Գարեգին Բ Կաթողիկոս. «Մեր սրբազան տաճարների կանթեղների լույսը մշտավառ է` շնորհիվ Գևորգյան հոգևոր ճեմարանի»

Հոկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մեծ հանդիսավորությամբ նշվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 140-ամյակը: Հանդիսությանն իր մասնակցությունը բերեց եղբայրական այցով Մայր Աթոռում գտնվող Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ը, ինչպես նաև ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Մայր Աթոռի միաբանները, կրթության և մշակույթի գործիչներ, մտավորականներ, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական ու դասախոսական անձնակազմը, հոգևոր կրթական հաստատությունների սաները: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Տերունական աղոթքից, Հայաստանի Հանրապետության և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերից հետո ներկաներին ողջունեց Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
«Գևորգյան ճեմարանի հիմնադրումը պատմաբանների կողմից բնութագրվում է որպես Հայ Եկեղեցու բարեկարգության սկիզբ: Սա միանշանակ իրողություն է, բայց ողջ իրականությունը չէ, քանզի արժանին չի մատուցում պատմական ճշմարտությանը: Փաստ է, որ Հայոց Եկեղեցու բարեկարգությունն սկսվեց Գևորգյան ճեմարանից, սակայն դրանով չէր սահմանափակվում հոգևոր կրթարանի վերջնական նպատակը: Գևորգ Դ իմաստուն Հայրապետն ավելի մեծ տեսիլք էր հետապնդում իր մտապատկերում` նրա համար գերակա նպատակ էր հայ ժողովրդի ազատագրության հարցը. Հայրապետի համոզմամբ դրան կարելի էր հասնել հոգևոր վերածնության միջոցով, քանզի միայն կրթված ժողովուրդը կարող էր պայքարել հանուն ազատ կյանքի, դարձնել այն իր համար իմաստ և նպատակ: Գևորգյան ճեմարանը, ըստ էության, դարձավ այն միջավայրը, որը սնեց այս գիտակցությունը հայ ժողովրդի զավակների հոգում, նա հանդիսացավ այն մեկնակետը, որից սկիզբ առավ ազգային վերածնության տեսիլքը` որպես շարունակվող իրադարձություն: Պատահական չէ, որ 20-րդ դարասկզբի հայ գաղափարախոսների հիմնական մասը ճեմարանականներ են: Հակառակ բոլոր տեսակի փորձություններին ու հարուածներին, որ անցնող դարում բաժին ընկան այս հաստատությանն ու նրանից ելած սերունդին, նա մնայուն հաղթանակ գրանցեց հայ կյանքում, դարձավ հավատի, ստեղծագործական պայքարի ներշնչման հավիտենական աղբյուր եւ ոգու հենարան, որ այսօր իբրև նոր ժամանակների սերմնացան ելել է ցանքսի հայ մտքի անդաստանում»,- ասաց Գևորգ Սրբազանը: Ճեմարանի տեսուչը հպարտորեն հաստատեց, որ այսօր Գևորգյան ճեմարանը շարունակում է իր առաքելությունը` հարազատ ու հավատարիմ անցյալի ոգուն և ավանդներին:
Գեղեցիկ հոբելյանի առիթով Հայաստանի հնագույն կրթական հաստատությանը շնորհավորեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Այս նշանակալի իրադարձությունը տոն է ինչպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության, բոլոր ժամանակների ճեմարանականների, այնպես էլ ողջ հայության համար, քանի որ Գևորգյան հոգևոր ճեմարանն է անդրանիկը հայրենիքում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների: Գևորգյան հոգևոր ճեմարանը, հիմնադրվելով մեր պետականության բացակայության պայմաններում, դարձավ լուսե փարոս, հույսի մի շող հայ ժողովրդի գոյության խավար ճանապարհներին: Այստեղից ծնվեցին ժամանակի գրեթե բոլոր առաջամարտիկները ամենատարբեր ասպարեզներում: Լուսավորչի հիմնած Աթոռից սկսեցին ծնվել նոր լուսավորիչներ, որոնք հիրավի իրենց տեղը զբաղեցրեցին մեր մեծերի համաստեղության մեջ: Անգնահատելի է Գհճ-ի ավանդը հայրենի գրականության, գիտության, հասարակական-քաղաքական մտքի, մանկավարժության զարգացման բնագավառում: Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ Ճեմարանն այսօր ևս շարունակում է մնալ իր բարձունքի վրա»,- նշեց նախարարը:
Ամենայն Հայոց Հայրապետին և ներկաներին շնորհավորեց Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքը: Իր խոսքում Ասորի Եկեղեցու հովվապետը, ուրախություն հայտնելով միջոցառմանը մասնակցելու կապակցությամբ, անդրադարձավ գիտելիքի կարևորությանը, ապա այս առիթով ճեմարանի գրադարանին ընծայեց Միքայել Ասորու «Ժամանակագրության» արժեքավոր հրատարակությունը:
Ներկաները դիտեցին Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրմանը, պատմական ուղուն և ներկայիս գործունեությանը նվիրված «Շողակաթ» հեռուստաընկերության «Բաբախող սիրտը» ֆիլմը:
Այնուհետև հանդիսության մասնակիցներին իր պատգամն ու օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Մեր ժողովրդի համար նվիրական անուն է Գևորգյան հոգևոր ճեմարանը, նրա առաքելությունը` գնահատված, նրա հիմնադիրը և ուղին արգասավորողները` մեծարված ու պանծալի: Երանաշնորհ Գևորգ Դ Հայրապետի մեծ տեսիլքի ծնունդն է ճեմարանը: Հոգու լուսաթռիչ հայացքով Հայրապետը տեսավ բարի հովիվների բույլը, ովքեր հավատքի անսասան վեմի վրա կբարձրացնեն ու կպահպանեն Քրիստոսի բանավոր հոտի հոգևոր տաճարը, անառիկ ամրոցը: Գիտելիքն ու կրթությունը կխոյացնեն նրա սրբատաշ պատերը, և Եկեղեցուն ու ազգին անմնացորդ նվիրվելու գաղափարը կպսակի հավերժական կառույցը:
Արդարև, 140 տարիների ընթացքում Գևորգյան հոգևոր ճեմարանը հասակ առավ ու ամրացավ և մշտապես վառ պահեց ուղղափառ հավատքի և ազգային դպրության լույսը: Մեր սրբազան տաճարների կանթեղների լույսը մշտավառ է` շնորհիվ Գևորգյան հոգևոր ճեմարանի: Այսօր հպարտ ենք այն ավանդով, որ ճեմարանը Աստծո օրհնությամբ բերել է հոգևոր և ազգային մեր կյանքում: Այստեղ դասավանդեցին և ճեմարանի հոգևոր անդաստանը ծաղկեցրին մեծանուն մտավորականներ ու հոգևորականներ, նրա լուսեղեն հարկի ներքո հասակ առան մեր ժողովրդին փառք ու պատիվ բերած հայագետներ, գիտության ու մշակույթի ականավոր ներկայացուցիչներ, ինչպես և՝ մեծավաստակ հոգևոր առաջնորդներ: Սերունդները հաջորդեցին միմյանց և իրենց անունները դարերին ի պահ տալով, անցան մշտնջենության, իսկ նրանց գործը շարունակվեց, շարունակվում է և միշտ կշարունակվի:
Նայելով տարիների հեռվից, տեսնում ենք, որ Գևորգյան հոգևոր ճեմարանը ինչպես նկանակ` բաժանվեց, բաշխվեց, հասավ աշխարհի հեռավոր անկյուններում ապրող մեր ժողովրդի զավակներին, հագեցրեց կարոտյալների հոգևոր ծարավն ու քաղցը, բայց չպակասեց, այլ առավել զորացավ ու պայծառացավ և այսօր մեր անկախ պետականության հովանու ներքո պիտի լույս տա մեր ժողովրդի ազատ կյանքի նոր հույսերին: Մենք բոլորս ջանում ենք, որ պայծառ մնա ճեմարանի հոգևոր անդաստանը, և նրա հարկից իրենց քայլերը սկսող մեր զավակները` հավատքի զինվորները Աստծո խոսքով սրբեն ու առաջնորդեն մեր ժողովրդի կյանքը դեպի աստվածախնամ, աստվածօրհնյալ կյանքի ափեր:
Փառք ենք բարձրացնում առ Աստված, որ աճեցրեց ու կենսատու պահեց հոգևոր մեր այս տունը, մեր բոլորի միշտ սիրելի, միշտ նվիրական Գևորգյան հոգևոր ճեմարանը: Մեզանից շատերի համար ճեմարանը հարազատ տուն է, որտեղից սկսվել է մեր հոգևոր ծառայությունը:
…Աղոթք ենք բարձրացնում և աստվածային օրհնություն հայցում լուսահոգի Գևորգ Դ երախտարժան Հայրապետի, ինչպես և՝ ճեմարանի համար խնամք տարած, այն լուսավոր պահած երախտավորների հիշատակին՝ ձեզ հետ միասին հավատ ու վստահություն ունենալով ճեմարանի ընդմիշտ պայծառության և նրա գործունեության առավել ու առավել արդյունավորման հանդեպ»,- ասաց Վեհափառ Հայրապետը:
Նորին Սրբությունն Աստծու զորակցությունը հայցեց ճեմարանի տեսչին և նրա լծակիցներին` հորդորելով մշտապես հայրախնամ հոգածություն դրսևորել սաների կրթական-դաստիարակչական գործում: Վաղվա հոգևոր առաջնորդների և հայ մտավորականների կերտման գործընթացին մասնակից դասախոսներին Վեհափառ Հայրապետը մաղթեց ճեմարանի դերի ու կաևորության նույն գիտակցությամբ շարունակել իրենց նվիրյալ աշխատանքները:
Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն ուղղեց նաև ճեմարանի սաներին. «Սիրելի ճեմարանականներ, բացառիկ շնորհ է, ուսանելը հոգևոր ճեմարանում, որ աստվածադիր հաստատություն է: Ճիշտ է` հիմնադիրները եղել են մեզ պես անհատներ, սակայն Աստծո հայտնությունն է, Աստծո շնորհն է գործել նրանց մեջ, Աստծո ձայնին, կոչին ընդառաջ նրանք իրականացրել են կրթական գործի կազմակերպումը այս հաստատության մեջ: Ճեմարանի ուսանող լինելը և´ շնորհ է, և´ փառք է, և առավել` պատասխանատվություն, որ ուսում առնելով ու կրթվելով այստեղ` նվիրվեք Տիրոջ Սուրբ Սեղանի սպասավորությանը, ձեր ուսերի վրա կարողանաք վերցնել Տիրոջ բանավոր հոտի հոգևոր առաջնորդությունը, որպեսզի ձեր ջանքերով, ձեր հավատքով Աստծո կենարար խոսքը, փրկության հույսը ուղեկցեն մեր ժողովրդին: Մենք վստահ ենք, որ դուք լավագույնս կօգտագործեք ձեզ ընձեռնված ուսման հնարավորությունը, որպեսզի ամբարեք գիտելիքներ, ամբարեք իմաստություն և փորձառություն: Աճեցրեք և զորացրեք ձեր մեջ հավատքի ապրումն ու զգացումը: Հավատքն է գործերին կենդանություն և հավերժություն պարգևողը: Մենք պիտի ուզենք, որ ձեր գործերը լինեն կենդանի գործեր` դեպի հավիտենություն միտված, որպեսզի մեր Եկեղեցու ընթացքը և մեր ժողովրդի կյանքը միշտ լինեն հավերժության լույսով առաջնորդված»:
Նորին Սրբությունը մասնավոր իր գնահատանքը հայտնեց նաև Մայր Աթոռի բարերարներին, ում հանձնառությունների շնորհիվ զորանում ու պայծառանում է Հայ Եկեղեցին, իր առաքելությունն է շարունակում նաև Գևորգյան հոգևոր ճեմարանը:
Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթքով հայցեց, որ Ողորմած Տերն Իր Սուրբ Աջի հովանին տարածյալ պահի հայոց ազգի, Մայր Աթոռի և նրա հոգևոր-կրթական հաստատությունների վրա և զորացնի իրենց կոչման ու առաքելության մեջ:
Հանդիսության ընթացքում ընթերցվեց նաև Ռուս Ուղղափառ Եկեղեցու ուսումնական կոմիտեի նախագահ, Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ռեկտոր Եվգենի արքեպիսկոպոս Վերեյսկու շնորհավորական խոսքը: Ճեմարանի կարևոր դերին անդրադարձան Գևորգյան հոգևոր ճեմարանի նախկին տեսուչ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և ԳՀՃ դասախոս, պ.գ.թ. Պետրոս Հովհաննիսյանը: Քաղվածքներ կատարվեցին նշանավոր ճեմարանականների հուշերից:
Երեկույթին դասական, ժողովրդական և հոգևոր ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Կոմիտասի անվան պետական քառյակը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներն ու երգչախումբը: