Հոլանդիայի եւ Իսպանիայի հայ համայնքները համակարգող խորհուդների ստեղծումը կարեւոր ձեռքբերում Է
2010-ի Հոկտեմբերի 1-ին լրացավ ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրման երկու տարին: Հոբելյանի առթիվ «Հայերն Այսօր»-ը պատրաստել է հատուկ թողարկում` նվիրված նախարարության երկամյա գործունեությանը, ձեռքբերումներին ու առաջիկա պլաններին:
Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Հրաչյա Ասլանյանին քաջ հայտնի են համայնքի խնդիրները, քանի որ ինքն էլ 6 եւ ավելի տարիներ ապրել է ֆրանսիայում: Այսօր նրա գլխավորած վարչությունը, սակայն, աշխատում է ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաեւ եվրոպական բազմաթիվ այլ երկրների հայկական համայնքների հետ:
-Որքա՞ն ժամանակ է, որ աշխատում եք ՀՀ սփյուռքի նախարարությունում:
– 2002 թվականից 2009 թվականը աշխատել եմ Ֆրանսիայում եւ առաջին իսկ օրվանից շատ ակտիվ համագործակցել եմ հայ համայնքի գրեթե բոլոր կազմակերպությունների, ինչպես նաեւ երեք ավանդական կուսակցությունների հետ: Հիմնական գործունեությունս Մարսելում Է ծավալվել, քանի որ հենց այնտեղ Էի բնակվում: Իսկ Ֆրանսիայից վերադառնալուց հետո ՀՀ սփյուռքի նախարարաությունում նշանակվեցի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ:
-Ինչպիսի՞ ծրագրեր է իրականցնում Եվրոպայի հայ համայնքների վարչությունը:
-Ինչ վերաբերում է վարչությանը, ապա ասեմ, որ այն ունի 5 աշխատակից, Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայի բաժինների պետեր, բաժիններում Էլ` մեկական աշխատակից: Վարչության ծրագրերը հիմնականում չեն տարբերվում նախարարության ծրագրերից, ուղղակի ավելի կենտրոնացած են Եվրոպայի հայ համայնքների շուրջ, եւ նախարարության ընդհանուր ծրագրերը մենք իրականացնում ենք Եվրոպայի հայ համայնքներում:
Վարչությունը բավականին լավ կարողանում է ապահովել տարածաշրջանի մասնակցությունը նախարարության ծրագրերին: Լինեն «Մեկ ազգ, մեկ մշակույթ», «Արի տուն» ծրագրերը, թե տարբեր համաժողովներ, կարողանում ենք հնարավորինս լավ տեղեկացնել համայնքին եւ ապահովել տարածաշրջանի մասնակցությունը:
Հիմնական եւ կարեւոր ձեռքբերումը, որ եղավ այս տարի, երկու համայնքներում համակարգող խորհուրդների ստեղծումն Էր: Ֆրանսիայում կա երկրի ողջ հայ համայնքը ներկայացնող Ֆրանսիայի հայկակական կազմակերպությունները համակարգող խորհուրդ, որն օրինակելի կազմակերպություն է եւ ներառում է բոլոր կուսակցությունները, եկեղեցու երեք ճյուղերը. բոլոր հայկական կազմակերպությունները մեկական ներկայացուցիչ ունեն այդ խորհրդում:
Խորհուրդը, որը գործում է արդեն 15 տարի, ամեն տարի ընտրում է նախագահ, ով ներկայացնում է ամբողջ Ֆրանսիայի հայ համայնքը, ինչը մեծապես հեշտացնում է համայնքի հետ նախարարության աշխատանքը: Այս մոդելը փորձեցինք կիրառել այլ երկրներում նույնպես: Ի դեպ, ընթացիկ տարվա առաջին կիասամյակում հաջողվեց այդ մոդելն ստեղծել նաեւ Իսպանիայում` Բարսելոնում: Այդ կառույցին արդեն անդամակցում են մի քանի հայկական կազմակերպություններ, բայց դեռ անելիք կա` մյուսներին նույնպես միասնական համայնքային խորհուրդ բերելու համար: Տարվա երկրորդ կիսամյակում նույնը հաջողվեց ստեղծել Հոլանդիայում, որտեղ առանց կենտրոնացված խորհրդի աշխատող բավականաչափ հայկական կազմակերպություններ կան:
Առաջիկայում, ավելի կոնկրետ` նոյեմբերին, վարչության արդյունավետ աշխատանքի շնորհիվ Փարիզում կանցկացվի Եվրոպական բոլոր երկրների հայ համայնքների ղեկավարների ժողով, որտեղ ավելի կազմակերպված Եվրոպայի հայ համայնքը կսկսի աշխատել 2011 թվականի ծրագրերի ռազմավարության մշակման ուղղությամբ: Առաջիկա խնդիրներից մեկն այն է, որ եվրոպական այն երկրներում, որտեղ դեռ չի ճանաչվել Հայոց ցեղասպանությունը, համայնքների միասնական աշխատանքով հասնել ոճիրի ճանաչմանը: Նույն մոտեցումն են պահանջում նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման, Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը հակահարված տալու եւ այլ կարեւորագույն հիմնախնդիրների լուծումը:
-Ի՞նչ խնդիրներ ունի վարչությունը:
-Վարչությունը պրոբլեմատիկ ոչ մի խնդիր չունի, քանի որ Եվրոպայի հայ համայնքների հետ ամուր համագործակցության մեջ է: Բացի այդ, ընկերական կապերի եւ վստահության ներքո ենք աշխատում:
-Ինչպե՞ս կգնահատեք նախարարության երկու տարվա աշխատանքը:
-ՀՀ սփյուռքի նախարարության երկու տարվա աշխատանքը դրական եմ գնահատում: Կարծում եմ, որ նախարարությունը շատ արգասաբեր է աշխատել, որը ցավոք շատ քաղաքացիներ չեն նկատում:
-Ի՞նչ կմաղթեք երկու տարեկան նախարարությանը:
-Երկամյա նախարարությանը ցանկանում եմ նույն արդյունավետությամբ արտահայտվող աշխատանքով էլ ավելի ամրապնդել կապերը Սփյուռքի հետ` իհարկե չմոռանալով նաեւ Ղարաբաղը` մեր անբաժանելի մասը: Այսինքն` Հայաստան-Սփյուռք գործակցությունը վերածվի Արցախ-Հայաստան-Սփյուռք գործակցության: Կարողանանք իրոք Սփյուռքի 7 մլն. հայությանը համախմբել` միասնաբար հանդես գալու եւ համազգային խնդիրների լուծմանը հասնել` ողջ ներուժը օգտագործելով եւ նպատակ ունենալով Հայաստանի եւ Արցախի հզորացումը հօգուտ ողջ հայության բարօրության: