Քուվեյթի հայ լուսավորիչը

Շքեղությունների հանդեպ մեծ սիրով հայտնի աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը մութն ընկնելուն պես լուսավորվում է Նազոյի շնորհիվ: Այս մասին գրում է imyerevan.com կայքը:

Քուվեյթի հայտնի շինությունների և մեծահարուստների առանձնատների ամենահայտնի դիզայներներից մեկը Նազարեթ Մոսիսյանն է: Լուսավորության դիզայներն իր լուսավորչական գաղափարներով նավթային գերտերությունում է ծնվել ու մեծացել: Ծնվելն այստեղ բավական չէ Քուվեյթի քաղաքացիություն ստանալու համար, ուստի ինքը փաստացի Լիբանանի, իսկ «հոգով ու սրտով» ՀՀ քաղաքացի է:

«Ընտանիքս Քուվեյթ է եկել Լիբանանից, բայց մենք մեծացել ենք մեկ հայրենիքի գաղափարով: Հայաստանն է մեր հայրենիքը, չնայած այստեղ եմ ծնվել: Իրականում Քուվեյթը բավականին փակ երկիր է, բայց հայերս այստեղ առանձնահատուկ տեղ ունենք: Մեր համայնքը Քուվեյթի ամենամեծ ու հայտնի քրիստոնյա համայքներից է»:

Քուվեյթի հայկական համայնքը միակն է, որն ունի եկեղեցի և դպրոց, իհարկե ըստ Քուվեյթի օրենքների, դրանք չեն կարող պատկանել հայերին, բայց երկար ժամանակով վարձակալության են տրված: Հայկական վարժարանում լուսավորչական գաղափարներով ոգևորված Նազարեթն ավարտելուց հետո անցավ գործի, որպեսզի բառի բուն իմաստով լուսավորի քաղաքը:

«Դուբայում սովորելուց հետո վերադարձել եմ այստեղ, սկզբում ինտերյերի դիզայնով էի զբաղվում, բայց կամաց-կամաց սկսեցի աշխատել լուսավորության դիզայնի ոլորտում: Լույսերի տարբեր երանգների միջոցով հնարավոր է տրամադրություն փոխել: Դասական ջահերից մինչև պարզ լամպեր՝ ամեն ինչ կարող է լույս տալ, բայց լուսավորություն հաղորդելն ուրիշ զգացողություն է»:

Քուվեյթի հայ լուսավորիչն աշխատում է թե՛ մեզ հայտնի տեխնոլոգիաներով, թե՛ նոր հնարքներով: Էկոլոգիապես մաքուր ու շրջակա միջավայրը չկեղտոտող լույսերը հիմա ամենապահանջվածն են ու նաև թանկարժեքը: Չնայած գնի մասին Քուվեյթում չեն անհանգստանում՝ կարևորը շքեղությունն է:

«Ամենատեսարժան աշխատանքը որ արել եմ դա հսկայական լուսային գնդերով լուսավորվող ծենքի ինտերիերն է: Դրանք ամրացված են առաստաղին, տարբեր բարձրությունների վրա ու առանձնահատուկ տրամադրություն են ստեղծում: Ունեմ նաև Արտաքին լուսավորության մաշտաբային աշխատանքներ: Այստեղ ես նաև ներկայացնում եմ եվրոպական տարբեր ընկերություններ»:

Լուսավորչական գաղափարներով հիմա Նազոն Քուվեյթի մյուս հայերի հետ պատրաստվում է համայնքային մեգաշոուի: Հայտնի հեռուստանախագծերից մեկով ոգեշնչված՝ Արևելքի ամենահայտնի հայկական համայնքներից մեկը պատրաստվում է «Հայերը տաղանդներ ունեն»՝ Armenians got talent շոուին: Առաջին ուրախ քայլերն արդեն համացանցում են:

mda (1) mda (2) mda

Scroll Up