Մօթէվիտէօյի Համազգայինի «ՇԻՐԱԶ» պարախումբի փառաւոր համերգ

Կիրակի՝ 24 Նոյեմբեր 2013 տօնական օր մը հանդիսացաւ բոլոր անոնց, որոնք ապրեցան իսկական վայելքը  մեր ժողովրդական պարարուեստին։ Ուրախութիւն, յուզում, հպարտութիւն և արցունքներ ընկերակցեցան մեզի, երբ  ՆՕԹԱՐԻԱՏՕ  թատրոնի բեմի լոյսերը շողացին, և հնչեց հայոց զուռնան։

Մեր տղաքն էին, որոնք հայկական քոչարիով  թնդացուցին բեմը, իսկ մեր նազանի աղջիկներու պարերը անգամ մը ևս հաստատեցին մեծն Չարենցի խօսքերը՝ «Ու Նայիրեան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում»։

Բոլորս ալ սիրեցինք մեր տղոց և աղջիկներու պարերը, իրենց ինքնավստահութիւնը, քաղցր ժպիտը, խրոխտ և առնական, նուրբ և բարեհամբիւր  կատարումները։

Ինչ ըսել մեր պատանի և փոքր պարմաններու մասնակցութեան, անոնց անվախ կեցուածքին, սէրը դէպի հայկական պարը, որու դիմաց սրահը թնդաց ծափերով և կոչերով՝ յուզումնալի վայրկեաններ ստեղծելով։ Հպարտացանք և յոյսով լեցուեցանք, քանի որ հոն, բեմի վրայ, տեսանք  «ՇԻՐԱԶ»  պարախումբի ապագան, որ հաստատ քայլերով շարունակողը պիտի ըլլայ մեր պարային մշակոյթին։  Այս փողփոջներն են,  որոնք պիտի ծաղկեցնեն մեր մշակոյթի այդ ոլորտը։

Պարախումբի գեղարուեստական ղեկավար և պարի ուսուցիչ, մայէսթրօ Վահրամ Համբարձումեանը, որ Պոյնէս Այրէսի «ԳՈԼՈՆ» աշխարհահռչակ թատրոնի պալէի առաջին մենակատարն է նաև, միևնոյն թատրոնի մենապարուհիի մը հետ, Ա. Խաչատուրեանի «ՍՊԱՐՏԱԿ»  պալէէն հատուած մը ներկայացուց, ուր ի յայտ եկաւ իր արհեստավարժ մենակատարի տաղանդը, որ այդ շքեղ համերգը հասցուց իր գագաթնակէտին։

Անշուշտ, այդ համերգի յաջողութեան ետին ամիսներու աշխատանք կար, փոքրիկ բանակ մը, որ օժանդակեց, հոգաց բոլոր անհրաժեշտ և պիտանի առարկաները, որպէսզի այդ ժողովրդական ներկայացումը հասներ սպասուած արդիւնքին և յաջողութեան։

Կարօ Հէքիմեան

P1040177 1454545_10202015994315825_1766143386_n 1458685_10202015726909140_1635787584_n 1469916_10202015751349751_984574006_n Copia de P1040167 Copia de P1040169ՄօթէվիտէօՈւրուկուայ

Scroll Up