Արձագանքներ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթից
Ինչպես արդեն հաղորդել ենք, Երեւանում տեղի է ունենում Արամ Խաչատրյանի անվան 7-րդ միջազգային մրցույթը` Դաշնամուր եւ Կոմպոզիցիա անվանակարգերում: «Հայերն այսօրի» թղթակիցը զրուցել է Արամ Խաչատրյանի անվան մրցույթի Դաշնամուր անվանակարգի հանձնաժողովի անդամներ Յուրի Հայրապետյանի եւ Ռուստեմ Հայրուդինոֆի հետ:
Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Ռուստեմ Հայրուդինոֆ. Մասնակիցը պետք է ասելիք ունենա
-Առաջին անգամ եք ընդգրկվել ժյուրիի կազմում, ի՞նչ կարող եք ասել մրցույթի մասին:
-Հաճույքով կարող եմ նշել, որ փառատոնի մակարդակը շատ բարձր է: Կարևորն այն չէ, թե մասնակիցը կարողանում է նվագել, թե ոչ. եթե նման փառատոնի է մասնակցում, ուրեմն նվագել գիտի: Մասնակիցը պետք է ասելիք ունենա. շատ կարևոր է, թե նա ինչպես է զգում ստեղծագործությունը: Մենք դասական երաժշտությամբ ենք զբաղվում. ի տարբերություն պոպ երաժշտության, ջազի` նվագում ենք ստեղծագործություններ, որոնք հնչում են հարյուրամյակներ շարունակ: Դասական արվեստը կարող է գոյատևել միայն այն դեպքում, երբ ստեղծագործությունը յուրովի ենք մատուցում` շնորհիվ մեր խորաթափանցության, կրքերի, սիրո, կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքի: Կան մասնակիցներ, որոնց մոտ այդ ամենն արդեն նկատվում է: Հնարավոր է, որ ես այդ ամենի հետ համաձայն չլինեմ, բայց դա արդեն մոտեցման խնդիր է: Ես փնտրում եմ կատարողական վարպետություն, գունեղ կատարում: Եթե մասնակիցը չունի այդ ամենը, ապա հետագայում նրա մոտ դժվար թե արտահայտվի:
-Ի ՞նչ խորհուրդ կարող եք տալ մասնակիցներին:
-Մոռանան, որ սա մրցույթ է, սպորտային պայքար և փորձեն նվագել իրենց հաճույքի համար`վայելելով երաժշտության կախարդանքը: Մոռանան ժյուրիի մասին: Ի վերջո, մենք նույնպես ցանկանում ենք ինքնատիպ ու հետաքրքիր կատարում ունկնդրել:
-Իսկ ինչպե՞ս կարելի է հաղթահարել այդ ամենը:
-Շատ դժվար է, տարիներ առաջ ես նույնպես մրցույթների եմ մասնակցել և գիտեմ, թե ինչ է զգում մասնակիցն այդ պահին: Շատ հաճախ հաղթում է ոչ թե ամենատաղանդավորը, այլ նա, ում նյարդերն ավելի ամուր են: Ի վերջո, սա սպորտ է, մրցություն: Եթե մասնակիցները կարողանան այս ամենի մասին մոռանալ, արդյունքներն ավելի լավը կլինեն: Պատմությունից է հայտնի, որ եղել են անկրկնելի երաժիշտներ, ինչպիսիք են Ստանիսլավ Նիգալովը, Սաֆրոնիցկին, Ալֆրեդ Կորտոն, ովքեր երբեք չէին կարողանա մրցույթների մասնակցել: Նրբազգաց մարդիկ շատ խոցելի են, նրանց նյարդային համակարգն այլ կերպ է զարգացած: Նրանք չեն կարող մեքենայի պես աշխատել, և դժվար է ակնկալել, որ անթերի լինեն ողջ կատարման ընթացքում: Բայց նրանք այն երաժիշտներն են, որոնց համերգերին դահլիճները լեփ-լեցուն են լինում, ովքեր ասելիք ունեն, և առ այսօր մարդիկ շարունակում են նրանց հաճույքով լսել: Մարդիկ գնում էին Սաֆրոնիցկուն լսելու, որ մաքրագործվեն, ինչպես եկեղեցի մտնելիս: Եթե մրցույթի մասնակցեին, հաստատ երկրորդ փուլ չէին անցնի: Ես ոչ թե մարզիկներ եմ փնտրում, այլ ցանկանում եմ, որ կատարումն ինձ հուզի, խառնի իմ ողջ ներաշխարհը: Նույնը նաև սովորական ունկնդիրն է պահանջում: Նրան չես զարմացնի ամենաարագ, ամենամաքուր կատարմամբ: Կարևորը երաժշտության ներգործությունն է, այն, թե երաժշտության հնչյուններն ինչպես են «խոսում» քեզ հետ:
Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Յուրի Հայրապետյան. Արդյունքներն ամեն տարի տարբեր են
-Պարո՛ն Հայրապետյան, ի՞նչ կարղ եք ասել մրցույթի մասին:
-Առաջին անգամ եմ ընդգրկվել Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի կազմում: Շատ լավ մասնակիցներ կան. մրցույթը նոր է սկսվել, և ավելին ասել չեմ կարող: Փառատոնը բարձր մակարդակով է կազմակերպված ու տարեցտարի ավելի մեծ հեղինակություն և ճանաչում է ձեռք բերում: Մասնակցում են երաժիշտներ տարբեր երկրներից:
-Ըստ Ձեզ` հատկապես ինչի՞շնորհիվ է Ա. Խաչատրյանի անվան մրցույթը նման ճանաչում ձեռք բերել:
-Կազմակերպիչների, ժյուրիի կազմում ընգրկված պրոֆեսիոնալ մասնագետների շնորհիվ, ովքեր միշտ ջանում են մրցույթի հեղինակությունը բարձրացնել: Բնականաբար, արդյունքներն ամեն տարի տարբեր են:
-Պարո՛ն Հայրապետյան, դուք դասավանդու ՞մ եք:
-Դասավանդում եմ Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում, 23 ուսանող ունեմ: Նրանցից մեկը`Սոնա Արշակյանը, մասնակցում է մրցույթին:
Զրուցեց Լուսինե Աբրահամյանը