Վրաստանի Նախագահը հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը (լուսանկարներ)
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/02/big_254025c5a1.jpg)
Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վրաստանի Նախագահը ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ՝ անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Վրաստանից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ Գիորգի Մարգվելաշվիլին տնկեց եղևնի: Վրաստանի ղեկավարին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը և այլք:
Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի բարձրագույն ղեկավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Վրաստանը դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Վրաստանի հայկական կազմակերպությունները Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով բազմիցս դիմել են այդ երկրի խորհրդարանին ու կառավարությանը:
20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի ավելի քան 2 տասնյակ երկրներ, Եվրոպական խորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, միջազգային այլ կազմակերպություններ: Այն պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել, ապրիլի 24-ը հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակի օր են հայտարարել ԱՄՆ 50 նահանգներից 42-ը:
http://armenpress.am/
Լուսանկարները՝ PAN Photo-ի