Արցախի հավաքականը չճանաչված երկրների ԱԱ-ում փորձելու է հաղթահարել խմբային փուլը
Արցախի ֆուտբոլի հավաքականը 23 խաղացողներով ուսումնամարզական հավաք է անցկացնում՝ պատրաստվելով «Ֆուտբոլի աշխարհի գավաթ առանց սահմանների» մրցաշարին:
Mediamax Sport-ի թղթակցին Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Մհեր Ավանեսյանն ասել է, որ հավաքի ընթացքում հիմնականում աշխատում են տակտիկական պատրաստվածության վրա:
Շվեդիայում կայանալիք չճանաչված երկրների Աշխարհի առաջնությունում Արցախի ընտրանին հանդես է գալու D խմբում ու մրցելու է Էլան Վանինի ու Զանզիբարի ընտրանիների հետ: Հանդիպումները կայանալու են հունիսի 1-ին ու 3-ին:
«Մեր առաջնային նպատակը խմբից դուրս գալն ու 1/4 եզրափակչում խաղալն է: Առաջնությունում հանդես գալը շատ մեծ նշանակություն ունի Արցախի համար: Հերթական անգամ աշխարհում կխոսեն մեր երկրի մասին, բացի այդ էլ ցույց կտանք, որ ֆուտբոլը մեզ մոտ զարգանում է»,- ընդգծել է Ավանեսյանը: