Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Բաքվի Եվրոպական խաղերին

Հայաստանի բռնցքամարտիկները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին: Բռցնքամարտի ֆեդերացիան նման որոշում կայացրեց 7­-րդ համագումարի ժամանակ:

«Այո, մենք կմասնակցենք Բաքվի խաղերին: Որպես մարզիկ, որպես զինվոր չենք կարող հրաժարվել մարտից: Եթե կլինի քաղաքական որոշում, որ չենք մասնակցում, որ մեր անվտանգության երաշխիքներն ապահոված չեն, ապա մենք չենք գնա: Քանի դեռ չկա` մենք մարզվում ենք, ձևավորում ենք թիմ, որպեսզի մասնակցենք այդ խաղերին»,-­«Արմենպրես»-­ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում փաստեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:

Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերում բռնցքամարտի հավաքականը կգլխավորի ոչ թե Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, այլ երիտասարդական հավաքականի մարզիչ Կարեն Աղամալյանը: «Պարոն Աղամալյանն իմ առաջարկից հետո համաձայնեց ներկայացնել թիմը Բաքվում: Նրան այստեղ կայանալիք նախապատրաստական շրջանում կօգնի Դավիթ Թորոսյանը»,­փաստեց Գևորգյանը: Մարտի 10­ին տեղի ունեցած նիստում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշում է կայացրել մասնակցել Բաքվում անցկացվելիք Եվրոպական առաջին խաղերին: Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվանդո, հրաձգություն:

Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականին։ Նման որոշում ընդունվել էր 2012 թվականին Եվրոպական օլիմպիական կոմիտեի նիստում: Այս խաղերի համար նախատիպ են եղել Համաամերիկյան եւ Ասիական խաղերը: Եվրոպական խաղերի ծրագրում կընդգրկվեն 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական մարզաձևեր:

Scroll Up