Մայիսի 9-ը` Հաղթանակի օր, «Հարսանիք լեռներում» և ազատ Շուշի
Արդեն 19 տարի մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրը, այլ նաև հայ ժողովրդի համար ճակատագրական մեկ այլ հաղթանակի օր` Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրման օրը:
«1992-ի գարնանն արդեն այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որը պարտադրաբար պահանջում էր ազատագրել Շուշին: Մեր խնդիրն էր կրակակետերի ազատագրումը` սկսած Խոջալուից մինչև Շուշի»,- ասում է Կոմանդոսը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, իսկ նրա ձեռքը, ինչպես 19 տարի առաջ, թղթի վրա նկարում է կրակակետերը, որոնցից գնդակոծվել են Ստեփանակերտը, և Շուշիի ազատագրման պլանը:
Եվ, հնարավոր է, Կոմանդոսը մտքով անցան 45 կմ ձգվող ողջ տարածքները, որտեղ պետք է ընթանային մարտական գործողությունները. «Հայաստանի ղեկավարությունը հավանություն չէր տվել այդ գործողությանը, և մենք ոչ մի հստակ ցուցում չունեինք, սակայն անհրաժեշտ էր գործել: Հենց այդ պատճառով կայացավ 72 հրամանատարների խորհրդակցություն, որոնք միաձայն որոշեցին, որ օպերացիան պետք է անցկացվի: Դուք գիտեք, հրամանատարները պետք է կատարեին իմ հրամանը, սակայն այնպես ստացվեց, որ ես կատարեցի նրանց հրամանը»,- պատմում է Արկադի Տեր-Թադևոսյանը:
Շուշիի ազատագրման գործողությունը կոչվեց «Հարսանիք լեռներում»` ռազմական գործողության համար անսովոր անվանում: Նման արտասովոր անվանման պատճառն այն փաստն էր, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելու համար դեռ վաղ է, որ դրան պետք է լավ պատրաստվել: «Ռազմական տեսանկյունից մենք պատրաստ չէինք, և Վազգեն Սարգսյանն ասաց, որ շտապել պետք չէ, բայց Շուշին պետք էր ազատագրել: Այդ ժամանակ ես խոստացա նրան, որ եթե մենք գրավենք Շուշին, ապա լեռներում կկազմակերպենք նրա հարսանիքը: Այդպես առաջացավ օպերացիայի «Հարսանիք լեռներում» անվանումը»,- պատմում է Կոմանդոսը: Այս զրույցի մասին նա չպատմեց իր մարտիկներից ոչ մեկին, բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրանցից ոչ մեկի մտքով անգամ չանցավ, որ օպերացիան պետք է հետաձգել` հիանալի գիտակցելով դրա բարդությունը. «Նրանք լի էին վճռականությամբ, քանի որ խաղաղ բնակիչների շարքում կորուստներն օրեցօր ավելանում էին, և այլևս հապաղել չէր կարելի»:
Սկսվեց գործողության պատրաստությունը: Կոմանդոսի ողջ ջոկատը` կազմված 3800 հոգուց, գործողությունն իրականացնելու համար բաժանվեց 5 խմբերի` 615-ական մարտիկներով: Գործողությունը սկսվեց մայիսի 8-ին ժամը 02:30-ին: Շուշիի ուղղությամբ սկսվեց հրետանային պատրաստությունը, որից հետո` գրոհը քաղաքի վրա: Գնդապետ Արկադի Կարապետյանի գումարտակը 400 զինվորով սկսեց հարձակումը Շոշ գյուղի կողմից: Հյուսիս-արևելյան ուղղությամբ գրոհեց Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտը: Արևելքից հարձակումը սկսեց Դուշման Վարդանի վաշտը, որն իր զինվորներով արդեն առավոտյան քաղաքի մերձակայքում էր: Հարավից գրոհեցին աֆղանական վետերաններ Նվեր Չախոյանի վաշտը և Ժիրայր Սեֆիլյանի ու Աշոտ Խաչատրյանի գումարտակները: Միևնույն ժամանակ 400 մարտիկներից բաղկացած առանձին ջոկատը գնդապետ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ շրջանցեց քաղաքը և մոտեցավ հարավ-արևմուտքից` ազատագրելով Քուսար, Բաշքենդ, Ջավադլար և 17 այլ գյուղեր: Արթուր Առաքելյանի 100 հոգանոց ջոկատն ազատագրեց Ստորին Զարիսլոն, իսկ Ալբերտ Ալավերդյանի ջոկատը` Վերին Զարիսլոն: Արդեն առավոտյան նրանց միացավ Վալերի Չտչյանի գումարտակը: Հենց այդ գումարտակի 4-րդ վաշտին բախտ վիճակվեց առաջինը մտնել քաղաք: Շուշին ազատագրվեց 26.5 ժամում, այդ գործողությանը պատրաստվել էին շատ ամիսներ, և պարտվելու տարբերակ ուղղակի չկար: Մայիսի 9-ին առավոտյան 04:30-ին Տեր-Թադևոսյանին հաղորդեցին, որ քաղաքն ազատագրված է. «Ես չգիտեի` ինչ անել. ասե՞լ մարդկանց, թե՞ ոչ. քաղաքում ականներ են, իմ մարդիկ կարող են զոհվել, և ինքս ինձ հետ պայքարեցի մինչև առավոտյան ժամը 8-ը»,- ժպիտը դեմքին հիշում է Կոմանդոսը:
Զորահրամանատարը քնեց միայն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ քաղաքում այլևս հակառակորդ չկա. նա չէր քնել արդեն մի քանի օր: Այսպիսով, Կոմանդոսին ազատագրված Շուշի բերեցին քնած. «Ես շատ կուզեի ուրախանալ իմ զինվորների հետ, բայց, ցավոք սրտի, մարմինս չէր դիմանում: Ես միայն երեկոյան գիտակցեցի` ինչ է նշանակում գրավել Շուշին:
Մենք պարտվելու իրավունք չունեինք, մենք պետք է կամ հաղթեինք, այսինքն ազատագրեինք քաղաքը, կամ պետք է ոչ-ոքի լիներ, այսինքն պետք է շրջապատեինք քաղաքը և պաշարման մեջ պահեինք այն»,- ասում է նա և հավելում, որ չի կասկածել իր զինվորների հաղթանակին: «Հասկանալի է` կարևոր դեր է խաղացել մեր մարտական ոգին: Բացի դրանից, դա մեր քաղաքն է , որտեղ ամեն քարը, ամեն ճանապարհը մեզ համար հարազատ է, ինչը ոչ պակաս կարևոր է»,- ժպիտը դեմքին պատմում է Կոմանդոսը:
Վերադառնալով ներկային` Կոմանդոսն ուրախությամբ նշեց, որ Շուշին արագ թափով զարգանում և բարգավաճում է:
Ամեն տարի` մայիսի 9-ին, ավանդույթի համաձայն, Արցախի ճակատագիրը վճռած հրամանատարները հավաքվում են Շուշիում` մեծ հաղթանակը տոնելու համար, և, հնարավոր է, նրանք մի օր առիթ կունենան հարսանիք տոնել լեռներում: