկան ճամբարները նպա-տակաուղղուած են երեխաների մէջ կազմակերպուածութիւն, կարգապահութիւն եւ ազգային ոգի սերմանելու: Ճամբարները նաեւ հնարաւորութիւն են տալիս կապ հաստատելու Սփիւռքում եւ հայրենիքում ապրող երիտասարդների միջեւ, առիթ են ընձեռում, որպէսզի սփիւռքահայ երիտասարդները աւելի մօտիկից եւ աւելի լաւ ծանօթանան հայրենիքում առկայ խնդիրներին:

«Սփիւռքի ՀՅԴ կառոյցների կողմից Արցախում ամառային ճամբարների կազմակերպումը նպատակ ունի արցախցի պատանիների ամառային արձակուրդները հետաքրքիր եւ բովանդակալից դարձնել: Միեւնոյն ժամանակ միտուած են Սփիւռքի եւ Արցախի երիտասարդների միջեւ ամուր կապ հաստատելուն», ասում է Ֆրանսիայի ՀՅԴ «Նոր Սերունդ» երիտասարդական կազմակերպութեան անդամ, Ֆրանսիայի կողմից Արցախում իրականցուող ճամբարի գլխաւոր պատասխանատու Յարութ Շիրինեանը:

Ճամբարների ծրագրերը շատ լայն, հետաքրքիր ու բազմազան են: Նրանց ուսուցանում են ազգային, հայրենասիրական երգեր, հայոց պատմութիւն, կազմակերպւում են զանազան հետաքրքիր խաղեր, ֆիլմի դիտումներ, ձեռագործութիւն եւ այլն:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան երիտասարդական միութիւնների ջանքերով ամէն ամառ Արցախում կեանքի կոչուող պատանեկան ամառային ճամբարներին մասնակցելու հնարաւորութիւն են ունենում արցախցի մօտ 1000 պատանիներ: Ճամբարին կարող են մասնակցել 9-16 տարեկան պատանիներ: Ամառային ճամբարի տեւողութիւնը 2 շաբաթ է:

Արդէն 11 տարի է, ինչ Լիբանանի Զաւարեան ուսանողական միութիւնը (ԶՈՒՄ) Արցախում իրականացնում է տարբեր ծրագրեր, այդ թւում նաեւ կազմակերպում է պատանեկան ճամբարներ՝ «Քաշաթաղը իմ հայրենիքն է» ծրագրով: Զաւարեան ուսանողական միութեան կողմից կազմակերպուած ճամբարների աշխարհագրութիւնը շատ յստակ է. նրանք 10 տարի շարունակ գործունէութիւն են ծաւալում եւ ճամբարներ են կազմակերպում Քաշաթաղի շրջանի տարբեր համայնքներում:

«Ամառային ճամբարների ծրագրին մասնակցող սփիւռքահայ երիտասարդներս ծրագրի շրջանակներում տեսնում ենք հայրենիքի այս հրաշք մասնիկը՝ Արցախը, ծանօթանում նրան, եւ մասնակցելով այս ծրագրին՝ մեր կապը հայրենիքի հետ աւելի է ամրապնդւում:

Այս ճամբարները իւրօրինակ կամուրջ են ստեղծում Սփիւռքի եւ հայրենիքի ու Արցախի երիտասարդների միջեւ: Ծրագրի շրջանակներում հայրենիք են վերադարձել եւ հաստատուել մօտ 10 երիտասարդ: Միւս ընկերները խոստացան ուսումը աւարտելուց յետոյ նոյնպէս հայրենիքում հաստատուել», ասում է ճամբարների շնորհիւ Հայաստանն ու Արցախը ճանաչած եւ արդէն Հայաստանում հաստատուած Փաթիլ Ասլանեանը:

Արեւմտեան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միութիւնը ճամբարների ծրագրերը անց է կացնում 2008 թուականից Հայաստանի Հանրապետութիւնում, իսկ 2010 թուականից՝ նաեւ Արցախում: Մտայղացումը տուել են դաշնակցական երիտասարդներ Սօսէն եւ Ալենը: Հայրենադարձներ Սօսէն եւ Ալենը Հայաստանում ամուսնանալուց յետոյ անմիջապէս հաստատուեցին հայրենիքում՝ օրինակ ծառայելով տասնեակ այլ երիտասարդների համար: Ցաւօք, աւտովթարը խլեց երիտասարդ հայրենադարձների կեանքը:

Արեւմտեան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միութեան ծրագրի շրջանակում ճամբարներն են կազմակերպուել Ստեփանակերտում, Շուշիում, Ասկերանում եւ Մարտունիում: Արեւմտեան Ամերիկայի ծրարին անցեալ տարի միացել են նաեւ Հոլանդիայից 3 ընկերուհի:
Մէկ տարի շարունակ ՀՅԴ միութիւնների անդամները տարբեր ձեռնարկներ են կազմակերպում, որպէսզի իրականութիւն դարձնեն Արցախում ամրանը ճամբար կազմակերպելու ցանկութիւնը:
Արցախում ամառային ճամբարներ կազմակերպելու նախաձեռնութեանը միացել է ԼԵՄը (Լիբանանի երիտասարդական միութիւնը)՝ ճամբարներ իրականացնելով քաղաք Մարտունիում եւ Շուշիում՝ «Անոյշ հայրենիք» խորագրով:

Արդէն 3րդ տարին է, ինչ ամառային ճամբարների ծրագրեր է կազմակերպում նաեւ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միութիւնը:

Այս տարի Արցախում նախատեսւում է իրակացնել 6 պատանեկան ճամբարներ, որոնք կը կազմակերպուեն Ստեփանակերտում, Շուշիում, Ասկերանի շրջանի Աստղաշէն համայնքում, Մարտունիում եւ Քաշաթաղի շրջանի Միջնաւան համայնքում:

Ճամբարներն արդէն մեկնարկել են Ստեփանակերտի թիւ 2րդ դպրոցում եւ Ասկերանի շրջանի Աստղաշէն համայնքում:

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ

Asbarez

Scroll Up