Արտաշէս Քասախեանին Զօրակցութիւն Են Յայտնում Հայ Համայնքի Եւ Ամերիկեան Յայտնի Գործիչներ

Արտաշէս Արդի Քասախեանը, ով ներկայում Գլենդելի քաղաքապետարանի քարտուղարն է, առաջադրել է թեկնածութիւնը նահանգի խորհրդարանի անդամի համար՝ 43րդ ընտրատարածքից: Քաղաքականութեան մէջ շուրջ քսան տարի մասնակցութեամբ, Քասախեանը զգալի ներդրում ունի քաղաքի, շրջանի զարգացման գործում, նաեւ՝ հայ համայնքում, եւ իր գործունէութեամբ սիրուած ու գնահատուած է քաղաքական, հասարակական գործիչների եւ հանրութեան կողմից: Դրա եւս մէկ վկայութիւնն էր Արդի Քասախեանին աջակցելու նպատակով, Յունիսի 30ին Գլենդելի «Ֆընիշիա» ճաշասրահում հաւաքուած հայ համայնքից եւ ամերիկեան շրջանակներից աւելի քան երկու հարիւր անձանց ներկայութիւնը:

Նախընտրական արշաւի կարեւոր բաղադրիչներից են ֆինանսական միջոցները, որոնց հիմնական աղբիւրը դրամահաւաքներն են, եւ նուիրատուութիւնների արդիւնքը որոշիչ է արշաւի յետագայի համար: Իրենց հայանպաստ գործունէութեամբ համայնքում յայտնի երկու ընտանիքներ՝ Գրեգ եւ Քերոլայն Թուֆենքեաններն ու Գեւիկ եւ Փոլա Բաղդասարեանները, Արտաշէս Քասախեանին զօրակցութիւնը համարում են նաեւ համայնքի առաջնահերթութիւններից, եւ այս նպատակով կազմակերպել էին արշաւի մեկնարկի համար անհրաժեշտ գումարի դրամահաւաքի ձեռնարկ:

«Արտաշէսին ճանաչում եմ համալսարանական տարիներից, եւ առաջին բնորոշիչը, որ կարող եմ ասել նրա մասին, այն է, որ միշտ պատրաստ է օգնելու եւ օգնում է բոլորին: Շատ ջերմ եւ արձագանգող անձ է, եւ սիրուած ու գնահատուած է ոչ միայն հայ համայնքում: Երբ այս երեկոյի համար հրաւէրներ էինք ուղարկում, երբեւէ դժուարութիւն չունեցանք, ինչպէս լինում է սովորաբար քաղաքական գործիչների համար դրամահաւաքների դէպքում:

Բոլորը միանգամից եւ շատ պատրաստակամ արձագանգեցին», նշեց Գեւիկ Բաղդասարեանը: Նրա խօսքերի ապացոյցն էր ձեռնարկին ներկայ տարբեր ազգերի ու տարիքային խմբերի ջերմ վերաբերմունքն ու խօսքը Քասախեանի մասին: «Ես վաղուց եմ ճանաչում Արտաշէսին, կարելի է ասել՝ նա իմ աչքի առաջ է մեծացել, եւ ծանօթ եմ նրա կեանքին ու գործունէութեանը: Նա լաւ մարդ է՝ կիրթ ու գործող, լաւ հայ է եւ լաւ ամերիկացի:

Համոզուած եմ, որ նա կը շարունակի արդիւնաւէտ աշխատանքը ե՛ւ հայկական հարցերի, ե՛ւ երկրի զարգացման ուղղութեամբ, որպէս արժանի քաղաքացի: Այս պատճառով է, որ մեր ողջ ընտանիքն աջակցում է Քասախեանին», նշեց մեծ բարերար Սավի Թուֆենքեանը: «Արտաշէսն այն հազուադէպ քաղաքական գործիչներից է, որ շատ ազնիւ է եւ միշտ եղել է բաց ու թափանցիկ իր գործում: Քասախեանի ընտրութեան դէպքում շահելու են թէ՛ հայ համայնքը, թէ՛ բոլոր քաղաքացիները», իր կարծիքը կիսեց ճանաչուած բժիշկ Արմէն Քասաբեանը:

0702ardy1Ձեռնարկի պաշտօնական հատուածում Գրեգ եւ Քերոլայն Թուֆենքեաններն ու Գեւիկ Բաղդասարեանն անդրադարձան Արտաշէս Քասախեանի գործունէութան որոշ հատուածների՝ կարեւորելով համայնքի համախմբուած աջակցութիւնը մեր թեկնածուին: Ելոյթի խօսքով հանդէս եկաւ Կալիֆորնիայի գանձապետ Ջոն Չանգը՝ նշելով, որ Արտաշէս Քասախեանն այն թեկնածուն է, ում կարիքն այսօր առաւել է զգացւում նահանգի օրէնսդիր մարմնում: «Արդին մեծ մտահորիզոն ունեցող, բայց նաեւ շատ համեստ այն գործիչներից է, ով մեծ աշխատանք կարող է կատարել մեր նահանգի համար: Կալիֆորնիան այսօր բազմաթիւ խնդիրներ ունի, այդ թւում՝ տնտեսական, եւ ապագայի համար կարիք կայ այնպիսի գործիչների, ովքեր տեղեկացուած են, նուիրուած եւ պատրաստ բարեփոխումների: Արդին կարող է լուրջ քաղաքականութիւն վարել՝ ներգրաւելով նաեւ արժանիներին: Այս առումով չափազանց կարեւոր է մասնակցութիւնն ընտրութիւններին ու աջակցութիւնը», նշեց Միացեալ Նահանգների քաղաքական շրջանակներում մեծ հեղինակութիւն ունեցող գործիչ Ջոն Չանգը՝ ներկաներին կոչ անելով յոտընկայս ծափահարել Կալիֆորնիայի խորհրդարանի ապագայ անդամի համար: Աջակցութեան խօսքով ելոյթ ունեցաւ Մոնթեբելլոյի քաղաքապետ Ջէք Հաջինեանը: Քասախեանին իրենց զօրակցութիւնն էին յայտնել նաեւ Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարեանն ու քաղխորհրդի անդամ Զարեհ Սինանեանը:

Դիմելով ներկաներին՝ Արտաշէս Քասախեանը շնորհակալութիւն յայտնեց աջակցութեան համար, յատկապէս համայնքի, իր խօսքով, «հիմնասիւններից համարուող Թուֆենքեան եւ Բաղդասարեան ընտանիքներին՝ ձեռնարկը կազմակերպելու համար», եւ ներկայացրեց իր ծրագրային առաջնահերթութիւնները: Աւելի քան երեսուն տարի Կալիֆորնիայում բնակուող եւ շուրջ երկու տասնամեակ քաղաքականութեամբ զբաղուող Քասախեանը նշեց, որ քաջատեղեակ է նահանգի խնդիրներին եւ ունի լուծման յստակ առաջարկներ: «Չափազանց կարեւոր եմ համարում կրթութեան հարցը, եւ այս առումով առաջնային է ապահովել պետական կրթօջախների համար անհրաժեշտ բիւջէ: Ցաւօք, վերջին տարիներին, պետութեան կողմից քոլեջներին, համալսարաններին յատկացուող ֆինանսներն անընդհատ կրճատուել են, եւ կարիք կայ կասեցնելու այս միտումն ու հակառակ գործընթաց իրականացնելու:

Կրթութիւնը նաեւ այն հիմնական պատճառներից է, որ աճում է յանցագործութիւնների թիւը, եւ բանտերը գերհագեցած են: Ես դէմ եմ նոր բանտերի կառուցմանը՝ փոխարէնը պէտք է ստեղծել կրթուելու եւ օգտակար զբաղմունքների համար անհրաժեշտ հաստատութիւններ մեր պատանիների համար: Առաջնահերթութիւն է նաեւ Կալիֆորնիայի տնտեսական իրավիճակը: Տարբեր ոլորտներում արդիւնաբերողներ հեռանում են նահանգից, այդ թւում՝ կինոարդիւնաբերութիւնը, որ հսկայածաւալ աշխատատեղեր է ստեղծում: Այս միտումը պէտք է կագնեցնել եւ պայմաններ ստեղծել՝ ներգրաւուելու նոր ոլորտներ», «Ասպարէզ»ին յայտնեց Արդի Քասախեանը: Անդրադառնալով հայկական հարցերին, նա նշեց, որ ամենահայաշատ նահանգում վերջերս բաւական ակտիւ աշխատանքներ է տանում թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան, եւ այս խնդրի ուղղութեամբ Քասախեանն անհրաժեշտ է համարում համակարգուած մօտեցումը:

Արտաշէս Քասախեանի ծրագրերը կարող են իրականութիւն դառնալ, եթէ հայ համայնքը միասնաբար զօրակցի հայ թեկնածուին 2016 թուականի ընտրութիւններում: Այս նպատակով, առաջին հերթին, 43րդ ընտրատարածքում բնակուող ամերիկահայերը պէտք է արձանագրուեն եւ այնուհետեւ մասնակցեն ընտրութիւններին: Անսանք Արտաշէս Քասախեանի «Օգնէք ինձ, որ օգնեմ ձեզ» յորդորին եւ հզօրացնենք մեր ձայնը նահանգում:

Տեղեկանք.- 43րդ ընտրատարածքը ներառում է ամենահայաբնակ քաղաքներից Գլենդելը, Հոլիվուդը, Լա Քրեսենտան, Լա Քանեադան, Լոս Ֆելիզը: Ըստ այդմ, չափազանց կարեւոր է, որ ամերիկահայերը բարձր մասնակցութիւն ունենան 2016ի ընտրութիւններում, քանզի մեր համայնքի ձայնը վճռորոշ է լինելու այս ընտրատարածքի թեկնածուի համար:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Ասպարեզ

Scroll Up