Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտող նոր գիրք է լույս տեսել և ձոնվել Էրդողանին
Պատմական ստեղծագործություններով թուրք ընթերցողին հայտնի Քադիր Մըսըրօղլուի հերթական ստեղծագործությունը նվիրված է Հայկական հարցին: Այս մասին գրում է Tert.am-ը:
«Պատմությունից մինչ մեր օրերը. Հայկական հարցն ու վայրագությունները» վերնագրված գիրքը նվիրված է հայերի «տեղահանության» 100-ամյակին:
Այն բաղկացած է 7 բաժիններից:
Գրքի առաջաբանում նշվում է, թե ամեն տարի ցեղասպանության մասին պնդումներով է բնութագրվում «1915-ի տեղահանությունը», որն իրականում «փոխադարձ հարվածներ» է եղել:
Ապա հայերի հասցեին մեղադրանքներ են հնչում, թե այդ ամենը տեղի են ունեցել միայն «Օսմանյան կայսրությանն անհավատարիմ» հայերի պատճառով և որ նախահարձակ եղողները հենց հայերն են եղել, իսկ թուրք ազգն այդ ամենը «մոռացել է ու ներել»:
Ի դեպ, Քադիր Մըսըրօղլուն իր այս ստեղծագործությունը ձոնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«1915 թվականի տեղահանության ընթացքում տարբեր պատճառներով զոհված հայերի ժառանգներին ցավակցած, առաջին անգամ թուրք ժողովրդի կողմից առաջնորդ ընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ձոնելը մեծ պատիվ է ինձ համար»,- գրել է հեղինակը: