«Թալեաթ փաշա» կոմիտեն կազմել է 2015-ի իր հակահայկական ծրագիրը

Թուրքիայի «Թալեաթ փաշա» կոմիտեն անհանգիստ դեգերումների մեջ է 2015-ին ընդառաջ:  Կոմիտեի անցկացրած խորհրդակցական ժողովը կազմել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին հայության ձեռնարկելիք գործողություններին հակազդող 2015 թվականի ծրագիրը:

Ինչպես հայտնում է Ermenihaber.am կայքը, օրակարգում, ըստ թուրքական «Ուլուսալ քանալ» լրատվակայքի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) քննվող Փերինչեքի գործով հայցն է և Հունաստանի խորհրդարանի ընդունած ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի դեմ պայքարը: Ժողովի բացումն արել է ադրբեջանցի դաշնակահար Ահմեթի Ջաֆերն իր կենդանի կատարմամբ:

Մասնակիցների թվում է եղել նույն ինքը` տխրահռչակ Դողու Փերինչեքը, ով գլխավորում է «Թուրքիայի աշխատավորական կուսակցություն»-ը: Կոմիտեի նախագահ Իսմաիլ Հաքքը Փեքինը Հայոց ցեղասպանության փաստերն անվանել է ստահոդ և ելույթ ունեցել ժխտողականության դիրքերից: Նա տեղեկացրել է, որ իրենց աշխատանքային պատվիրակությունը հունվարին կմեկնի Հունաստան, որպեսզի ձախողման մատնի վերոնշյալ բանաձևը: Նույն այդ ժամանակ, երբ ՄԻԵԴ-ում քննվելու է Փերինչեքի գործով հայցը, կոմիտեն իբր Եվրոպայով մեկ Փերինչեքին սատարող միջոցառումներ է անցկացնելու:

Scroll Up