Արամ Առաջինը ողջունում է Հայոց ցեղասպանության ընդունման Գերմանիայի քաջ քայլը
Գերմանիայի Խորհրդարանի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևից անմիջապես հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Գերմանիայի Վարչապետ Անգելա Մերկելին՝ ողջունելով պատմական նշանակություն ունեցող Գերմանիայի քաջ քայլը:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Արամ Առաջինն այն համարել է պերճախոս վկայություն մարդու իրավունքների նկատմամբ, ինչպես նաև աշխարհին ուղղված պատգամ՝ անցյալին պատասխանատու կերպով մոտենալու կարևորությունը հիշեցնող:
Վեհափառ Հայրապետը նաև հիշեցրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ևս զոհ է Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացրած Ցեղասպանության և թե ինչպես են իր նախորդներին՝ Սահակ Բ Կաթողիկոսին միաբանության հետ հարկադրաբար թուրքական իշխանությունները հեռացրել ավելի քան 700 տարվա պատմություն ունեցող Սիսի կաթողիկոսարանից:
Անդրադառնալով Գերմանիայում եկեղեցիների դերակատարությանը՝ Նորին Սրբությունը՝ որպես Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ատենապետ և հաշվի առնելով Գերմանիայի եկեղեցիների հետ ունեցած իր միջեկեղեցական հարաբերությունները, ընդգծել է նրանց հանձնառությունը՝ արդարության վերականգման նկատմամբ և պայքարը անպատժելիության դեմ: