ՀՀ սփյուռքի նախարարը շնորհավորել է Հրանտ Մարգարյանին

ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ
Մեծահարգ ընկեր Մարգարյան,
Իմ ջերմ ողջույններն ու շնորհավորանքներն եմ հղում Ձեզ` ՀՅԴ 32-րդ Ընդհանուր ժողովի արդյունավետ ավարտի, նոր Բյուրոյի ընտրության, ինչպես նաև Բյուրոյի ներկայացուցիչ վերընտրվելու առիթով:
Դուք Հայաստանի անկախության տարիներին Ձեր խելացի, հավասարակշիռ կեցվածքով, Ձեր բանիմացությամբ և հեռատեսությամբ, շրջահայացությամբ և սկզբունքայնությամբ կարողացաք կուսակցության ներուժը ծառայեցնել պետության կայացման, Արցախի անկախության ևպաշտպանության հայրենանվեր գործին: Դուք հայկական աշխարհի ամենահեղինակավոր քաղաքական գործիչներից եք, Ձեր խոսքը հատու է, իմաստալից և գործնական:
Միաժամանակ խնդրում եմ փոխանցել իմ շնորհավորանքները նաև ընկերներ Վիգեն Բաղումյանին, Վիգեն Յակուբյանին, Հակոբ Խաչերյանին, Կիրո Մանոյանին, Խաչիկ Մուրադյանին, Բենիամին Պչաքչյանին, Հակոբ Տեր-Խաչատուրյանին, Արմեն Ռուստամյանին, Սպարտակ Սեյրանյանին, Մուրադ Փափազյանին:
Նրանք հայ իրականության մեջ գործող այն հեղինակավոր գործիչներից են, որոնք աչքի են ընկել մեծ փորձառությամբ, վայելում են հայ համայնքների սերն ու համակրանքը, Հայաստանում նրանց բոլորը գիտեն որպես հասուն գործիչներ և վայելում են ոչ միայն կուսակիցների, այլև իրենց հայրենակիցների վստահությունը:
Համոզված եմ, որ, համախմբվելով ՀՅԴ Բյուրոյի կազմում, իբրև կուսակցության գաղափարներ, իսկական նվիրյալներ` մեծապես կնպաստեք Հայոց պետության ամրացման և անվտանգությանն ուղղված քայլերին, ձեր անմնացորդ ավանդը կբերեք Արցախի դատի վերջնական լուծման գործում, հետևողական աշխատանքներ կտանեք աշխարհասփյուռ համայնքներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին հավուր-պատշաճի նախապատրաստվելու և արարողությունները բարձր պատասխանատվությամբ և բծախնդրությամբ իրականացնելու գործին, ինչպես նաև այդ պատմական տարեթիվը համազգային նոր առաջնահերթությունների լուծման մեկնակետ դարձնելուն:
Հայրենիքի համար բարդ և պատասխանատու պահերին ՀՅԴ-ը իր բոլոր կառույցներով, մշտապես հանդես է եկել կառուցողական և ազգանպաստ նախաձեռնություններով, բազմիցս է ապացուցել իր նվիրումը հայրենի պետության հզորացման, երկրի պաշտպանունակության ամրապնդման, կայունության ապահովման գործին:
2015 թվականը թող դառնա սփյուռքի հայ համայնքներում հայրենասիրություն, հայրենապաշտություն և պահանջատիրություն ներշնչելու ձեր առաքելության գլխավոր հանգրվաններից մեկը:
Մաղթում եմ նորընտիր Բյուրոյի բոլոր անդամներին հաջողություն, ազգանվեր ձեռնարկումներ` ի փառս հզոր Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայության միասնականության:
ԽՈՐԻՆ ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ