Ժոզեֆ Քեշիշյան. «Այն ամենը, ինչ միայն գրքերում էի կարդացել, այս անգամ իմ աչքերով տեսա»

«Հայերն Այսօր»-ի թղթակիցը գրող, Պարսից ծոցի տարածաշրջանի մասնագետ, Լոս Անջելեսում Օմանի պատվո հյուպատոս Ժոզեֆ Քեշիշյանի հետ զրուցեց իր գործունեության եւ Հայաստան այցի մասին:

-Ի՞նչ տպավորություններ ունեք Ձեր առաջին այցից Հայաստան:

-Ես լիբանանահայ եմ, բայց 40 տարի է` արդեն Ամերիկայում եմ ապրում: Միջին Արեւելքում լավ կապեր ունեմ եւ միշտ ճամփորդում եմ: Առիթ եղավ Հայաստան գալու, եւ շատ ուրախ եմ, որ եկա: Առաջին այցելությունս է Հայաստան:
Արդեն 2 ամիս է, ինչ Սաուդյան Արաբիայում եմ: Քանի որ գործը տոների պատճառով կանգնած է, եւ անելիք չունեի, որոշեցի մոտ երկրներում պտտվել: Սա էլ հենց առիթ հանդիսացավ գալու Հայաստան:

-Համագործակցության որոշակի կապեր կա՞ն արդյոք Հայաստանի հետ:

-Հայաստանի հետ համագործակցության ոչ մի եզր չունեմ: Բարեկամներ ունեմ, որոնց հետ կապը միշտ կա, բայց որեւէ պաշտոնական կապեր չկան: Ուզում էի առաջին անգամ Հայաստան այցս լինի որպես հասարակ զբոսաշրջիկ: Հայաստանը ուզում էի ընդամենն ավելի մտերմիկ շրջանակում տեսնել, ոչ մի բան ավելի:

– Ո՞ր տեսարժան վայրերում եք եղել Հայաստանում:

-Այն ամենը, ինչ միայն գրքերում էի կարդացել այս անգամ իմ աչքերով տեսա. հիացած եմ:Նախ ասեմ, որ գնացել եմ  հայկական գյուղեր, որպեսզի տպավորությունս միայն Երեւանով չսահմանափակվի: Առաջին վայրը, որ այցելեցինք, Խոր Վիրապն էր, հետո` Գառնի, Գեղարդ, Սեւան, Նորադուզ, Դիլիջան: Երեւանում Մատենադարանում եղա: Երեւանը փոքրիկ քաղաք է: Կարելի է ամբողջ քաղաքը ոտքով անցնել ու ամեն ինչ տեսնել:

-Հնարավո՞ր է ապագայում որոշեք գալ Հայաստանում մշտական բնակություն հաստատելու:

-Անշուշտ, մտքովս անցնում է: Յուրաքանչյուր սփյուռքահայ այդ երազով է ապրում: Բայց պետք է պայմաններ լինեն, աշխատանք: Եթե համապատասխան աշխատանք լինի, ինչո՞ւ ոչ: Ես գրող եմ, ճամփորդում եմ Միջին Արեւելքի երկրներում եւ հավանաբար մի օր էլ Հայաստանի մասին կարելի կլինի գրել:

-Կպատմե՞ք մինչ հիմա Ձեր կողմից գրված գրքերի մասին:

-Մինչ հիմա գրել եմ 12 գիրք` մեծամասմաբ Սաուդյան Արաբիայի, Օմանի, Արաբական Միացյալ Էմիրությունների մասին: Հիմա աշխատում եմ 13-րդ գրքի վրա, որը նվիրված է Սաուդյան Արաբիայի թագուհուն:

-Ինչպե՞ս եղավ որ  Դուք` հավատքով քրիստոնյա, ընտրվեցիք Օմանում պատվո հյուպատոս:

-Մի քանի պատճառներ կան դրա համար: Առաջինը օմանցիներն այլ ազգ լինելով հանդերձ, ընդունում են օտարը, քրիստոնյաներին: Մարդուն արժեւորում են` ըստ արված գործերի: Եւ կարեւորվեց նաեւ այն փաստը, որ Օմանի մասին 4 գիրք ունեմ գրված:

Բացի այդ թեկուզ Օմանում քանակով քիչ հայեր կան, սակայն օմանցիները ճանաչում են հայերին, գիտեն, որ ես հայ եմ եւ հպարտ եմ, որ ինձ` հայ քրիստոնյայիս ընտրեցին որպես Օմանի հյուպատոս Լոս Անջելեսում: Հայեր Օմանում եղել են վաղուց: Դեռ 400 տարի առաջ, երբ Հովհաննիսյան ազգանունով մի հայ  Հնդկաստանից  նավարկելու ժամանակ նավաբեկության է ենթարկվում, ոտքը կտրվում է եւ չի կարողանում շարունակել նավարկել, բնակության է անցնում Օմանում, ապրում եւ մահանում է այնտեղ:  Գերեզմանատունը կա մինչ այսօր:

-Ինչպե՞ս եք գնահատում Օմանի եւ Հայաստանի միջեւ մշակութային, տնտեսական կապերը, եթե այդպիսիք կան:

-Կապեր անշուշտ գոյություն ունեն: Երկու երկրների կառավարությունները 1992-ից ի վեր  միմյանց երկկողմանի ընդունում են: Բայց դեսպանատներ երկու երկրներում էլ չկան: Տարբեր երկրներում են դեսպանատները: Օմանը փոքր երկիր է. բնակչությունն ընդամենը 3 մլն. է, եւ կարողությունները մեծ չեն: Սակայն, ի տարբերություն Հայաստանի, ունեն որոշակի նավթի պաշարներ: Հուսամ, որ ապագայում լավ կապեր կհաստատվեն Օմանի եւ Հայաստանի միջեւ:

Scroll Up