Հաղորդում, որ կամրջում է երկու հարազատ ափեր
«Երեւանն է խոսում»…Տարածված արտահայտություն, որն այսօր թևավոր խոսքի նշանակություն է ձեռք բերել: Ի՞նչ է խոսում հայկական ռադիոն. թեմաները տարբեր են, ծրագրերը` բազմաթիվ:
– Գուցե մի քիչ անհամեստ հնչի, բայց Հանրային ռադիոյի «Կամուրջ» ծրագիրը հայաստանյան ԶԼՄ-ների մեջ միակ հաղորդումն է, որն ամբողջությամբ նվիրված է Սփյուռքին: Ստեղծվել է ութ տարի առաջ` «Հայենիք-Սփյուռք» անունով. մի քանի տարի է, ինչ վերանվանվել է: Եթեր է հեռարձակվում ամեն օր` ժամը 9:15-ին, 25 րոպե տևողությամբ: Ցանկացողներն այսօր նաև armradio.am կայքի միջոցով կարող են լսել մեր հաղորդումները: «Կամուրջ» ծրագրում աշխատում են արհեստավարժ, բանիմաց, գիտակ լրագրողներ, ովքեր այս տարիների ընթացքում հասցրել են ծանոթանալ Սփյուռքի հիմնախնդիրներին: Ծրագրին հյուր են եղել Սփյուռքի գրեթե բոլոր համայնքների ներկայացուցիչներ, պատասխանատու անձինք:
-Ո՞րն է «Կամուրջ» ծրագրի նպատակը:
– Ինչպես անունն է հուշում, կամուրջ հանդիսանալ Սփյուռքի և Հայաստանի միջև: Օտար ափերում ապրող մեր հայրենակիցներին ծանոթացնել հայրենիքի հետ, փորձել բարձրաձայնել նրանց հուզող խնդիրները, հնարավորության դեպքում լուծումներ գտնել: Ծրագիրը նաև հայապահպան առաքելություն է իրականացնում: Համագործակցում ենք ՀՀ սփյուռքի նախարարության հետ, լուսաբանում համահայկական նշանակություն ունեցող միջոցառումները:
– Ըստ Ձեզ` որո՞նք են սփյուռքահայերին հուզող ամենակարևոր հիմնախնդիրները:
– Հայաստանում հիմնականը շփման խնդիրն է, նոր միջավայրին, ապրելակերպին հարմարվելը: Կրթության, կեցության, որոշակի օրենքների հետ բախվելիս` դժվարություններ են ունենում: Ցավոք, հայաստանյան ԲՈւՀ-երում սփյուռքահայ ուսանողների համար որոշակի բարդություններ կան, մայրենիի, ինչու՞ չէ, նաև օտար լեզուներով ուսուցման խնդիր ունեն: Սփյուռքում առաջնային է դպրոցների հարցը, լեզվի պահպանումը: Գաղտնիք չէ, որ հայկական դպրոց հաճախողների թիվը նվազել է: Արդիական է դասագրքերի հարցը: Թեպետ վերջին տարիներին մեր երկրի համապատասխան մարմինները զբաղվում են այդ խնդրով, բազմաթիվ դասագրքեր են հրատարակվում և ուղարկվում Սփյուռք, բայց հայկական դպրոցներում դասագրքերի պակաս դեռ զգացվում է:
– Ի՞նչ խորագրեր ունի ծրագիրը:
– «Ճանաչիր պատմական հայրենիքդ». ճանաչողական շարք է, ներկայացնում է Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը: «Նվիրական անուններ» շարքը անդրադառնում է Արցախյան ազատամարտին մասնակցած հայորդիներին: «Գերդաստան» շարքի միջոցով ներկայացնում ենք Հայաստանում և Սփյուռքում ծնված մեր հայրենակիցներին, ովքեր որոշակի ավանդ ունեն մեր երկրի զարգացման գործում: Վերջիններիս փորձում ենք ներկայացնել իրենց ազգատոհմի միջոցով: Հետաքրքիր է «Օտարները Հայաստանի մասին» խորագիրը: Հայաստանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպանություններ կան, երևանյան ԲՈւՀ-երում օտարազգի ուսանողներ են սովորում, հետաքրքիր է իմանալ նրանց կարծիքը Հայաստանի մասին, որովհետև մեր հայրենակիցներից շատերը նրանց հայրենիքում են ապրում: Հինգշաբթի օրերին ունենք անփոփոխ` երկու մասից բաղկացած հաղորդում: Առաջին մասը նվիրված է Հայ դատին. ծրագիրը հենց այդպես էլ կոչվում է: Ծրագրի երկրորդ հատվածը նվիրված է հոգևոր աշխարհին ու ամբողջությամբ ներկայացնում է հոգևոր աշխարհի անցուդարձը: Ուշագրավ է «Սփյուռքահայ գաղութներ» շարքը: Եթե Հայաստան են ժամանում տարբեր գաղթօջախների ներկայացուցիչներ, ապա իրենք են պատմում իրենց համայնքի մասին, եթե ոչ` ինքներս ենք ներկայացնում համայնքը` իր անցուդարձով, հոգսերով, կազմակերպվող միջոցառումներով ու առանձնահատկություններով: «Ներդրումներ» խորագրի շրջանակներում ներկայացնում ենք սփյուռքահայերի, ովքեր Հայաստանում ներդրումներ են կատարում: «Հիշարժան տարեթվերը» տեղեկատվական շարք է, ներկայացնում է հայտնի, գուցե շատերին անհայտ մեր հայրենակիցների կյանքն ու գործունեությունը: «Լուսանցքում» շարքը անդրադառնում է սփյուռահայերի կենցաղին` ինչ ավանդույթներ են պահպանվել, ապրելակերպում ինչ է փոխվել:
– Իսկ արձագանքներ ստանու՞մ եք:
-Համացանցի, նամակների, հեռախոսազանգերի միջոցով բազմաթիվ արձագանքներ ենք ստանում: Տարիների ընթացքում փոխվստահության ամուր կապ է ստեղծվել սփյուռքահայ անհատների, կազմակերպությունների հետ: Եթե խնդիրներ են ունենում, դիմում են մեզ: Մենք էլ հաղորդման շրջանակներում փորձում ենք բարձրաձայնել ու հնարավորինս աջակցել: Սփյուռքահայերի համար հայրենիքը երազի պես մի բան է: Անգամ եթե Հայաստանում որոշակի դժվարություններ են ունենում, միևնույնն է, դա նրանց համար պատճառ չի դառնում հայրենիքը լքելու կամ չսիրելու:
– Սփյուռի ո՞ր գաղթօջախներն են առավել ակտիվ:
– Արևելքի գաղթօջախները, այնտեղ հայ համայնքը շատ կուռ է, ավելի պահպանված են լեզուն, ավանդույթները: Գուցե պատճառն այն է, որ համայնքները մեծ են, կազմակերպություններ կան, որոնք շատ ակտիվ գործունեություն են ծավալում: Իհարկե, չենք կարող ասել, որ Ամերիկայում կամ եվրոպական երկրներում համայնքները հայանպաստ գործունեություն չեն իրականացնում: Այս երկրներում գուցե միջավայրն է այլ, ու մերձեցումը օտարների հետ շատ է:
– Այսօր շատ է խոսվում մեկ միասնական լեզու ունենալու մասին: «Կամուրջ» ծրագիրը արևելահայերենով է հեռարձակվում: Սփյուռքում ընկալման դժվարություններ չե՞ն առաջանում:
– Մենք փորձում ենք գրագետ, հստակ, գեղեցիկ, հայերեն խոսք մատուցել, որ ըմբռնելի լինի և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում: Շատ կարևոր է նաև անկեղծությունը չէ՞ որ ձայնի միջոցով անմիջապես զգացվում է կեղծիքը:
Զրուցեց Լուսինե Աբրահամյանը