Ուզբեկստանի հայկական համայնքի առօրյան

Հետաքրքիր շատ միջոցառումներ Ուզբեկստանի հայկական համայնքում ավանդույթի ուժ են ստացել, և նախապես այդ մասին ազդարարելու անհրաժեշտություն գրեթե չի լինում։ Հայերը գիտեն, որ ամեն տարի հունվարին Տաշքենդում և Սամարղանդի «Լույս» մշակութային կենտրոնում հայկական համայնքի ամենափոքր ներկայացուցիչների համար կազմակերպվում են ամանորյա միջոցառումներ, նշվում է Սուրբ Ծնունդն ու Տեառնընդառաջը։ Համայնքի անդամները ավանդաբար մասնակցում են նաև Նովրուզին նվիրված միջոցառումներին:
Փետրվարի 14-ին Ուզբեկստանի հայկական մշակութային կենտրոնի և Սամարղանդի «Լույս» կազմակերպության նախաձեռնությամբ Տաշքենդի Սուրբ Փիլիպոս և Սուրբ Աստվածածին եկեղեցիներում կազմակերպվում է Տեառնընդառաջի տոնակարգ:
Փետրվարի 21-ին Ուզբեկստանի Տաշքենդ և Սամարղանդ քաղաքներում կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված Մայրենիի միջազգային օրվան, որոնց ընթացքում հնչում են հայկական ժողովրդական երգեր և հայ գրականության դասականների՝ մայրենիին ձոնված բանաստեղծություններ:
Մարտն իր հետ բերում է ավանդույթի ուժ ստացած երկու միջոցառում՝ Կանանց տոնն ու Հայկական մշակույթի փառատոնը, որի շրջանակներում Տաշքենդի կենտրոնական զբոսայգում բացվում է հայկական տաղավար։ Իզուր չէ, որ հենց այդ տաղավարի մոտ են ամենից շատ խմբվում այցելուները. ծանոթանում են հայկական մշակույթի նմուշներին, ունկնդրում հայկական երաժշտություն, հյուրասիրվում հայկական խոհանոցի ազգային ուտեստներով՝ ժենգյալով հաց, գաթա և ածիկ, հիանում հայ պատանիների ու աղջիկների գեղեցիկ պարով։
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Տաշքենդում և Սամարղանդում Ուզբեկստանի հայերը տոնել են Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը և քահանա տեր Գառնիկ Լոռեցյանի ձեռամբ հաղորդակցվել Սուրբ Պատարագի հնագույն առեղծվածին: Ուզբեկստանի հայկական ազգային մշակութային կենտրոնի նախագահ Մարտին Սեթյանը հնչեցրել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի խոսքը: Ռուս Ուղղափառ եկեղեցու թեմի կողմից Սուրբ Փիլիպոս եկեղեցի է բերվել հատուկ կրակով ճրագը, որը հավաքվածները հրճվանքով են ընդունել:
Համայնքում շատ լավ են հիշում նաև ապրիլի 7-ը, որն այստեղ Մայրության ու գեղեցկության տոն լինելուց զատ վերածվում է հայ մայրերի փառաբանության տոնի։ Համայնքը հավաքվում է Տաշքենդում՝ Թամարա Խանումի տուն-թանգարանում, և Ուզբեկստանի հայկական մշակութային կենտրոնի ղեկավար Մարտին Սեթյանի, «Դեպի ապագա» ամսագրի գլխավոր խմբագիր Գեորգի Սահակովի և Տաշքենդի հայկական մշակութային կենտրոնի ղեկավար Կարինե Մարտիրոսյանի ջանքերով անմոռանալի պահեր պարգևում հայ կանանց՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։
Որպես բարի ավանդույթ՝ մայիսի 9-ի վաղ առավոտյան Տաշքենդի հայկական ազգային մշակութային կենտրոնի երիտասարդական կազմակերպության ակտիվիստներն այցելում են Տաշքենդի հերոսների հուշահամալիր և տասնյակ դիվանագիտական պատվիրակությունների հետ միասին ծաղկեպսակ տեղադրում՝ «Ուզբեկստանի հայերի կողմից» մակագրությամբ: «Տոն՝ արցունքոտ աչքերով». այսպես է կոչվում ավանդական տոնական միջոցառումը, որը մեկնարկում է մայիսի 9-ի երեկոյան Ուզբեկստանի Հայկական ազգային մշակութային կենտրոնում:
Համայնքում չեն մոռանում նաև երեխաների պաշտպանության օրը և ամեն տարի մի գեղեցիկ անակնկալ են պատրաստում հայ երեխաների համար։
Սպասված տոներից են նաև Վարդավառն ու Մարիամ Աստվածածնի տոնը, Խաչվերացն ու Երևանի օրը։
Ուզբեկստանի պետական կոնսերվատորիայի դահլիճում հաճախ են կազմակերպվում հայկական հոգևոր երաժշտության երեկոներ, որոնց ընթացքում հնչում են հայկական երգչախմբային ստեղծագործություններ։ Համայնքում մեծ համարում ունի Կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Լուսինե Այրունց), որի կատարմամբ Կոմիտասի, Մակար Եկմալյանի և Ալեքսանդր Հարությունյանի, ինչպես նաև ժամանակակից հեղինակներ Դանիել Երաժիշտի և Արթուր Բոբիկյանի գործերը հանդիսատեսի կողմից ընդունվում են մեծ ջերմությամբ:
Համայնքում մեծ խանդավառությամբ է նշվում ՀՀ Անկախության օրը։ Տաշքենդի Ուլուգբեկի այգում Ուզբեկստանի և Տաշքենդի հայկական ազգային մշակութային կենտրոնների նախաձեռնությամբ այդ օրն անցկացվում է տոնական մեծ միջոցառում:
Համայնքային կազմակերպությունն աջակցում է նաև կարիքավոր ընտանիքներին, հոգում նրանց՝ մշտական բնակության նպատակով Հայաստան տեղափոխվելու ճանապարհածախսը։ Այսպես, 2015 թ. ապրիլին դեսպան Արա Սահակյանի օգնությամբ և համայնքի միջոցներով կազմակերպվեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների 7 հոգուց կազմված մի ընտանիքի տեղափոխումը Հայաստան։
Գարնան հետ շարունակում է թափ առնել նաև մարզական կյանքը։ Չէ՞ որ Ուզբեկստանում անհամբեր են սպասում մինի ֆուտբոլի միջազգային մրցաշարին, որին մասնակցում են Ուզբեկստանի ազգային փոքրամասնությունների 15 համայնքային կառույցների թիմերը։ Ի դեպ, այս տարի լրանում է մրցաշարի մեկնարկի 10 տարին։ Համայնքում հպարտությամբ են նշում, որ այդ ընթացքում ընդհանուր հաշվով անցկացվել է 60 խաղ, որոնց ընթացքում խփվել է 410 գոլ։
Ամեն բացվող օր իր հետ մի նոր ուշագրավ նախաձեռնություն, նոր հետաքրքիր ձեռնարկ է բերում, և ամենակարևորն այն է, որ դրանք բոլորը մի միտում ունեն՝ օգնել հային Ուզբեկստանում պահելու իր ազգային ինքնությունն ու հայկական նկարագիրը, մայրենի լեզուն ու մշակույթը։ Դժվա՞ր է։ Այո՛։ Բայց Ուզբեկստանի հայկական մշակութային կենտրոնի ղեկավարներն ու ներկայացուցիչները լավ գիտեն, որ կարևոր և շնորհակալ գործ են կատարում, ընդ որում ոչ միայն իրենց, այլև իրենց զավակների ու թոռների համար։
Աստված աջակից նրանց հայրենաշունչ ու հայանպաստ բոլոր ծրագրերին։