Կառլեն Կարապետյան. «Ինչքան էլ որ ծանր են պայմանները, մենք էլի հայ կմնանք, կստեղծագործենք…»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/unnamed28.jpg)
Երևանի Պատմության թանգարանում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ բացվեց ջավախահայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկայացված էին նաև Վրաստանի վաստակավոր նկարիչ Կառլեն Կարապետյանի աշխատանքները, ով հայ մշակույթի զարգացման և տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրեց Սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:
«Դիտելով մեր աշխատանքները՝ դուք կզգաք մեր ուրախությունը և ցավը»,-իր շնորհակալական խոսքում նշեց վաստակավոր նկարիչը, իսկ ցուցահանդեսի ավարտին արդեն իր ապրումները փոխանցեց «Հայերն այսօրի» թղթակցին.
– Շատ ցուցահանդեսներ եմ ունեցել իմ կյանքում, բայց այս մեկը տարբերվում է, որովհետև ներկայացված են ջավախահայ նկարիչների աշխատանքները, ինչն ինձ համար մեծ երջանկություն և ուրախություն է: Այս առումով սա անդրանիկ ցուցահանդես է, ու մենք կարողացանք ցույց տալ, որ մենք կանք այնտեղ, ստեղծագործում ենք: Ինչքան էլ որ ծանր են պայմանները, մենք էլի հայ կմնանք, կստեղծագործենք:
Ցուցահանդեսի մասնակիցներից շատերն իմ աշակերտներ են, ինչը մեծ հպարտություն է ինձ համար:
– Եվ այդ աշակերտները ուսանում կամ ուսանել են այն դպրոցում, որը Դուք հիմնել եք Ջավախքում…
– Այո՛, 1990 թվականին Ջավախքում հիմնադրել եմ Գեղարվեստի դպրոցը, որը հիմք է հանդիսացել մեր ապագա նկարիչների համար: Դրանից առաջ խմբակ էի ստեղծել, որտեղ սովորել են ներկայում ճանաչված տասնյակ նկարիչներ և քանդակագործներ` Մկրտչյան եղբայրները, Սամվել Նահատակյանը, վաղամեռիկ Ալբերտ Գոքորյանը, Հարություն Խաչատրյանը և այլք: Դպրոցը նույնպես շատ ճանաչված նկարիչներ է տվել:
– Հետաքրքիր է՝ նկարչի համար հպարտություն է, երբ ի՞ր աշխատանքներն են ցուցադրվում, թե՞ իր աշակերտների:
– Աշակերտների գործերն էլ ուրախացնում են նկարչին, բայց ցուցահանդեսը յուրաքանչյուր նկարչի համար լավագույն առիթ է տեսնելու, թե ինչ է արել: Երբեմն նույնիսկ զարմանում ես, ինքդ քեզ հարց տալիս` մի՞թե ես եմ նկարել, մի՞թե իմ աշխատանքներն են: Որովհետև շատ դեպքերում նկարում ես ու տանը պահում, իսկ երբ ցուցահանդեսի ժամանակ տեսնում ես ցուցադրված, դա քեզ համար մեծ երջանկություն է. չէ՞ որ դրանք քո զավակներ են:
Ուրախ եմ նաև իմ աշակերտների համար: Այսօր ինձ շնորհավորողներից շատերն իմ աշակերտներն էին, ովքեր ուրախանում են ինձ համար, ինչպես և ես՝ նրանց հաջողություններով:
Այս ցուցահանդեսին իրենց աշխատանքներն են ներկայացրել իմ աշակերտներ Մնացական Դալլաքյանը, Հայկազուն Ղարագուլյանը, ինչպես նաև քանդակագործներ Մկրտչյան եղբայրները, որոնց աշխատանքները զարդարում են Սիրիայի քաղաքները և Երևանը:
– Պարո´ն Կարապետյան, կցանկանայի, որ մի փոքր պատմեք ցուցահանդեսում ներկայացված Ձեր աշխատանքների մասին:
– Բնական է, որ այստեղ ներկայացվածները շատ չնչին մասն են կազմում իմ աշխատանքների: Թեև ես սիրում եմ նկարել բնություն, ծաղիկներ, բայց իմ նկարների կենտրոնում մարդն է` իր ապրումներով, ուրախություններով: Շատերն ինձ ասում են, որ իմ նկարներում պատկերված մարդը տխուր է. իրականում ես նկարում եմ այն, ինչ զգում եմ: Ներկայացված է «Ապոկալիպսիս» շարքը: Սա մարդկության, հասարակության բողոքն է: Բոլոր վատ բաները, ինչին մենք այսօր ականատես ենք լինում, մենք մեր ձեռքով ենք արել: Հաջորդ նկարում պատկերված է Եղեռնի թեման. կտավը վերնագրված է «Հայի աչքեր»: Պատկերված են կանայք, ովքեր Մեծ արհավիրքի թոհուբոհի միջով են անցել, առաջին պլանում «ապագան» է, ում աչքերում հույս կա և լավատեսություն: Հաջորդը «�?кона матери» (Մոր պատկերանկար) կտավն է: Մայրը մեզ համար սրբություն է: Այս կինն էլ Եղեռն է տեսել, կորցրել է իր զավակներին, վիշտը դրոշմված է նրա աչքերում, հայացքում, նրա կերպարում: Այս կնոջ մեջ նաև մեր ժողովրդի ողբերգությունն է:
– Հեշտությա՞մբ եք Ձեր նկարներից բաժանվում:
– Գիտեք, նկարները քո զավակներն են, նրանցից դժվար է բաժանվել: Տալիս ես, նվիրում, վաճառում, բայց կարծես քո միսն ես կտրում-տալիս:
Յուրաքանչյուր նկարիչ ապրում է իր նկարներով: Բոլոր նկարիչները տարբեր ստեղծագործական շրջաններ են ունեցել: Եթե ամեն ինչ լավ է եղել, գույները վառ են ստացվել, իսկ եթե քո կյանքում մի բան այնպես չի ընթացել, քո նկարները մռայլ գույներ են ստացել: Այդ ամենը կախված է տրամադրությունից, շրջապատից: Գույնը քեզ պետք է հուշվի, քո հոգուց պետք է բխեն գույները: Դու պատկերում ես այն ամենը, ինչը քո հոգին է տեսնում: Ես ունեմ և´ ռեալիստական, և´ աբստրակտ ոճի նկարներ: Նկարներս, գույներս տարբեր են, որովհետև պահն է այդպես թելադրել:
Զրուցեց Լուսինե Աբրահամյանը