Գրողի ստեղծագործական անհանգստութեան ակունքները

(ԱՐԱՄ ՍԵՓԵԹՃԵԱՆԻ 80-ԱՄԵԱԿԻ ԱՌԹԻՒ)
Գրամշակութային հանգրուանները արձակագիր Արամ Սեփեթճեանի համար պատահական տարեթուեր չեն. նա բազմիցս մեզ ապացուցել է դրանք արժեւորելու իրաւունքը։ Այսօր հասել է նրա գրական հունձքի հաշուեկշիռը ներկայացնելու արդար ժամանակը։
Փետրուարի 21ին լրացավ Ա. Սեփեթճեանի ծննդեան 80ամեակը։ Գրականութեան պատմաբանը չի կարող անտարբեր գտնուել նրա տասնամեակների վաստակի հանդէպ, որ այսօր մղում է յարգանքի ու գնահատանքի ջերմագին զգացումներով լցուել։ Այսօր մենք գնահատում ենք նրա բերած աշխոյժ մասնակցութիւնը ետպատերազմեան շրջանի լիբանանահայ գրական կեանքին, Մերձաւոր Արեւելքի «գրական համախմբումի» մէջ, մնայուն աշխատակցութիւնը ԹՄՄ «Շիրակ» ամսագրին, «Զարթօնք» օրաթերթին, 15 տարիների պատասխանատու խմբագրի պաշտօնը Հ.Բ.Ը.Մ. Լիբանանի շրջանակի «Խօսնակ» ամսագրին։
Ա. Սեփեթճեանը այսօր հատում է մի քանի յոբելեաններ. նրա պատմուածքների առաջին ժողովածուն՝ «Անլոյս գիշերներ» խորագրով, լոյս է տեսել հեռաւոր 1964ին, իսկ սա նշանակում է, որ 2014ը նաեւ նշանաւորում է նրա ստեղծագործական գործունէութեան փառահեղ յիսնամեակը։ Մի նկատառում եւս. երեսնամեայ երիտասարդ արձակագիրը պիտի որ արդէն տեսնէր իր «Անլոյս գիշերները», որոնք ապահովելու էին ստեղծագործական տքնանքի լոյսը։
Ժողովածուի էջերում, որքան էլ Սփիւռքի մէջ ապրող Հայի ճակատագիրը անհեռանկարային էր թւում, այնուամենայնիւ, հեղինակը պարզում էր առաջին հերթին գրականութեան եւ կեանքի մէջ բերկրանքի հանդիպման նկատմամբ իր անխառն հիացումը, «կեանքի տղմուտ գետի մէջ» (իր սիրելի Թէքէեանի բառերով) երազներ փնտռելու հակուածութիւնը։ «Մտածումս ըրած երազ,- յուշում է մեզ արձակագիրը,- ես ողջունեցի յառաջացող գիշերը, եւ աչքերս յառած երկինքի անհունութեան՝ իմ երեւակայութեանս ամբողջ թափովը այնպէս ծաղկեցուցի անապատս, որ ես իսկ սկսայ հաւատալ նման ծաղկաստանի մը գոյութեան»։
Իր գրականութիւնը, մտածում է յանդուգն, դեռ իրեն պատանի կարծող արձակագիրը, հրաշալի կախօրրան է, ճօճաձող, ուր ինքը առ նուազն սարոյեանական նորատիպ հերոսն է, իսկ իր գրականութիւնը, կրկնենք, թէքէեանական մրգաստան, որի այգեպանը դառնալու յաւակնութիւնն ունի։ Սա արդէն գրողի ու արուեստագէտի յանձնառութիւն է։ Եւ պատահական չէ այն հանգամանքը, որ նրա յաջորդ՝ «Կեանքի կարօտով» ժողովածուի (1969) պատմուածքների հերոսները մեծ մասամբ մտաւորականներ են, արուեստագէտներ, որն արդէն գրական տեսողութեան առանձնայատկութիւն է։ Գեղեցիկի սուր ընկալման տպաւորութեամբ՝ նա հաճոյքով շփոթում է նկարչութեան եւ գրականութեան սահմանները, երկուսի մէջ էլ տեսնում գեղեցիկի վայրկենական հանդիպումից ծնունդ առնող յաւերժութեան ուղեգիրը։ Յատկապէս այս առումով ընդգծենք «Արտասուող նկարին առջեւ» պատմուածք-պատկերը։ Ոչինչ որ յաջորդ վայրկեանին գեղեցիկն այլեւս կը խեղուի, կը լուծուի առօրեայի մէջ. կարեւորը պահն է. արուեստագէտը մարմնաւորում է պահի ներապրումը։ Անտեսելու չէ, որ Ա. Սեփեթճեանի հերոսների մէջ սա շարունակական վարքագիծ է. «Ողջակէզ» վիպակում (1978) հեղինակի՝ նկարիչ-արուեստագէտ Աշոտ-Վահրամի կողքին «օտար» հերոսուհին է՝ Ռամոնա-Իլհէմը, որը մարդուս ներքին, «այնկողմնային» աշխարհի վաւերագրումն է։ Այստեղից ծնունդ է առնում Ա. Սեփեթճեանի կերպարաստեղծ մէկ կարեւոր յատկանիշը՝ երկուութեան խորհրդի հաստատումը ստեղծագործական ներքին շերտերում։
Եթէ մէկ բառով կամ արտայայտութեամբ ընդգրկելու լինենք նրա ստեղծագործութիւնը, պիտի արձանագրենք, որ հեղինակի կենտրոնական մտածումն ու փնտռտուքը «Հայու հոգու» ճանաչումն է, ծուէններից խճանկար կազմելու գրական շնորհը։ Նա սկսում է այնտեղից, որտեղ թւում է թէ աւարտել է ուսուցիչ-բանաստեղծը։ Զգայուն գրողը իր ամէն մի նեարդով ապրում է հայութեան բաժին ընկած տագնապները՝ լինեն դրանք եկեղեցական վէճեր երկու նուիրապետական աթոռների միջեւ, լիբանանեան մաշող տագնապ, Արցախեան շարժում թէ Սպիտակի աղիտալի երկրաշարժ։ Ա. Սեփեթճեանը իր հրապարակախօսական եւ գրականագիտական երկու հրաշալի ժողովածուներում՝ «Ժամանակայոյզ խոհեր» (2005) եւ «Բանաստեղծութիւնը տագնապի ընդմէջէն» (2009), ամբողջացնում է սփիւռքահայ գեղարուեստական մտքի զարգացումը ընկերային նոր յոյզերի յորձանուտում։ Այստեղ կարող ենք մեզ թոյլ տալ խմբագրելու մեր իսկ բնութագրման փորձը. նա շարունակում է ոչ թէ այնտեղից, որտեղ «աւարտել են» մեծ նախորդները (յիշենք նաեւ Վահէ-Վահեանին), այլ որտեղ «ընդհատել են» իրենց խօսքը, կիսակատար թողել մտքի սրութիւնը։
Այս որոնումի ճամբին, սակայն, հեղինակը ձգտել է միշտ հեռու մնալ ազգային սնապարծութեան գայթակղութիւնից. նրա տեսադաշտում միայն Հայը կամ հայ գրականութեան փաստը չէ, որ հպարտութեան ցուցիչ են դառնում։ Նրա որոնածը ազգայինից անդին՝ մարդկային ներաշխարհի, գեղարուեստական ճշմարտութեան որոնման ծալքերն են, որոնց օրինակները մենք յայտնաբերում ենք «Ես սեւ եմ… բայց գեղեցիկ» (1985), «Ողջակէզ» վիպակներում, ուր հայ հերոսների կողքին եւ գրողական նո՛յն պատասխանատուութեամբ ու հոգածութեամբ կերտում է Սեւամորթների, Արաբների ներհակ ճակատագրեր՝ ցուցաբերելով խորին յարգանք գրական կերպարների ու իրեն ու մեզ «անծանօթ» մշակոյթների նկատմամբ։ Սիրուած անուն է Ա. Սեփեթճեանը նաեւ Արաբների շրջանում։ Պատահական չէ այն ջերմ ու լայն ընդունելութիւնը, որին արժանացաւ արձակագիրը՝ իր «Ողջակէզ» վիպակով՝ Նիզար Խալիլիի թարգմանութեամբ (2004)։
Արամ Սեփեթճեանը գրող լինելուց զատ նաեւ նուիրեալ ընթերցող է. նրա գրականութիւնը մի հրապարակ է, ուր հնարաւորութիւն է ստանում հանդիպելու ու ջերմօրէն «ձեռքսեղմումների» գալու անցեալի ու ներկայի իր գրչեղբայրների հետ։ Սա գրականութեան միջոցով գրականութեան իւրատեսակ գնահատութիւն է, ուր պատուի են հայ գրական գանձանակին արժէքաւոր կշիռ բերած արուեստագէտները՝ Յովհաննէս Թումանեանից, Աւետիք Իսահակեանից մինչեւ Վահագն Դաւթեան, Դանիէլ Վարուժանից, Մատթէոս Զարիֆեանից, Շահան Շահնուրից, Վահան Թէքէեանից, Վազգէն Շուշանեանից ու Մուշեղ Իշխանից մինչեւ Զահրատ, Զարեհ Խրախունի ու Ռոպէր Հատտէճեան։ Սա սիրոյ բացառիկ հանդիսասրահ-տողանցք է, որը երբեմն առարկայական խորութիւն է ստացնում, ինչի ապացոյցներից մէկն էլ 2012ին ընթերցողին հրամցրած Վահէ-Վահեանի՝ իր կազմած ու հրատարակած «Բանաստեղծին սիրտը» արժէքաւոր ու շքեղ նամականին է։ Անմիջապէս աւելացնենք, որ այդ նամականիից յորդում է Վահէ-Վահեան մարդու, քաղաքացու, բանաստեղծի ու խմբագրի անմիջական նկարագիրը՝ արդար բնութագրումներով, անգամ մարդկային բացատրելի վրէպներով։
Ա. Սեփեթճեանին ճանաչում են նաեւ Հայաստանում. նա Հայաստանի Գրողների Միութեան անդամ է, գրողների համահայկական աւանդական համաժողովների ցանկալի մասնակից։ Աւելորդ չէ յիշատակել, որ նրա գեղարուեստական գործերի առ այժմ վերջին՝ «Հող եւ մորմոք» ժողովածուն (2001) լոյս է տեսել հէնց հայրենիքում։ Յոյս ունենք, որ այս տարի նրա ընթերցողը առիթ կ’ունենայ «սփոփելու» իր երկար սպասումը նոր ու ամբողջական ժողովածուի լոյս ընծայումով։
Ա. Սեփեթճեանը ունի մի ուրիշ՝ ոչ գրական յատկանիշ. նա խոր արմատներ է ձգում երիտասարդութեան մէջ։ Միշտ ուսանողների մէջ է, նրանց յոյզերի, նրանց ճաշակի ձեւաւորման ճանապարհին ունի իր գտնուած խորհուրդը, եւ ուսանողներն էլ վստահում են նրան։ Երեւանի Խ. Աբովեանի անուան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի բանասիրական բաժանմունքում եւ «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում նա միշտ սպասուած անձնաւորութիւն է՝ իր ելոյթներով, իր գործերով։ Ոգեւորիչ է անշուշտ մեր ուսանողների համար գրական-ստեղծագործական փորձերին նրա համակ ուշադրութիւնը, պարգեւատրութիւնները։ Պատահական չէ, որ վերջին տարիներին նրա ստեղծագործութիւնները դարձան մագիստրատուրայի գիտական քննութեան նիւթեր։ Պատահական չէ, որ երկու տարի առաջ Համալսարանի Նախագահ Պրոֆ. Ռուբէն Միրզախանեանը նրան պարգեւատրեց «Խաչատուր Աբովեան» յուշամեդալով։ Վստահ ենք, որ նա խորացնելու է այդ կապը, որ երկուստեք հարստացուցիչ բանուկ ճանապարհ է։
Եթէ ամփոփելու լինենք, Ա. Սեփեթճեանը շարունակում է մնալ գրական բազմաշերտ ու բազմազբաղ պատնէշի վրայ՝ ե՛ւ իբրեւ արձակագիր, ե՛ւ իբրեւ քաղաքացի, ե՛ւ իբրեւ երիտասարդութեան ուսուցիչ՝ հետեւելով իր մտածողութեան մէջ կարգախօսի արժէք ստացած ձեւակերպումին. «Հայ գրողն ու մամուլի մարդը, ունին պարտքն ու պարտականութիւնը լսելու միայն իրենց ներքի՛ն ձայնը, խղճի՛ ձայնը. անկախ իրենց պատկանելիութեամբը պայմանաւորուած անձնական ու ներանձնական հաշուենկատ մեկնակէտերէն»։
Մաղթենք նրան քաջառողջութիւն եւ գրչի նորանոր հարուածներ՝ ի շահ գրականութեան, ի շահ արեւմտահայ լեզուի շարունակական թեւաբախումի։
ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ
բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆ.
Խ. Աբովեանի անուան ՀՊՄՀ «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրէն
ՔՆԱՐԻԿ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
բանասիրական գիտութիւնների թեկնածու
«Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի մեթոդիստ
«Նոր Յառաջ»