Սոֆիայում հարգեցին Սումգայիթյան զոհերի և Գուրգեն Մարգարյանի հիշատակը
Փետրվարի 28-ին ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Սոֆիայի հայկական գերեզմանատան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ տեղի ունեցավ Սումգայիթի զոհերի հիշատակի 26-րդ տարելիցի և հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հիշատակին նվիրված միջոցառում,- տեղեկացնում են Բուլղարիայում ՀՀ դեսպանատան մամլո կենտրոնից:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բուլղարահայոց թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի կողմից մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն:
Ելույթի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Սհոյանը, ով մասնավորապես նշեց, որ հայ ազգաբնակչության նկատմամբ դաժանորեն իրականացվեց էթնիկ զտումների և տեղահանման քաղաքականություն և պետականորեն կազմակերպված հանցագործություն: «Միջազգային հանրությունը քաղաքական և իրավական լիարժեք գնահատական դեռևս չի տվել կատարվածին, մինչդեռ ամեն հնարավորն արվեց և արվում է հանցագործությունների հանգամանքները թաքցնելու և իրողությունը խեղաթյուրելու ուղղությամբ»,- իր խոսքում ընդգծեց դեսպան Սհոյանը:
Ելույթ ունեցան «Հայ դատ» հանձնախմբի համանախագահ Վարդանուշ Թոփակբաշյանը և Հայկական բարեգործական ընդհանուր միության Սոֆիայի մասնաճյուղի ատենապետ Սոնյա Ավագյանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ դեսպանության անձնակազմը, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
«ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ»
Հայկական Տեղեկատվական Կայք (ԲՈՒԼՂԱՐԻԱ)