Այնթափի հայերի կոտորածի մանրամասների մասին պատմում է Ումիթ Քուրթը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/Ումիթ-Քուրթ.jpg)
Թուրք պատմաբան Ումիթ Քուրթը, որն ԱՄՆ-ի Կլարկ համալսարանում ուսումնասիրում է Այնթափի հայերի կոտորածները, հարցազրույց է տվել Ստամբուլի «Ակօս» թերթին: Ումիթ Քուրթի ուսումնասիրության կենտրոնում Օսմանյան կայսրության այս կամ այն գավառում իրականացված Հայոց ցեղասպանության հարցն է: Նա պատմում է, թե ինչպես է Այնթափի հայությունն աքսորվել, ինչ պաշտոններ են ստանձնել հայերի կոտորածների մասնակիցները հանրապետական Թուրքիայում և ինչպես է Թուրքիան յուրացրել հայկական գույքը: Հոդվածը թարգմանությամբ և կրճատումներով ներկայացնում ենք ստորև:
– 1915 թվականից առաջ հայերի և Այնթափում ապրող մյուս ազգերի հարաբերությունները շա՞տ լարված էին։
Մինչև 19-րդ դարի վերջին քառորդը Այնթափում հայերի և տեղի մահմեդական բնակչության միջև հարաբերական ներդաշնակ հարաբերություններ էին հաստատվել։ Սակայն հենց այդ շրջանում՝ հատկապես տնտեսական և կրթական ոլորտում, հայերի հաջողությունները և դրան զուգահեռ թուրք-մուսուլման բնակչության տեղում դոփելը պատճառ դարձան, որ նույն տարածաշրջանի երկու տարբեր ժողովուրդների միջև բաժանարար գծեր առաջանան: Մահմեդական բնակչությունը չէր ընդունում հայերի «գերազանցությունը», նախանձում էր հայերին, ինչն էլ վերջ տվեց գոյություն ունեցող հարաբերական ներդաշնակությանը։
– Ե՞րբ սկսեցին վատթարանալ հարաբերությունները։
Հայ առևտրականների առանձնահատուկ դիրքը պատճառ էր դառնում, որ նախանձը վերածվի ոխի և հարաբերությունները գնալով վերածվեն առճակատման: Առաջին անգամ այն սկսվեց 1895թ․ նոյեմբերին։ Այդ ժամանակ հայերի ջարդ տեղի չունեցավ տնտեսական հարաբերությունների կենտրոն համարվող շուկայում: Տնտեսական շարժառիթի առումով բացարձակապես զարմանալի չէ:
Սահմանադրության հռչակումից հետո Այնթափում հայերը, որոնք արդեն զանգվածային կոտորածների ենթարկվելու փորձառություն ունեին, սկսեցին զինվել։ Հատկապես Դաշնակցության գլխավորությամբ այնթափցիներն ավելի քաղաքականացվեցին։ Դա էր հիմնական պատճառը, որ 1909թ․ ապրիլին Ադանայում սկսված և Դորթյոլը, Օսմանիյեն, Դյուզջեն, Քիլիսն ընդգրկած ջարդերը Այնթափում չեղան:
– Այնթափում 1915թ․ ո՞ր ամսին սկսվեց տեղահանությունը։
Այնթափի հայության տեղահանությունն սկսվում է Անատոլիայի մյուս վիլայեթներից բավական ուշ՝ հուլիսին 30-ից օգոստոսի 1-ը։ Այնթափը մինչ 1915թ․ հատկապես Զեյթունի, Մարաշի, Սեբաստիայի, Էլբիստանի, Գյուրունի և Ֆըռնուզի վայրերից աքսորված հայերի համար կարծես տարանցիկ ուղի լիներ։ Հայերն Այնթափի Աքչաքոյուն և Քաթման գնացքի կայարաններից ուղարկվում էին Հալեպ։ Այդ պատճառով տեղեկություններ ունենք, թե ինչ է տեղի ունեցել Այնթափի հայության հետ։ Արդեն 1915թ․ մայիսի 3-ին, թվարկված գավառներից Այնթափ 300 հոգանոց հայ աքսորյալների քարավան է գալիս:
Աքսորյալների քարավանը՝ ամբողջությամբ բաղկացած կանանցից ու երեխաներից, գալիս էր Զեյթունից։ Նրանց սպասեցնում են Այնթափից 15 կմ հեռավարության վրա գտնվող Քավաքլըք կոչվող վայրում։ Քաղաք հասցնելու կամ նրանց օգնելու համար աքսորյալները պետք է կաշառք տային քարավանները հսկողներին։ Գիշերը Քավաքլըքում մնացած աքսորյալները հարձակման են ենթարկվում ու թալանվում, կողոպտվում է նրանց ունեցած-չունեցածը։
Մինչև հուլիսի վերջին շաբաթը աքսորյալների քարավանները շարունակում էին հասնել քաղաք, իսկ նրանց դեմ հարձակումները կազմակերպում էր դեռևս 1915թ․ ապրիլին քաղաք եկած Թեշքիլաթը-Մախսուսայի բարձրաստիճան անդամներից հրոսակապետ Ալի բեյը։
– Ինչո՞ւ էր Այնթափի աքսորն ուշանում:
Այնթափը մինչև հուլիսի վերջ տեղահանվող գավառների ցանկում չլինելու պատճառներից մեկն այն էր, որ քաղաքի կառավարիչ Շյուքրու Բեյը և ռազմական հրամանատար Հիլմի բեյը դեմ էին նման որոշմանը։ Սա հստակորեն ի ցույց է դնում, որ Ցեղասպանության ընթացքում կենտրոնական և տեղական իշխանությունների միջև անվերապահ համաձայնություն չկար։ Չնայած նրանց դիրքորոշմանը՝ Այնթափի երևելի մարդիկ՝ Ալի Ջենանի և Ֆադըլ բեյերը 1915թ․ մարտից հակահայկական քաղաքականությամբ են զբաղվում և հսկայական ջանքեր գործադրում համոզելու կենտրոնական կառավարությանը աքսոր կազմակերպելու համար։
Նրանք Ստամբուլ հեռագրեր են ուղարկում և կառավարությանը հայտնում, թե հայերը նախապատրաստվում են հարձակվել տեղի մզկիթների վրա, սպանել թուրքերին, բռնաբարել կանանց, վառել ու ավիրել թուրքերի տները, թալանել դրանք: Այդ զեկույցների հիման վրա Ռազմածովային ուժերի նախարար Ջեմալ փաշան իր տեղակալ Ֆահրի փաշային ուղարկում է Այնթափ տեղում դրությունը հանգամանորեն քննելու համար։ Նրա պատրաստած զեկույցում ասվում է, որ չի գտնվել որևէ փաստ, որը կապացուցի հեռագրերում առկա տեղեկությունները։
– Ինչո՞ւ է հուլիսին ընդունվում տեղահանության որոշումը:
Հուլիսի վերջին «Միություն և առաջադիմություն» կուսակցության պատասխանատու քարտուղար Ջեմալ բեյը Այնթափ է գալիս։ Նրան Այնթափ ուղարկելու նպատակը հետևյալն էր․ Այնթափի ճանաչված և ղեկավար մարդկանց միջոցով համոզել Ստամբուլին՝ աքսորելու Այնթափի հայերին: Ջանքերն արդյունք են տալիս և հուլիսի 29-ին Ստամբուլն ընդունում է տեղահանության որոշումը։ Քաղաքում հավաքված իթթիահատականներն անմիջապես կազմում են Այնթափից աքսորվող հայերի ցուցակը։ Այդ ընթացքում քաղաքի կառավարիչ Շյուքրու բեյն ու ռազմական հրամանատար Հիլմի բեյը հրաժարական են ներկայացնում։
Հուլիսի 30-ին շրջիկ մունետիկները կարդում են աքսորի հրամանը։ 1915թ․ օգոստոսի 1-ին, 4-ին, 8-ին, 11-ին և 13-ին այնթափցի առաքելական հայերի վեց քարավան բռնում է աքսորի ճանապարհը: 1915թ․ սեպտեմբերին հետևում է կաթոլիկ հայերի, իսկ դեկտեմբերին՝ բողոքական հայերի տեղահանությունը։
– Այնթափի առևտրականները ներգրավա՞ծ էին Ցեղասպանության մեջ:
Այնթափի վարչական, քաղաքական և քաղաքացիական դերակատարները աքսորելու գործում կենտրոնական կառավարությունից շատ ավելի պատրաստակամ և հաճկատար էին։ Հատկապես ցանկանում եմ խոսել Այնթափի երկու տեղական ղեկավարի մասին։ Նրանից մեկը՝ Այնթափի պատգամավոր, Այնթափում «Միություն և առաջադիմություն» կոմիտեի հիմնադիր անդամ Ալի Ջենանին էր, իսկ մյուսը հայերի տեղահանությանը մշտապես դեմ արտահայտվող և տեղահանության որոշումից հետո հրաժարական ներկայացրած Շյուքրու բեյին փոխարինած Ահմեդ բեյը:
Ալի Ջենանին և Ահմեդ Բեյը ոչ միայն ակտիվ դեր են կատարում Այնթափի հայերի տեղահանության գործում, այլև ժողովրդի մեծ մասին ներքաշում են այդ գործընթացի մեջ։ Այնթափի հայերին աքսորելուց հետո նրանց գույքը, հարստությունը բռնագրավելու և թալանելու գործում էլ ակտիվ մասնակցություն են ցուցաբերում։ Հատկապես Ահմեդ բեյը տեղի բնակչությանը հայերի գույքին ու տունուտեղին տիրանալու երաշխիք է տալիս և ներառում կոտորածների իրականացման մեջ։
Շուրջ 15 հազ․ հայերի գույքը բռնագրավելու համար հատուկ կոմիտե է ստեղծվում, որի անդամներից Դաբբաղ Կիմազադեն, Քադիր Նուրիբեյօղուն և Զեքի Հաջըհալիլզադեն մեկնում են Դեր Զոր և երբ անձամբ համոզվում են, որ հայերը կենդանի մնալու և Այնթափ վերադառնալու հնարավորություն չունեն, որից հետո վերադառնում և արագացնում են գույքի բաժանման գործընթացը։
շարունակելի
http://civilnet.am/