Մենք պատվով կատարեցինք մեր առջեւ դրված խնդիրը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի  26-29-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած երգչախմբային երաժշտության  «Musica sacra» 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնին Հայաստանը ներկայացնող «Փարոս» կամերային երգչախումբը, որի անդամների մեծ մասը սայլակ օգտագործող հաշմանդամներ են,հայրենիք վերադարձավ հարուստ «ավարով»` 2 բրոնզե և մեկ հատուկ մրցանակ: Երևան վերադառնալու հաջորդ օրն իսկ երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Րաֆֆի Միքայելյանն այցելեց «Հայերն այսօրի» խմբագրություն:

Ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը Րաֆֆի Միքայելյանի հետ:

-Շնորհավորում ենք փայլուն հաղթանակի համար: Րաֆֆի´,  բրատիսլավյան մրցույթ-փառատոնին նմանատիպ երգչախմբեր էլի՞ կային. ես նկատի ունեմ`սայլակավոր հաշմանդամներից կազմված:

-Ո´չ, միայն «Փարոսն» էր: Սակայն դա որևէ կերպ մեր հանդեպ «հատուկ» վերաբերմունքի առիթ չէր կարող լինել:Մրցութային հանձնաժողովը ղեկավարվում էր բացառապես պրոֆեսիոնալ մոտեցումներով,և մեր երգչախմբի նվաճած պարգևները վաստակել ենք արժանիորեն:

-Երկու բրոնզ և մեկ հատուկ մրցանակ; Փակագծերը բացենք. ի՞նչ է դա նշանակում: 

-Նախ ասեմ,որ մրցութային ծրագիրը բազմազան էր; Կար տարիքային տարբերակում` մանկական և երիտասարդական երգչախմբերի անվանակարգեր: Այնուհետև`ըստ քանակային կազմի`մինչև 12,15, 16-23 և 24 հոգուց ավելի կազմ ունեցող խմբերի համար: Մենք հանդես եկանք 16-23-ի շրջանակներում և բրոնզե պարգևների արժանացանք «Կամերային երգչախումբ» և  «Եկեղեցական (հոգևոր) երաժշտություն» անվանակարգերում: Ասեմ,որ այդ անվանակարգերում  Գրան  պրի և Ոսկե մեդալ չստացավ ոչ ոք: Այնպես որ` մենք 2-րդն էինք: Իսկ հատուկ մրցանակ ստացավ միայն «Փարոսը»` «Հայկական երաժշտությունը ներկայացնելու համար»: Փաստորեն մեր երգչախումբը միակն էր, որ արժանացավ առավելագույն`երեք մրցանակի:

-Ովքե՞ր էին ձեր մրցակիցները, ընդհանրապես` մրցույթի մասնակիցները. միայն սիրողական խմբե՞ր…

-Ճիշտ ասած` մենք էլ նախապես կարծում էինք, թե միայն սիրողական երգչախմբեր պիտի լինեին: Բայց պարզվեց, որ ո´չ. սիրողականներից ոչ պակաս թվով մրցույթին մասնակցում էին նաեւ բավականին հայտնի պրոֆեսիոնալ երգչախմբեր, այդ թվում` 2 Ակադեմիական երգչախումբ` Լեհաստանից ու Սլովակիայից: Մասնակիցների ընդհանուր մակարդակը շատ բարձր էր, եւ եղավ մի պահ, երբ սկեցի կասակածել` մրցանակ կվերցնե՞նք, թե՞ ոչ:

-Բա՞յց…

-Բայց, փառք Աստծո, պրոֆեսիոնալների կողքին գլխիկոր չմնացինք. երեւի լավ երգեցինք (ասում են` շատ լավ ենք երգել), ինչը գնահատեց նաեւ մրցութային հանձնաժողովը: Եթե սրան ավելացնեմ, որ մրցույթից անմիջապես առաջ տենորների առանց այն էլ փոքր խումբը (4 հոգի) մեկ հոգով էլ պակասեց (պարզվեց, որ գլխավոր մենակատարը շտապ վիրահատության կարիք ունի եւ պետք է վերադառնա Երեւան), ինչի պատճառով վերջին պահին ստիպված էինք ձայնախմբեր փոխել, եւ դրանով հանդերձ արժանացանք մրցանակների, ապա վստահաբար կարելի է ասել, որ մենք պատվով կատարեցինք մեր առջեւ դրած խնդիրը:

-Բացի մրցույթից` ուրիշ միջոցառումներ նախատեսվա՞ծ էին երգչախմբերի համար` համերգներ, շրջագայություններ…

-Նախ ուզում եմ ասել, որ մրցույթը տեղի էր ունենում Բրատիսլավայի շքեղ համերգասրահներից մեկում, որը կոչվում է Հայելիների դահլիճ: Ի դեպ, հենց այդ դահլիճում է ստորագրվել Աուստերլիցի պայմանագիրը Նապոլեոնի եւ Ավստրիայի կայսեր միջեւ: Իսկ մրցույթից դուրս ժամանակը չափազանց հագեցած էր` փոքրիկ համերգներ, զբոսանքներ, հանդիպումներ: Ամենից հիշարժանը մրցույթի բացման արարողությունն էր, որը տեղի ունեցավ կաթոլիկ տաճարում, որտեղ ելույթ ունեցանք մենք եւ եւս մի քանի երգչախումբ, ինչպես նաեւ մեկ այլ համերգ` դարձյալ տաճարում, որին մասնակցեցին արդեն մրցույթի մասնակից բոլոր խմբերը` երգելով Հենդելի, Մոցարտի եւ Ռախմանինովի հոգեւոր ստեղծագործությունները. դա տեղի ունեցավ Պատարագի արարողության ժամանակ:

-Մինչեւ  «Musica sacra» մրցույթ-փառատոնին մասնակցելը Վիեննայի քաղաքապետարանի հրավերով «Փարոսը» 4 համերգ տվեց Ավստրիայի մայրաքաղաքում, որոնց անդրադարձավ նաեւ տեղի մամուլը: Մի քանի խոսք ավստրիական շրջագայության մասին:

-Այո´, Բրատիսլավայից առաջ ամբողջ 8 օր եղանք Վիեննայում: Հիմնական համերգները տեղի ունեցան Վիեննայի տեխնիկական դպրոցում, տարեց մարդկանց կացարանում, մշակույթի պալատում: Ունեցանք նաեւ չնախատեսված` «էքսպրոմտ» ելույթներ, ինչպես, օրինակ, Վիեննայի գլխավոր հրապարակում` Սբ. Ստեփանոս տաճարին կից: Ամեն տեղ չափազանց ջերմ ընդունելություն էր: Համերգներին ավստրիացիներից բացի ներկա էին նաեւ մեր հայրենակիցները` տեղի հայ համայնքի ներկայացուցիչները ՀԲԸՄ-ից, Ավստրիայում հայաստանի դեսպանատնից, հյուպատոսարանից, Վիեննայի Մխիթարյան միաբանությունից, Հայ առաքելական եկեցեցու սպասավորներ եւ ուղղակի Վիեննայում ապրող հայեր:

-Նույն` մրցութային ծրագի՞րն էիք երգում:

-Ո´չ: Վիեննայի ծրագիրը բոլորովին տարբեր էր. ավելի շատ հայկական ժողովրդական խմբերգեր էինք ընդգրկել իրենց իսկ խնդրանքով` Կոմիտաս, Եկմալյան, Կարա-Մուրզա, Կանաչյան, Տերտերյան եւ այլն: Սկսեցինք Էդգար Հովհաննիսյանով եւ վերջացրինք Հ. Օդաբաշյանի «Մայր Հայաստանով»:

-Մի քիչ քո մասին. վերջերս ես ավարտել Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան` նվագախմբային դիրիժորի մասնագիտությամբ: Կարո՞ղ էիր մտածել, որ երբեւէ երգչախումբ կղեկավարես` լինելով նվագախմբային դիրիժոր:

-Ես սկսել եմ որպես խմբավար: Ճիշտ է` մեծ ցանկություն եմ ունեցալ (այժմ էլ ունեմ ) նվագախումբ ղեկավարելու, սակայն Հայաստանում այս շրջանակները բավականին սահմանափակ են, եւ առայժմ իմ հիմնական գործը երգչախումբն է: Ես ոչ միայն երգչախումբ եմ ղեկավարում, այլեւ արդեն մի քանի տարի է, ինչ երգում եմ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում, ինչի շնորհիվ սկսեցի ավելի շատ սիրել երգչախմբային արվեստը: Հայաստանի պետական երգչախումբը մի մեծ դպրոց է թե´ իր հարուստ եւ բազմազան երգացանկով, թե´ երգեցողության ոճով եւ թե´, վերջապես, մաեստրո Չեքիջյանի անզուգական մեկնաբանությամբ: Դա զարգացնում ու հարստացնում է ցանկացած երաժշտի:

-Վերջին հարցս. հնարավո՞ր է, որ «Փարոսը» պետական կարգավիճակ ստանա:

-Անցյալ տարի մեզ խոստացվել էր, սակայն, ցավոք, չստացվեց: Փոխարենը` մեզ որոշ չափով սկսեց հովանավորել «Վիվասել- ՄՏՍ»-ը: Հուսով եմ` վերջին շրջագայությունն ու մրցանակները ինչ-որ բան կփոխեն մոտ ապագայում:

Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհակալություն  հայտնել Ավստրիա եւ Սլովակիա համերգային շրջագայության հովանավորներին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, Մշակույթի նախարարությանը` ի դեմս Հասմիկ Պողոսյանի, մյուսներին, ինչպես նաեւ հաշմանդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը, որին  կից գործում է «Փարոս» երգչախումբը:

Զրույցը վարեց Հայկ Կարապետյանը

Scroll Up