Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Թուրքիային կոչ են արել ներողություն խնդրել Ցեղասպանության հարցում
Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցին նվիրված 30 րոպեանոց կարճ քննարկում է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում: Այն նախաձեռնել էր Լեյբորիստական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր, Հայբրիտանական միջխորհրդարանական միության բրիտանական խմբի անդամ Ստեֆըն Փոունդը:
Բրիտանացի խորհրդարանականներին ներկայացնելով Հայոց ցեղասպանության ականատեսների` Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի, Հայոց ցեղասպանությունը վերապրած Գրիգորիս Բալաքյանի վկայությունները` Ստեֆըն Փոունդն իր ելույթում նշել է. «Կարևոր է, որ մենք այս պալատում քննարկենք այս հարցը և ցույց տանք, որ գիտենք այդ խնդրի մասին: 1.5 մլն հայեր քշվել են Սիրիայի անապատներ` մահանալու այրող արևի տակ: Համակենտրոնացման ճամբարներ տանող մահվան երթի ժամանակ նախ սպանել են տղամարդկանց, ապա Ներքին գործերի նախարարը հրահանգել է. «Սպանել կանանց, տղամարկանց և բոլոր երեխաներին, ովքեր իմ ծնկի չափ են»:
«Եթե դա ցեղասպանություն չէ, ապա ես իսկապես չգիտեմ, թե որն է ցեղասպանությունը», ասել է Փոունդը: Նա հավելել է, որ միայն Տրապիզոնում 40 000 հայ է սպանվել: Շատերին դրել են նավերը, տարել Սև ծով և խեղդել, մարդկանց ներարկել են որովայնային տիֆի վարակով, փորձարկումներ արել երեխաների վրա: Տրապիզոնում տեղի ունեցածի ականատեսն է եղել Տրապիզոնում Իտալիայի գլխավոր հյուպատոս Ջիակոմո Գորրինին: Քննարկման ընթացքում բրիտանացի խորհրդարանականներից մեկն էլ բարձրացրել է Թուրքիայի կողմից ներողություն խնդրելու անհրաժեշտության հարցը, որին քննարկման հեղինակը համաձայնել է:
Ինչպես «Արմենպրես»ի հետ հեռախոսազրույցում ասաց Հայբրիտանական միջխորհրդարանական միության բրիտանական կողմի համանախագահ Ջոն Ուիթինգդեյլը, քննարկման նպատակն էր բարձրացնել բրիտանացի պատգամավորների իրազեկվածությունը Հայոց ցեղասպանության մասին և ոգեկոչել ցեղասպանության 100րդ տարելիցը: «Բրիտանական խորհրդարնում մենք տարբեր ցեղասպանությունների ոգեկոչման միջոցառումներ ենք անցկացնում: Բոլորովին վերջերս ոգեկոչեցինք Հոլոքոստի զոհերի հիշատակը: Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցը, ուստի կարևոր է քննարկում սկսել, որպեսզի մարդիկ հիշեն տեղի ունեցածը և դասեր քաղեն դրանից: Այդ կերպ մենք կարող ենք երաշխավորել, որ նման սարսափելի իրադարձություններ այլևս տեղի չունենան», ասաց խորհրդարանականը:
Ջոն Ուիթինգդեյլը նաև նշեց, որ այս տարվա վերջին նախատեսվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման կարգ մատուցել Վեսթմինիսթերյան աբբայությունում: «Ես գիտեմ, որ մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանն ակնկալում է, որ նման պատարագի մատուցում կազմակերպվի», հայտնեց նա: