Մարզական տարին՝ Ուզբեկստանի հայկական մշակութային կենտրոնում

ՈՒզբեկստանի հայկական մշակութային կենտրոնը (ՀՄԿ), որի կարգախոսն է. «ՀՄԿ-ն ձեր ուղե­կիցն է դեպի հայկական մշակույթի և արվեստի աշխարհը», այս անգամ հանդես էր եկել մար­զական նախաձեռնությամբ։ Բանն այն է, որ 2013 թ. վերջին նրա ջանքերով 4-րդ անգամ անց­­կացվեց մինի ֆուտբոլի միջազգային մրցա­­շար, որին մասնակցում էին ՈՒզբեկստա­նի ազ­գային փոքրամասնությունների 15 համայն­քային  կառույցների թիմերը։ Այս նախաձեռ­նու­թյունը մեծապես նպաստեց միջհամայնքային հա­­րաբերությունների ջերմացմանը և ավելի բարձ­րաց­րեց հայկական համայնքի հեղինակությունը Տաշ­քենդում։

Առաջին անգամ մրցաշարն անցկացվել էր 2005 թ.։ Անցած մրցաշարերի ամենա­տա­րեց մաս­նակիցը 70-ամյա Էնվեր Ռամազանովն էր՝ Ղրիմյան թաթարների  «Այուդաղ» թիմից, իսկ ամե­նա­երիտասարդը՝ 15-ամյա Ռուստամ Իբրահիմովը՝ թուրքական համայնքի «Գոնչլար­բիրլիգի» թիմից։

Ընդհանուր հաշվով անցկացվել է 60 խաղ, որոնց ընթացքում խփվել է 410 գոլ։ Ամենաշատ գոլերի քանակով առաջատար է դարձել հայկական «Ապագա» թիմը (93 գնդակ), որն, ի դեպ, ամենից քիչ գնդակ է ընդունել սեփական դարպասի ցանցից ներս (18) և ընդամենը 1 անգամ է դաշտը լքել պարտված։ 2 անգամ մրցաշարի լավագույն հարձակվող է ճանաչվել Անդրանիկ Աբրահամյանը, մեկ անգամ՝ Կառլեն Աբրամովը, իսկ լավագույն դարպասապահի կոչմանը 3 անգամ անընդմեջ արժանացել է Արտեմ Պետրոսյանը։

2013 թ. մրցաշարը նվիրված էր հաղթական «Արարատ-73»-ի 40-ամյակին։

ԱՆԱՀԻՏ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Scroll Up