Դեսպան Ապիտոնյանը հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակի հետ

Փետրվարի 19-ին տեղի ունեցավ Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանի հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) խոսնակ Էէրո Հեյնյալուոմայի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ֆիննական հարաբերությունների օրակարգային հարցերը, կարևորվեց երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնումը։
Դեսպանը վերահաստատեց ՀՀ կառավարության պատրաստակամությունը Եվրոպական Միության և ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ։ Երկուստեք ընդգծվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև նոր իրավական հիմքի ձևավորման կարևորությունը։
Բարձր գնահատելով արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը սատարելու ուղղությամբ Ֆինլանդիայի գործադրած ջանքերը՝ դեսպանը ներկայացրեց հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումները: Զրուցակիցները կարևորեցին հակամարտության կողմերի ստանձնած միջազգային պարտավորությունների և մասնավորապես խնդրի բացառապես խաղաղ կարգավորման պարտավորության անվերապահ կատարումը:
Դեսպան Ապիտոնյանը Էէրո Հեյնյալուոմային տեղեկացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը նվիրված առաջիկա միջոցառումների մասին: