Շիրակ և Սեդա Խոջայաններ. «Գլենդելում աշխատում ենք ժողովրդիս հետ, ժողովրդիս համար նշանաբանով…»

Տեր և տիկին Խոջայանները երկար տարիներ է, ինչ հեռավոր ԱՄՆ-ում ազգօգուտ, հայապահպան գործունեություն են ծավալում: Շատ են սիրում իրենց հայրենիքը, աշխատանքի մեջ անձնվիրում և եռանդ ներդնելով՝ ցանկանում են կատարած աշխատանքով օգտակար լինել Հայաստանին:

  Շիրակ Խոջայանը կինոպրոդյուսեր է, խմբագիր և կինոլուսանկարիչ: Ծնվել է Բաղդադում և մինչև 1977 թվականը ղեկավարել է Իրաքի պետական հեռուստաընկերության ֆիլմարտադրության բաժինը: 1977 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և շարունակել ստեղծագործական բուռն ընթացքը: 1979 թվականին Շիրակ Խոջայանը ստեղծել է առաջին հայալեզու հեռուստածրագիրը՝ Հայկական հեռուստաժամանակը և աշխատել է շատ հոլիվուդյան ֆիլմերի վրա՝ որպես ռեժիսոր-լուսանկարիչ: Այդ հեռուստածրագիրը եթեր է հեռարձակվել շաբաթը մեկ անգամ՝ մեկ ժամ տևողությամբ, որի մեջ ներառված են եղել ուսուցողական տարբեր տեղեկատվություններ՝ հայկական երգերի, պարերի, ֆիլմերի ցուցադրումներ, աղոթքների ընթերցումներ և այլն:

Նա իր ներդրումն է ունեցել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Նորվեգացին», «Էվիկտորները», «Բոգի Քրիքի լեգենդ-2»-ը, «Սուրբ հողը», «Արագիլը», «Սպիտակ արագիլը», և «Ծիրան՝ Հայաստանի օրհնյալ ծառ»-ը ֆիլմերը:

Շիրակ Խոջայանը  2005 թվականին առաջին անգամ այցելելով Հայաստան՝ բացահայտել է, թե ինչքան հետաքրքիր նյութեր կան այստեղ գեղեցիկ ֆիլմեր նկարահանելու համար: Պարոն Խոջայանը լուսավոր հիշողությամբ է պատմում տաղանդավոր երգիչ, լուսահոգի Հովհաննես Բադալյանին նվիրված ֆիլմի մասին: 2000թվականին Հովհաննես Բադալյանը ԱՄՆ-ում է գտնվել, իսկ պարոն Խոջայանը իմանալով այդ մասին՝ անվանի երգչին իր կյանքի, ստեղծագործական անցած ուղու մասին  ֆիլմ նկարահանելու առաջարկ է արել, որն էլ Հովհաննես Բադալյանը սիրով ընդունել է: Երեք ժամ տևողությամբ ֆիլմը, դժբախտաբար, վարպետը չհասցրեց դիտել, քանի որ նկարահանումներից մեկ տարի անց մահացավ: Երբ լսել է մահվան լուրը, Շիրակ Խոջայանը  որոշել է պատրաստած ֆիլմը առաջին անգամ եթեր հեռարձակել հենց Հայաստանում: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան միջոցով նրան հաջողվել է կապ հաստատել  հեռուստաալիքներից մեկի տնօրենի հետ և համաձայնության գալուց հետո 2005թվականին այցելելով Հայաստան՝ այն անձամբ հանձնել է հեռուստատեսության տնօրենին:

 Ընդհանուր առմամբ, Շիրակ Խոջայանը նկարահանել է  շուրջ 30 ֆիլմ, որոնք տարբեր ուղղվածության և ժանրի են:

«Սպիտակ արագիլը», «Ծիրան՝ Հայաստանի օրհնյալ ծառ»-ը ֆիլմերի մասին խոսելիս պարոն Խոջայանը տեղեկացրեց, որ նկարահանումները Հայաստանում շատ ջերմ, ուրախ մթնոլորտում են անցել: Նկարահանումների մեծ մասը Հայաստանի տարբեր գյուղերում են տեղի ունեցել, որտեղ նկարահանող խումբը գյուղի բնակիչների բարեհամբույր, սրտաբաց հյուրընկալությանն է արժանացել. նկարահանումները իրականացնելու համար յուրաքանչյուր հարցում նրանք միշտ պատրաստակամ են եղել օգնելու:

Շիրակ Խոջայանը ասաց, որ այս ֆիլմերի պատրաստման շարժառիթը հասարակությանը համապարփակ տեղեկություն հաղորդելն է Հայաստանին, հայ ժողովրդին բնութագրող այս երկու խորհրդանիշների՝ գարնան ավետաբեր արագիլի և մեղրածոր ծիրանի մասին: Ինչպես նաև նպատակ է հետապնդում օտար ափերում սփռված  հայ երիտասարդների գիտակցության մեջ այս միջոցով մշտավառ պահել Հայաստանի հանդեպ սերն ու կապվածությունը: Այս երկու ֆիլմերն առաջին անգամ Հայաստանում ցուցադրվել են Հայաստանի Ամերիկյան համալսարանում՝ արժանանալով դրվատանքի և հիացումի բազում խոսքերի: Բոլորովին վերջերս ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ ֆիլմերի դիտումը տեղի ունեցավ նաև ՀՀ սփյուռքի նախարարությունում:

Այժմ Շիրակ Խոջայանը մի ֆիլմի շուրջ է աշխատում, որը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այն «Իմ Արարատ» անվանումն է ստացել, որի նկարահանումները Հայաստանում են իրականացվել:

Իսկ Սեդա Խոջայանն  Ամերիկայի Միացյալ Նահանգներում նույնպես հասարակական-համայնքային ակտիվ աշխատանքներում է ներգրավված: Նա Գլենդելի կանանց հասարակական դիրքի հարցերով հանձնաժողովի, Երիտասարդ կանանց քրիստոնեական միության գլենդելյան մասնաճյուղի և ՀՕՄ-ի անդամ է:

Սեդա Խոջայանն աշխատել է ԱՄՆ-ի արևմտյան հատվածի ՀՕՄ-ի գործադիր խորհրդում՝ որպես փոխնախագահ, գանձապահ և խորհրդատու, աշխատել է շրջանային հանձնաժողովներում՝ կազմակերպելով դրամահավաքի աշխատանքներ, փառատոներ, մարաթոներ և այլն, աշխատել է Գլենդելի ՀՕՄ-ի «Սեփան» մասնաճյուղում՝ որպես նախագահ, փոխնախագահ, գանձապահ և խորհրդատու:

  Սեդա Խոջայանն իր նշանակալի մասնակցությունն է ունեցել ամերիկահայ համայնքի տարաբնույթ բարեգործական ծրագրերում: Նա որպես հովանավոր ներագրավել է ոչ միայն համայնքի անդամներին, այլ նաև խոշոր ազգային կազմակերպությունների ու բանկերի: Գլենդելի կանանց հասարակական դիրքի հարցերով հանձնաժողովի կողմից Սեդա Խոջայանը 2008 թվականին արժանացել է «Գլենդելի զարդ խիզախ կանանց համար» մրցանակին: Հայ մշակութային հիմնադրամի կողմից 2013 թվականին պարգևատրվել է «Համայնքային ծառայության մրցանակով»: 2014 թվականի մարտին պարգևատրվել է Հայ-ամերիկյան առևտրային պալատի կողմից՝ «Կինը՝ համայնքային ծառայության մեջ» մրցանակով, իսկ նույն թվականի ապրիլի 30-ին Երիտասարդ կանանց քրիստոնեական միության կողմից արժանացել «Սիրտ և գերազանցություն» մեդալի:

 Զրույցի վերջում տեր և տիկին Խոջայաններն ասացին, որ վերադառնալով Գլենդել՝ շարունակելու են Հայաստանից լիցքավորված, հայ հող ու ջրից ուժ ստացած աշխատել՝ առաջնորդվելով ժողովրդիս հետ, ժողովրդիս համար նշանաբանով:

Գևորգ Չիչյան 

1 2 3

Scroll Up