Հայ Երաժշտութեան Զարգացումը՝ Ըստ Փուլերի – Երեք Դասախօսութիւն

Շատ արագ առաջադրանք տր-ուեց գրել Հայ երաժշտութեան լսարանի դասախօսութիւնների ծրագրի մասին: Պէտք էր տեսնուել Տիգրան Մանսուրեանի հետ աշխատանքային ժամերից յետոյ, իսկ ուշ ժամից վերջ էլ՝ գրառել զրոյցը: Մանսուրեանը տուել էր իր բացատրութիւնները: Խօսակցութիւնը հասել էր աւարտին, ու յանկարծ, վերյիշելով մի զրոյց, կարծես ինքնիրեն հաստատելու համար ասաց.
«Վաչէի հետ ես խօսեցի հայ երգի մասին, տարբեր փուլերով, սկզբից մինչեւ Ռ. Մելիքեան, Յարօ Ստեփանեան, եւ ներկայացրի մեր երաժշտութեան բզկտուածութիւնը: Երբ առնչւում ես աւստրիական, գերմանական, ֆրանսիական, իտալական երաժշտութեան հետ, ունես յատուկ շրջանակ՝ դասական եւ ժողովրդական երաժշտութեան, որոնք ըստ էութեան հեռու չեն իրարից, մէկ ամբողջութիւն են: Երբ հայկականն է, այնքան տարբեր են, այնքան իրարամերժ են նոյն՝ երգ կոչուածի սահմաններում՝ հայ հոգեւոր երգ, հայ գուսանական-աշուղական երգ, հայ գեղջկական երգ, քաղաքային երգ, «կիթառ-բռնող», «երգ ասող»ի հեղինակային երգ (ֆրանսիական շանսոնիէի նմանութեամբ), ռաբիս, նոր շրջանի էստրադային երգեր, որոնց գեղագիտութիւնը, գոյացման շարժառիթները, ձայնահամակարգը, որեւէ մէկը կապ չունի միւսի հետ:
Այս պարագային մենք թեւածում ենք Արեւելքից Արեւմուտք, եւ բոլոր երգերն էլ ունկնդիր ունեն: Մեր պատկերը մանր խճաքարերից կազմուած «մոզայիկ» (խճանկար) է: Առ այսօր մեր բանաւոր եւ գրաւոր երաժշտութիւնը, որ իրենց նկարագրի հզօր արտայայտութիւններն ունեն, ընկալւում են իբրեւ առճակատման մէջ գտնուող երաժշտական իրականութիւններ: Այստեղից էլ գոյանում է ժողովրդի մէջ տարածուած գիտութեամբ «չալելու» (նուագելու)՝ դասական երաժշտութեան տրուած կիսաարհամարհական, կիսաերկիւղած վերաբերմունքը: Բոլորը մերն են, եւ պէտք է տէր կանգնենք»:
Ու մտածում ես, ազգային մասնատուածութիւնը միթէ՞ կարող է այսքան նոյնանալ երգարուեստի հետ, դառնալով հայելին մեր բազմատեսակ հայ լինելու պատկերի:
Այնուհանդերձ, քանի որ բոլորն էլ մեզ են պատկանում, սեփականատիրոջ իրաւունքով ընդունում ենք մեր ունեցուածքը:
***
Շուրջ երկու տասնամեակ է հայրենի երգահան Տիգրան Մանսուրեանը ստեղծագործական սերտ կապերի մէջ է «Լարք» երաժշտանոցի եւ մասնաւորաբար Վաչէ Պարսումեանի հետ:
Տարիների ընթացքին այս համագործակցութիւնը տարբեր արտայայտութիւններ է ստացել. «Դիլիջան» համերգաշարին մշ-տապէս մասնակցելուց սկսած մինչեւ ուսանողական բաց համերգներին որպէս ունկնդիր ներկայ լինելը:
Երեք զրոյցների այս շարքը գոյացել է անսպասելիօրէն, Մանսուրեան-Պարսումեան՝ թէյի շուրջ զրոյցների ընդմիջից, երբ խօսք ու զրոյց է եղել հայ երաժշտութեան, հայ երգի, հայ կոմպոզիտորական արուեստի հարցերի շուրջ: Այս զրոյցների անմիջական հետեւանքը լրջանալով՝ դարձել է այս երեք երեկոների ծրագիրը: Պարսումեանի ցանկութիւնն է եղել պարզ այս զրոյցը այլեւս ծրագրող շրջանակի մէջ դնել եւ այնուհետեւ այն ներկայացնել ուսումնական հաստատութեանը եւ նրա շուրջ գտնուող երաժշտասէր եւ հետաքրքրուած հանրութեանը:
Երեք երեկոների ընթացքի զարգացող ծրագիրը բոլորովին չի հաւակնում հայ երաժշտութեան պատմական զարգացման քիչ թէ շատ համակարգուած գիտական վերլուծութիւն լինել: Եղածը թերեւս աւելի շատ կարող է բնորոշել հայ հեղինակի մտորումները, պրպտումները մեր երաժշտութեան անցեալի եւ ներկայի հետ կապուած:
Երեկոն ծրագրուած է այնպէս, որ խօսք եւ երաժշտութիւն, վերլուծութիւն եւ երաժշտական օրինակ իրար լրացնեն՝ վերլուծական միտքը գեղագիտական վայելքի հետ զուգակցելով: Ուրեմն դասախօսութիւնները մերթ ընդ մերթ կ՛ընդմիջուեն երաժշտական կտորներով, որոնք կը ներկայացուեն ձայնագրութիւն-տեսագրութիւններով:
Հրաւիրուած է մշակութասէր հանրութիւնը:
Դասախօսութիւնների շարքը հետեւեալն է.
1.- Մինչ-Կոմպոզիտորական Արուեստ
Երկուշաբթի, Փետրուար 23, 2015
2.- Երգի Տիրոյթ
Երեքշաբթի, Փետրուար 24, 2015
3.- Երաժշտա-Կառուցողական Միտք
Չորեքշաբթի, Փետրուար 25, 2015
Դասախօսութիւնները ամէն օր կը կայանան երեկոյեան ժամը 8ին, Լարք երաժշտական ընկերակցութեան «Դրբանճեան» սրահում: Հասցէն՝ 543 Arden Ave. Glendale, CA 91203:
Գրառեց՝ ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
http://asbarez.com/