Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Ջավախքում

Ապրիլի 24-ին, Ջավախքի բոլոր գործող Եկեղեցիներում մատուցվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրգած Սուրբ և անմահ Պատարագ և կատարվեց հոգեհանգստյան կարգ: Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցում պատարագիչը Տեր Տաթև քահանա Մարուքյանն էր:
Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին եկեղեցական թափորը շարժվեց եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տեղադրված խաչքար-հուշակոթողի մոտ, ուր հանդիսապետությամբ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի կատարվեց հոգեհանգստյան կարգ: Ջավախքցիների հոծ բազմությունը խոնարհվում էր, ծաղկեպսակներ դնում և խնկարկում՝ ի հանգստություն միլիոնավոր նահատակների: Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի անմիջական նախաձեռնությամբ և հրավերով, պատմության մեջ առաջին անգամ Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի մետրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին ներկա էր Սգո Պատարագին և կիսում էր հայի ցավը: Հոգեհանգստյան կարգից հետո Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի առաջնորդությամբ ներկաները շարժվեցին Ապագայի տուն, որտեղ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը: Ուր Ջավախքի փոխառաջնորդը խոսքով դիմեց ներկաներին. «Մենք այսօր բարի գործ կատարելով և խնկարկելով պետք է հավերժացնենք բյուրավոր նահատակների հիշատակը»: Իսկ Վրաց Եկեղեցու մետրոպոլիտն իր խոսքում նշեց. «Մեր սուրբ պարտականությունն է հիշել 1915 թվականի նահատակներին»: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Ջավախքի Առաջնորդական փոխանորդության երիտասարդական բաժնի անմիջական ջանքերով եւ կրում էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագիրը: Ապրիլ 24-յան այս և այլ միջոցառումներին մասնակցում էին Ախալքալաքի շրջանային Վարչության և Ժողովի նախագահները, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորը, ոստիկանության անձնակազմը, շրջանային հիվանդանոցի տնօրենը, շրջանի բոլոր կառույցների աշխատակիցները, հայկական և վրացական, ռուսական դպրոցների սաներն ու մանկավարժները, հասարակական, քաղաքական և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի հավատավոր անդամներ և այլոք:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան