Անտոնիա Արսլանի Անլռելի Ձայնը «Արտոյտների Ագարակ»ից

Անտոնիա Արսլան` հանրահռչակ «Արտոյտների ագարակը»-ը գրքի հեղինակ. «Հօրաքոյրս կրկնում էր. «Երբ չարութիւն անէք եւ ինձ յոգնեցնէք, կը գնամ Բէյրութ՝ Արուսեակի մօտ, Հալէպ՝ Զարեհ հօրեղբօրս  մօտ, Բոստոն՝ Ֆիլիպի եւ Միլդրիթի, Ֆրեզնօ՝ քրոջս՝ Նուարդի մօտ, Նիւ Եորք՝ Անիի, կամ էլ Կոպակաբանա՝ զարմիկիս՝ Միշելի մօտ:  Բայց նրա մօտ ամենավերջում, քանի որ Ասորու հետ է ամուսնացել»:

Հայերս ամէնուր ենք՝ մայր հայրենիքից դուրս, ու ամէն մէկս մեր պատմութիւնն ունենք ցեղասպանութիւնից փրկուած մեր նախնիների մասին:  Մենք ունենք անցեալ, որը ցաւոտ է: Պատահական չէ, որ երբ իրար ուզում ենք լաւ խօսք ասել, ասում ենք  «ցաւդ տանեմ»: Այդ ցաւը մենք կրում ենք մեր մէջ ու պատմում աշխարհին:  Իտալիայի Պադովայի համալսարանի գրականութեան պրոֆէսոր Անտոնիա Արսլանը՝ ցեղասպանութիւնից փրկուած  իր ընտանիքի պատմութիւնը թղթին յանձնեց՝ գրելով մի վէպ, որը բարձրաձայնեց Հայոց Ցեղասպանութիւնը ողջ Եւրոպայում: Ահա պատմութիւնն ամփոփ.

Տասներեքամեայ Երուանդը ուղեւորւում է Վենետիկ՝ սովորելու վարժարանում: Գրեթէ 40 տարի անց պատրաստւում է ուղեւորուել Անատոլիա, դէպի «Արտոյտների ագարակ», որտեղ վերջապէս կը կարողանայ միաւորուել հարազատների հետ:  Երուանդի ընտանիքը վերանորոգել է ագարակը ու մեծ տօնախմբութիւն են նախապատրաստում՝ անգամ դաշնամուր են պատուիրել սակայն 1915թ.ի Մայիսն է:  Իտալիան ներքաշուել է պատերազմի մէջ ու փակել սահմանները, իսկ Երիտթուրքերի կուսակցութիւնը դաւանում է Թուրքիայի գաղափարին, որ ազգային փոքրամասնութիւնների համար տեղ չկայ:

Երուանդը չի մեկնի Անատոլիա  ու ոչ մի տօն էլ չի լինի:  Փոխարէնը միայն մահ ու սարսափ: Սպանում են տղամարդկանց  ու տղայ երեխաներին, իսկ կանանց հարկադրաբար տեղահան անում ու տանում դէպի անապատ քաղց, բռնութիւններ, ոչնչացում հրաշքով մահից մազապուրծ եղած երեք աղջիկներին ու աղջկայ շորեր հագած մանչուկին յաջողւում է հասնել Իտալիա՝  Երուանդի մօտ: Հէնց Երուանդն էլ հոգ է տանում ու մեծացնում նրանց ու պահպանում նրանց «մութ յիշողութիւնները», որոնք այսօր Երուանդի թոռնուհին Անտոնիան ներկայացնում է սրտաշարժ «Արտոյտների ագարակ»ը վէպով:
Անտոնիա Արսլանի գիրքը աննախադէպ յաջողութիւն ունեցաւ: «Ընդամէնը 2000 հայ ունեցող Իտալիայում գիրքը վաճառուեց 300,000 օրինակով», փաստում է հեղինակը:  Հերոսները՝ անաւարտ ճակատագրով  մարդիկ, պատմութիւն ունէին պատմելու ու մարդիկ ունկնդիր եղան նրանց ձայնին՝ շնորհիւ Անտոնիա Արսլանի:  «Գիրքն արժանացաւ 22 մրցանակի. թարգմանուեց 20 լեզուներով: Հիմա էլ Իտալիայի դպրոցներում է դասաւանդւում», յաւելում է հեղինակը: Գրքի յաջողութեան հետ եկան նաեւ գրքի հիման վրայ ֆիլմ նկարելու առաջարկներ ողջ աշխարհից, նաեւ Հոլիվուդից:  Անտոնիան չտրուեց գայթակղութիւններին ու ընտրեց այն առաջարկը, որը կ’ապահովէր, որ գիրքը չի դառնայ հերթական սցենար, որը երբեք չի նկարահանուելու: Հայուհին ուզում էր աշխարհին իր ընտանիքի պատմութեամբ ներկայացնել իր ազգի պատմութիւնը: Անտոնիան ֆիլմի իրաւունքը տուեց հանրայայտ Տաւիանի եղբայրներին: Պաուլօ եւ Վիտորիօ Տաւիանի եղբայրներին յաջողուեց գիրքը ֆիլմի վերածել չնայած  մեծ  ճնշումներին‘ թուրքերի կողմից: Ֆիլմում խաղում են հանրայայտ դերասաններ Պաս Վէգան, Ալեսանդրօ Պրեսիոսին եւ Արսինէ Խանջեանը:

Ձեզ ենք ներկայացնում մեր բացառիկ հարցազրոյցը՝ իր ընտանիքի պատմութեամբ Հայոց Ցեղապասնութեան մասին պատմող  հանրահռչակ «Արտոյտների ագարակը» գրքի հեղինակ Անտոնի Արսլանի հետ:

ԱՆՈՅՇ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Գիքրը կարդալուց ու ֆիլմը դիտելուց յետոյ, դեռ շոկի մէջ եմ: Ցաւոտ է շատ, բայց միաժամանակ չես կարող լինել հայ ու չիմանալ, թէ ինչի միջով են անցել նախնիներդ:  Դուք շատ մեծ ներդրում ունեցաք Ձեր այս գրքով պատմութիւնը սերնդից սերունդ փոխանցելու գործում: Արդեօ՞ք առաքելութիւն էիք զգում՝ գիրքը գրելիս:

ԱՆՏՈՆԻԱ ԱՐՍԼԱՆ.- Սա իմ ընտանիքի պատմութիւնն է: Նրանց կեանքը ու երազանքներն անաւարտ մնացին ես իմ գրքով ուզում էի լսելի դարձնել նրանց ձայնը: Ես ուրախ եմ ու շնորհակալ Տաւիանի եղբայրներին, որ գիրքը վերածուեց ֆիլմի:  Տաւիանի եղբայրները, որ շատ յարգուած են Իտալիայում, ետ չկանգնեցին գաղափարից՝ չնայած Թուրքիայի կողմից ստեղծուած խոչընդտոներին ու արգելքներին:  Ամենակարեւորը աւարտին հասցրեցին ֆիլմը, ու հայերիս համար կարեւոր այս պատմութիւնը աշխարհին ներկայացաւ նաեւ ֆիլմի միջոցով:  Տաւիանի եղբայրները մաքուր իտալացի են, բայց լիովին կիսում են մեզ հետ մեր ցաւը: Ինչպէ՞ս կարելի է անտարբեր լինել ու հերքել:

ԱՆՈՅՇ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Գիրքը միանգամից մեծ հանրաճանաչութիւն ձեռք բերեց: Սպասո՞ւմ էիք նման յաջողութեան: Երբ ամէն ինչ արւում է, որպէսզի մարդկանց զուարճացնեն, դուք գրեցիք  տխուր մի պատմութիւն, որին հանդէպ անտարբեր չկարողացան մնալ մարդիկ:  Ի՞նչ կ’ասէք այդ մասին:

ԱՆՏՈՆԻԱ ԱՐՍԼԱՆ.- Ես ցեղասպանութիւն տեսած իմ ընտանիքի երրորդ սերունդ եմ ներկայացնում: Ես ուզում էի կիսել իմ ցաւը՝ պատմելով իմ ընտանիքի կեանքը. մարդիկ, դէպքեր ու իրավիճակներ, որ ընկալելի են մարդ արարածի համար: Գիքրը յաջողուեց, որովհետեւ միւս մարդիկ իրենց տեսան գրքի կերպարների մէջ:  Իրական մարդիկ, իրական պատմութիւն ու ապրումներ, որ բոլորս էլ զգացել ենք: Ու երբ մարդիկ տեսնում են, թէ ինչ է լինում իրենց սիրելի ու հարազատ դարձած այդ հերոսների հետ, այդ  ժամանակ է, որ արձագանգը շատ ուժգին է: Ես նման յաջողութիւն չէի ակնկալում, բայց գիրքն արդէն 30րդ հրատարակութեան մէջ է:  Վաճառուել է աւելի  քան 300,000 օրինակով, ընդ որում Իտալիայում կայ ընդամէնը 2000 հայ: Պատկերացնո՞ւմ էք:

ԱՆՈՅՇ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Գրքի աննախադէպ յաջողութիւնից յետոյ՝ գիրքը ֆիլմի վերածելու բազմաթիւ առաջարկների միջից  ընտրեցիք Տաւիանի եղբայրների առաջարկը չնայած առաւել շահաւէտ առաջարկների: Ինչո՞ւ:

ԱՆՏՈՆԻԱ ԱՐՍԼԱՆ.- Թէ Պաոլոն ու թէ Վիտորիոն երկուսն էլ կարդացել էին գիրքը:  Յետոյ զանգահարեցին ու խօսեցինք: Երկար մտածելուց յետոյ որոշեցի նրանց տալ իրաւունքը, քանի որ Իտալիայում էին՝ ինձ աւելի մօտ:  Դա ինձ հնարաւորութիւն կը տար վերահսկել ընթացքը, ինչը հնարաւոր չէր լինի եթէ ԱՄՆում նկարուէր ֆիլմը: Նաեւ վստահ էի, որ նրանք չեն սառեցնի իմ ու ազգիս համար կարեւոր այս պատմութիւնը:

Ի դէպ, վերջերս կարդացի մի աշխատութիւն՝ Մուսա լեՐան 40 օրուայ մասին, որում հեղինակը ներկայացնում է բոլոր այն սցենարները Ամերիկայում, որ գրուել են Մուսա լերան 40 օրուայ մասին, բայց այդպէս էլ ֆիլմ չեն դարձրել:

Ես ինձ հարց տուեցի. «Միթէ՞ իմ գիրքն էլ փորձում են ինձանից գնել, որ դրանով ամէն ինչ աւարտուի:  Ու որոշեցի Տաւիանի եղբայրներին տալ ֆիլմի իրաւունքը: Գիտէի, որ կը յաջողին:  Ի դէպ նրանք հրաշալի ֆիլմեր են նկարել պատմական թեմաներով, մասնաւորապէս 2րդ համաշարհային պատերազմի մասին:  Խօսքս «Փայլող աստղերի գիշեր» ֆիլմի մասին է:

ԱՆՈՅՇ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Դուք ասացիք, որ Տաւիանի եղբայներին յաջողուեց աւարտին հասցնել ֆիլմը չնայած թուրքերի կողմից ճնշումներին: Աւելի կը մարամասնէ՞ք խնդրեմ:

ԱՆՏՈՆԻԱ ԱՐՍԼԱՆ.- Այո, իսկապէս ճնշումները շատ ակնյայտ էին՝ ֆիլմը նկարելիս, ինչը չեմ կարող ասել գրքի մասին: Գիրքը ակնթարթային ու աննախադէպ յաջողութիւն ունեցաւ:  Միանգամից ինչ հրատարակուել էր,  վաճառուեց: Պայթիւնի էր նման: Մի քանի ամսուայ մէջ ութ անգամ վերահրատարակուեց գիրքը: Գիտեմ նաեւ ինչու. «Արտոյտների ագարակ» գրքի վերնագիրը ոչինչ չէր ասում  ցեղասպանութեան մասին:

Գիրքն առանց ճնշումների տարածուեց, բայց Տաւիանի եղբայրների վրայ լուրջ ճնշումներ սկսուեցին: Նրանք ահազանգ էին ստացել Իտալիայում Թուրքիայի դեսպանութիւնից. ասել էին, որ ֆիլմը կ՛արգելեն ցուցադրել Թուրքիայում: Դրան ի պատասխան Տաւիանի եղբայրներն ասել էին, որ դա ոչնչով իրենց չի կարող կանգնեցնել, եւ ֆիլմը չի կարող դադարեցուել: Մի շարք այլ քայլեր էլ արուեցին Թուրքիայի կողմից, որպէսզի կանխեն ֆիլմի նկարահանումներն ու յաջողութիւնը:

ԱՆՈՅՇ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Թուրք պաշտօնեաներն անձամբ փորձե՞լ են խոչընդոտել նկարահանումնրը:

ԱՆՏՈՆԻԱ ԱՐՍԼԱՆ.-  Ֆիլմի նկարահանումներն արուել են Բուլղարիայի Պլովդիւ քաղաքում, որը հռոմէական քաղաք էր: Հին անուանումն էր «Ֆիլիպոպոլիս»:  Այդ քաղաքում հրաշալի հայկական հատուած կայ, որտեղ էլ, որ արուեցին նկարահանումները:

Ես նկարահանման վայրում չէի, երբ դա տեղի ունեցաւ, բայց տեղեակ եմ բոլոր մանրամասներին: Նկարահանումներին մօտ երեք շաբաթ ժամանակ էր մնացել: Թուրքիայի Արտաքին գործերի նախարարը՝ Աբդուլլայ Գիւլը, որ հիմա այդ երկրի նախագահն է, յայտնուել էր նկարահանման հրապարակում, հետաքրքրուել ֆիլմով եւ նկարահանման մանրամասներով՝ նպատակ ունենանալով խանգարել: Բայց դա էլ չվախեցրեց Տաւիանի եղբայներին: Նրանք որոշել էին կեանքի կոչել ֆիլմը՝ չնայած բոլոր խոչընդոտներին:  Անգամ երբ տնտեսապէս ֆիլմը դժուարութիւններ սկսցեց ունենալ, պրոդիւսերն Գրացիա Ուոլպին  իր անձնական գումարները ներդրեց, որպէսզի գործը կիսատ չմնայ:

ԱՆՈՅՇ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Ֆիլմի 10 միլիոնանոց բիւջէին եւրոպական որ երկրներն աջակցեցին:

ԱՆՏՈՆԻԱ ԱՐՍԼԱՆ.- Չորս միլիոն ներդրեց Իտալիան, երկուական միլիոն Ֆրանսիան ու Իսպանիան, Գերմանիան հրաժարուեց, երբ սկսուեցին ճնշումները: Բուլղարիան աւելացրեց պակասող մէկ միլիոնը, իսկ Եւրոմիութիւնն էլ մօտ մէկ միլիոն ներդրեց՝ կարեւորելով ֆիլմի պատմական նշանակութիւնը:

ԱՆՈՅՇ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Էլ ի՞նչ ունէք աւելացնելու:

ԱՆՏՈՆԻԱ ԱՐՍԼԱՆ.- Հպարտ եմ, որ հայ եմ ու ուրախ եմ Լոս Անջելեսում նման կայացած համայնք տեսնելու համար:  Մի ուրիշ հարազատութիւն ու ջերմութիւն եմ զգում: Ուրախ եմ, որ Իտալիայում, որտեղ ընդամէնը մօտ 2000  հայ կայ, գրքիս շնորհիւ գիտեն հայերիս ու մեր պատմութեան մասին:  Ի դէպ գրքի յաջողութիւնից յետոյ Իտալիայում հայ լինելը շատ յարգուած եւ պատուաւոր բան է դարձել:  Երբեմն ինձ մօտենում են մարդիկ, որ ունեն տիպիկ իտալական անուն, ասենք «æուզեպպէ Ռոսիի» ու հարցնում են. «Կարո՞ղ է պատահել, որ ես հայ եմ, որովհետեւ ես ինձ հայ եմ զգում»:  Առաջ միամտաբար ասում էի. «Հաւանաբար ո»չ- ու ծիծաղում էի:  Հիմա ասում եմ. «Կարդացէք հայերի մասին հնարաւոր բոլոր աղբիւրները միգուցէ գտնէք ձեր արմատները»:

ՏԵՂԵԿԱՆՔ

Անտոնիա Արսլանի «Արտոյտների ագարակ»ը վէպն արժանացել է 22 տարբեր մրցանակների, այդ թւում Լոս Անջելես Թայմզի  Լաւագոյն Գիրք մրցանակին: «Արտոյտների ագարակ»ը թարգմանուել է 20 լեզուով:

Անտոնիա Արսլանը  Իտալիայի Պադովայի համալսարանի գրականութեան պրոֆէսոր է: Դանիէլ Վարուժանի «Հացին երգը» ու «Ցորիանի ծովեր» ժաղովածուների թարգմանութիւնները վերանայելիս, Անտոնիան վերագտաւ իր հայկական խոր ու չբացայայտուած ինքնութիւնը: Հրատարակութեան պատրաստեց Հայոց Ցեղասպանութեան մասին «Մեծ Եղեռն. Հայերի Ցեղասպանութիւնը» հատորը եւ Իտալիայում ապաստանած վերապրեալների վկայութիւնների՝ «Յուշեր.  հայ վերապրեալների իտալական ձայներ» ժողովածուն:  2004 թ.ի վերջին գրեց  իր ընտանիքի պատմութեամբ Հայոց Ցեղասպանութեան մասին առաջին վէպը՝ «Արտոյտների ագարակ»ը, որն էլ նրան համաշխարհային ճանաչում բերեց:

Ասպարեզ

Scroll Up