Սփյուռքի վերլուծական հանրույթը որպես պետության ներուժ. միջազգային փորձը

Արդի սփյուռքագետների աշխատանքներում հաճախ հոլովվում է այն միտքը, որ սփյուռքը ոչ միայն արտերկրում բնակվող ժողովրդի մի մասն է, որը որոշ չափով պահպանում է հոգևոր, մշակութային ինքնությունը և ձգտում չխզել կապը պատմական հայրենիքի հետ, այլև, առաջին հերթին, այն անդրազգային ցանցն է, որը պարունակում է հսկայական սոցիալ-մշակութային, հասարակական-քաղաքական, տնտեսական և մտավոր ներուժ։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ տարբեր երկրներ իրենց սփյուռքի մաս կազմող մտավոր հանրույթների գիտելիքներից և պետական կառույցներում մեծ հեղինակություն ունեցող անհատների գործունեությունից օգտվելու հսկայական փորձ ունեն։ Սփյուռքի գիտավերլուծական հանրության համախմբման, համագործակցության, Հայաստանի մտավոր շրջանակների հետ տարբեր ձևաչափերով կապերի հաստատման և համահայկական մտավոր ռեսուրսները Հայաստանի և Հայության շահերին ի սպաս դնելու մեխանիզմների մշակման, լուծման ուղիներ փնտրելու համար կարևոր է ուսումնասիրել այլ երկրների փորձը։

Հայտնի իրողություն է, որ Արևմուտքում «ուղեղային կենտրոնների» (այսուհետ՝ ՈւԿ) աճի միտումները նպաստել են ակադեմիական շրջանակներից դուրս հումանիտար գիտական մտքի զարգացմանը և նոր որակ հաղորդել քաղաքագիտական-ռազմավարական մշակումներին։ Այդպիսի մշակումներին բարձր պրոֆեսիոնալիզմ հաղորդելու նպատակով սփյուռք ունեցող տարբեր երկրներ սկսեցին օգտվել ԱՄՆ-ում, Եվրամիությունում աշխատող փորձագիտական ռեսուրսներից։

Սփյուռքի հումանիտար ոլորտի փորձագիտական ռեսուրսներից օգտվելու գործընթացն ինչ-որ յուրահատուկ ու դժվարին խնդիր չէր, ի տարբերություն ակադեմիականի (հատկապես բնագիտության ոլորտում), որը մեծ չափով ավելի դժվարընթաց էր՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով։ Պետք է փաստել, որ սփյուռքի փորձագիտական ռեսուրսները մի քանի երկրների համար, այնուամենայնիվ, ներքինի համեմատ խիստ սահմանափակ էին։ Հրեական, հնդկական, չինական, ճապոնական, հունական նորաստեղծ շատ ՈւԿ-ներ կանգնեցին կարևորագույն, այն է՝ ինտելեկտուալ ռեսուրսներով ապահովվելու խնդրի առջև։ Սա ստիպեց, որպեսզի կենտրոններն օգտվեն սփյուռքի գիտական-փորձագիտական ռեսուրսներից՝ նպաստելով նաև միջազգային կապերի հաստատմանն արտերկրի նույնանման կառույցների հետ։

Մյուս կողմից՝ որոշ երկրների հաջողվել է առաջընթաց գրանցել՝ հասցնելով այդ կապերը ինստիտուցիոնալ մակարդակի, մտավոր ռեսուրսներին ներգրավելով ցանցային (network) աշխատանքներում, կենտրոնանալով պետական առաջնահերթ նշանակության ռազմավարական ծրագրերի մշակման գործընթացի վրա։ Ցանցային աշխատանքին զուգահեռ՝ մի շարք երկրներ, հետևողական աշխատանքի և տևական համագործակցության արդյունքում կարողացել են նաև նոր մակարդակ դուրս գալ՝ հիմնադրել վերլուծական կառույցներ արտերկրում։

Ուշագրավ է գիտական սփյուռքի հետ աշխատանք ծավալելու չինացիների փորձը։ Չինական սփյուռքի գիտավերլուծական կարողություններն առաջին հերթին օգտագործվեցին Չինաստանի տնտեսության մեջ բեկում մտցնելու նպատակով, երկրորդ՝ արտերկրում գործող քաղաքական և ռազմավարական հետազոտական ինստիտուտներում աշխատող չինացիները ԱՄՆ-Չինաստան ոչ այնքան բարենպաստ հարաբերություններում դարձան միջնորդող օղակ՝ հանդես գալով որպես Չինաստանի արտաքին քաղաքականությանն աջակցող ուժեր։ 1998թ. չինական իշխանությունները քայլեր ձեռնարկեցին արտերկրի բարձր որակավորում ունեցող չինացի գիտնականներին և փորձագետներին ներգրավելու հեռավար և տեղում իրականացվող ծրագրերում, բավական բարձր վարձատրությամբ։ Այնպես որ, տնտեսական և քաղաքական շարժառիթներով էր պայմանավորված սփյուռքի ներուժի օգտագործումը։ Այս ողջ շղթայական և անընդմեջ գործընթացն իրականացավ պետության անմիջական մասնակցությամբ։ Այն հնարավոր դարձրեց սփյուռքի մտավոր/բիզնես էլիտայի համախմբումը տարբեր ոլորտներում առկա խնդրահարույց առաջադրանքների լուծման շուրջ, որը հետագայում մեծ արդյունքներ գրանցեց։ Սփյուռքի մտավոր այդ հատվածին ներգրավեցին ոչ միայն կարծիքներ հայտնելու և քննարկումներ անցկացնելու նպատակով, այլև նրանց վստահեցին գործնական քայլեր կատարել, որոնցից մեկն էլ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու նախաձեռնությունն էր։ Չինական փորձը ցույց տվեց, որ սփյուռքն անգնահատելի դերակատարում կարող է ունենալ ցանկացած ոլորտի զարգացման համար։

Հետաքրքիր է նաև Իսրայելի քաղաքականությունը։ Ինչպես Չինաստանը, այնպես էլ Իսրայելը փորձում էին սփյուռքի գիտական ներուժն օգտագործել նորաստեղծ երկրի տնտեսության զարգացման նպատակով։ Ինչպես նշում է հետազոտող Հ.Մարությանը. «Փոքր տարածք և սահմանափակ բնական ու ֆինանսական ռեսուրսներ ունեցող Իսրայել պետությունը, որը նաև շարունակական ռազմական հակամարտության մեջ է իր հարևանների մի մասի հետ, ստիպված է անընդհատ որոնել ոչ ստանդարտ՝ ստեղծագործական լուծումներ երկրի առաջընթացի ապահովման համար»։ Ամերիկա-իսրայելական գիտական համագործակցության շնորհիվ 1972թ. հիմնադրվեց Ամերիկա-իսրայելական գիտական հիմնադրամը (The U.S. – Israel Binational Science Foundation – BSF)։ Նշյալ հիմնադրամին հաջորդեց 1978թ. Գյուղատնտեսության բնագավառում ամերիկա-իսրայելական հետազոտությունների և մշակումների համատեղ հիմնադրամը (United States-Israel Binational Agricultural Research and Development Fund – BARD), որը կոչված էր աջակցելու երկու երկրների գյուղատնտեսության համար մեծ նշանակություն ունեցող հետազոտություններին և ինովացիաների զարգացմանը։

Գալով վերլուծական կենտրոններին՝ պետք է փաստենք, որ այդ ներուժից օգտվելու առաջին փորձերն Իսրայելն իրականացրեց 1950-ական թթ.։ ԱՄՆ վերլուծական կենտրոնների շարքում քաղաքական շրջանակներում բավական մեծ հեղինակություն է վայելում Հանրային կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեն (American Israel Public Affairs Committee, AIPAC), որը համարվում է «ուղեղային կենտրոն»։ Կենտրոնը հիմնադրվել է ամերիկաբնակ հրեաների կողմից 1954թ.։ Նպատակն էր երիտասարդ հրեական պետության համար տնտեսական, քաղաքական և ռազմական աջակցության ապահովումը ԱՄՆ կառավարության կողմից։ AIPAC անմիջական նախաձեռնությամբ Իսրայելը 1994թ. ԱՄՆ-ից տնտեսական և ռազմական ոլորտների զարգացման հեռանկարով ստացել է շուրջ $3 մլրդ, որից 80 մլն-ն նախատեսվել է հրեաների հայրենադարձության համար։ AIPAC-ը յուրաքանչյուր տարի նախագահների և վարչապետերի մակարդակով կազմակերպում է խոշոր հավաքներ, քաղաքական բնույթի գիտաժողովներ՝ ԱՄՆ-ից և Իսրայելից հրավիրված քաղաքական գործիչների, երկու երկրների հայտնի քաղաքագետների, փորձագետների, գիտնականների մասնակցությամբ։ Հատկանշական է, որ Իսրայելը ԱՄՆ ՈւԿ-ներում աշխատող ազգությամբ հրեա վերլուծաբանների հետ սկսեց համագործակցել հենց այս շրջանակներում տեղի ունեցած գիտաժողովներից հետո։ Նրանցից շատերն այսօր համագործակցում են իսրայելական հեղինակավոր ռազմավարական հետազոտական կենտրոնների հետ՝ որպես ասոցիացված աշխատակիցներ։

Վերջին տարիներին սփյուռքի գիտական ներուժին սկսել են ուշադրություն դարձնել ԱՊՀ մի շարք երկրներ՝ Ռուսաստանը, Մոլդովան, Բելառուսը, որոնք դեռ նման ձևաչափով հնարավոր համագործակցության մեխանիզմների մշակման փուլում են։ Հարկ է նշել, որ այդպիսի խոշոր նախագծերի իրականացման համար չափազանց մեծ կարևորություն է տրվում այս ուղղությամբ նեղ թեմատիկ գիտաժողովների անցկացմանը։ Մասնավորապես, 2010թ. տարբեր երկրներից հրավիրված ռուսական ծագում ունեցող գիտնականների և ռազմավարական հետազոտություններ իրականացնող ինստիտուտների վերլուծաբանների անմիջական մասնակցությամբ Սանկտ Պետերբուրգում տեղի ուեցավ «Գիտական սփյուռքը և Ռուսաստանի գիտության ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանս։

Կարծում ենք, այս կարգի գիտաժողովներ անցկացնելը Հայաստանում շատ նպատակահարմար է, քանի որ որքան էլ փորձենք սփյուռքին մասնակից դարձնել գիտական և ռազմավարական հետազոտություններին, անհրաժեշտ է նախապես պատրաստ լինել լսելու այդ հանրույթի կարծիքներն ու տեսակետներն այս հարցի վերաբերյալ։ Մոլդովան, Ռուսաստանը, Բելառուսը և մի քանի այլ երկրներ հենց այս տրամաբանությամբ են շարժվում։

Միջազգային փորձին անդրադառնալիս հնարավոր չէ շրջանցել Թուրքիան, որի աշխատանքները, հատկապես «ուղեղային կենտրոնների» հետ, անմիջականորեն վերաբերում են նաև ՀՀ, ԼՂՀ և Սփյուռք եռամիասնությանը։

Թուրքիան վերջին տասնամյակում մեծ ակտիվություն է ցուցաբերում արտերկրի փորձագիտական ռեսուրսներին պետական առաջնահերթ խնդիրներին հաղորդակից դարձնելու և ընդհանուր նպատակների շուրջ մոբիլիզացնելու հարցում։ Կան բազմաթիվ կառույցներ, որոնք մոբիլիզացնում են արտերկրի թուրք ինտելեկտուալներին տարբեր ինստիտուտների, քաղաքական պլատֆորմների շուրջ, և այժմ նրանք, այսպես կոչված, «վերլուծաբանների համազգային լիգա» ստեղծելու ճանապարհին են։

Հատկանշական է, որ թուրքական վերլուծական շրջանակներից սերած ներկայիս արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն բարձր է գնահատում այս կառույցների դերը երկրի ներքին և արտաքին քաղաքականության զարգացումներում՝ դրանք ծառայեցնելով որպես այլընտրանքային «դիպկորպուս»՝ վերջիններիս միջոցով վարելով նաև Թուրքիա-Հայաստան հարաբերություններում սեփական դիրքորոշումներն առաջ մղելու քաղաքականություն։

Նման պայմաններում Հայաստանի գիտական և հատկապես փորձագիտական հանրույթը մշտապես բախվելու է այս կառույցների՝ թուրքական պետության կողմից հրամցվող տեսակետներին, առաջարկվող այս կամ այն քաղաքական բանաձևերին։ Այս իրավիճակը մեզ թելադրում է համախմբել Հայաստանի և Սփյուռքի առկա գիտական, փորձագիտական մտավոր ռեսուրսները, ինչը թույլ կտա Հայության առջև ծառացած ռազմավարական նշանակության ցանկացած հարցում կարծիքների և տեսակետների փոխանակման միջոցով ձևավորել ընդհանուր մոտեցում՝ թուրքական «հինգերորդ իշխանության» քայլերին դիմագրավելու համար։

Ի մի բերելով միջազգային փորձը՝ կարելի ասել, որ տարբեր երկրների՝ սփյուռքի գիտավերլուծական հանրույթի հետ կապեր հաստատելու որոշման վրա ազդել են մի շարք գործոններ։ Դրանք են.

  • Սփյուռքի հետ կապերի և համագործակցության նոր ձևաչափի ստեղծումը
  • Տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը
  • Ներքին և արտաքին քաղաքականության մեջ փոփոխությունների կատարումը
  • Նոր որակի հաղորդումը ռազմավարական մշակումներին
  • Հետազոտական նոր ոլորտների ներբերումը (քաղաքական կանխատեսումներ և այլն)
  • Կադրերի պատրաստումը, փորձի փոխանակումը
  • Քարոզչական և լոբբիստական գործունեությունը և այլն։

Սփյուռքի վերլուծական հանրույթի հետ համագործակցող այլ երկրների փորձը մեկ անգամ ևս վկայում է, որ դրանց հաջողությունը պայմանավորված է երկարատև, համակարգված և ճկուն քաղաքականությամբ՝ առանցքում ունենալով երկու գլխավոր դերակատար՝ պետական համակարգը և գործարար աշխարհը։ Վերջիններս արտերկրի ՈւԿ-ներում վերլուծական աշխատանքով զբաղվող հայրենակիցներին դիտարկում են որպես սեփական երկրի տնտեսական, գիտակրթական, քաղաքական և այլ ոլորտներին վերաբերող քննարկումները հարստացնող ռեսուրս։

Արեստակես Սիմավորյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար

Scroll Up