«Ես հմայված եմ հայերով»
Մայիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվեց Չիլիում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Էդուարդո Գուարաչան, ով Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի և նախարարության Ամերիկայի հայկական համայնքների վարչության Հյուսիսային Ամերիկայի հայկական համայնքների պետ Գայանե Դաբաղյանի հետ ունեցած զրույցի ընթացքում մանրամասն ներկայացրեց իր այցելության նպատակը Հայաստան և, մասնավորապես, Սփյուռքի նախարարություն:
«Ավելի շուտ պիտի գայի, սակայն մի քիչ հետաձգեցի իմ այցը Հայաստան, քանի որ Չիլիում էր Հայոց կաթողիկոսը, ում ես համարում եմ լավ դեսպան: Շատ կարևոր է նրա այցը Չիլի, ուր, թեկուզև փոքրաթիվ, սակայն հայկական համայնք կա»,- «Հայերն այսօրի» թղթակցին ասաց պարոն Գուարաչան` ընդգծելով, որ իրեն շատ ուրախացրեց Սփյուռքի նախարարության`նման կարևոր օղակի ստեղծումը:
«Ես առաջ չգիտեի` ինչ է Սփյուռքը: Գալով Հայաստան` առաջին հերթին ներկայացա Սփյուռքի նախարարություն և ահա հիացած լսում եմ Սփյուռքի նախարարության հրաշալի ծրագրերի մասին: Ցանկալի կլինի, որ Չիլիից Հայաստան ուսանելու գան երիտասարդներ, և նմանապես Հայաստանից գան Չիլի ուսանելու»:
-Պարո´ն Գուարաչա, մինչև պատվավոր հյուպատոսի պաշտոն ստանձնելը որքանո±վ էիք տեղեկացված Հայաստանի, հայ ժողովրդի մասին:
-Հայաստանի, նրա պատմության մասին տեղեկացված էի այնքանով, որքանով պիտի քաջատեղյակ լինի Հայաստանի հյուպատոսը: Անկեղծ ասած` քիչ գիտեի: Չինաստանի դեսպանությունում Մելքոնյան ազգանունով ընկեր ունեմ. նրա պատմածներով եմ ծանոթ ձեր երկրին: Իմ ճանաչած մեծ հայերից է Էդուարդո Էռնեկյանը, ով կառուցում է Չիլի-Արգենտինա հսկայական թունելը: Էռնեկյանն է ինձ պատմել Արարատի, Ղարաբաղի, Մոնթեի մասին: Գիտեմ, որ Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեություն: Ես հմայված եմ հայերով:
-Հայերը որևէ լուրջ ներդրում ունե՞ն Չիլիի կյանքում:
-Չիլիի հայկական գաղութը ձևավորվել է 1930-ական թվականներին: Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը երկրում բնակվել է 100 հազար հայ`հիմնականում Եղեռնից մազապուրծ: Հայերը մեծ դեր են խաղացել երկրի տնտեսական կյանքում, զբաղվել են առևտրով, արդյունաբերությամբ. 30-ականներին ունեցել են գուլպայի 6 գործարան, վաճառատներ: Այժմ էլ նրանք ներգրավված են տարբեր բնագավառներում: Դուք գիտեք, որ 2007-ին Չիլիի սենատը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 1975-ին Սանտյագոյումտեղի հայկական համայնքի հովանավորությամբ կանգնեցվել է Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշարձան-կոթող:
-Ինչպե՞ս եղավ, որ Դուք ընտրվեցիք պատվավոր հյուպատոս:
-Անկեղծ ասած`չէի կարծում, որ ինձ կառաջարկեն. կային նաև ուրիշ թեկնածուներ, սակայն ընտրեցին ինձ: Մեծ պատիվ եմ համարում: Ճիշտ է` հայ չեմ, բայց ուրախ եմ, որ Հայաստանի հյուպատոսն եմ:Ասեմ նաև, որ իմ այցելության նպատակը ծանոթանալն է այն երկրի պատմությանը, մշակույթին, ժողովրդին, որի պատվավոր հյուպատոսն եմ:
Եղել եմ Չիլիի դեսպանը, աշխատել եմ Չինաստանում, համալսարանում պրոֆեսոր եմ, բայց այսօր ավելի հետաքրքրված եմ Հայաստանով, հայկական սփյուռքի պատմությամբ: Շատ եմ կարևորում Չիլիի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:Կարևոր եմ համարում Հայոց կաթողիկոսի և Չիլիի արքեպիսկոպոսի կապը: Անելիքներ շատ կան, կա նաև ցանկություն:
Մեր զրույցից հետո պարոն Գուարաչան ծանոթացավ Սփյուռքի նախարարության, «Արի տուն» ծրագրին և առաջարկեց Չիլիից նույնպես ունենալ փոխադարձ այցելություններ, մասնակցել ծրագրին, ինչպես նաև ցանկություն հայտնեց իր առաջարկներով, խորհուրդներով օգտակար լինել Սփյուռքին, Սփյուռքի նախարարության աշխատանքներին:
Կարինե Ավագյան