Անկարայի ցուցմունքը եւ Բաքվի ձախողումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեվը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ եթե Հայաստանը «կառուցողական դիրքորոշում» ցուցաբերի ղարաբաղյան խնդրի լուծման գործում, ապա «կարճ ժամանակահատվածում կարելի կլինի համաձայնության գալ»:

Համաձայն Ալիեվի` որեւէ տեղաշարժ չի արձանագրվել արցախյան բանակցությունների ուղղությամբ: Թեեւ տարեվերջին որոշակի աշխուժացում նկատվել է: Ընդհանուր այս պարունակում հայտարարությունը շարունակվում է.

«Որոշակի հույսեր, որոշակի լավատեսական պահեր կան, բայց 2014 թվականին մենք կուսումնասիրենք դրանք: Ամեն դեպքում, 2014 թվականին Հայաստանի իրական մտադրությունը ամբողջովին կպարզվի»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Հայտարարությունը նաև այլ բաժիններ ունի: Կվերադառնանք այդ բաժիններին: Փորձենք դիտարկել այս հատվածը: Ուրեմն, Բաքուն կառուցողականություն է ակնկալում Երեւանից: Մինչ այդ, սակայն, կառուցողականություն ակնկալողը բացի հրադադար խախտելուց եւ դիվերսիոն գործողություններ կազմակերպելուց, աննախադեպ վտանգավոր քայլերով նախահարձակողականության այլ հարթություններ է թեւակոխում: Ադրբեջանական կողմից կրակահերթ է ոչ միայն Ադրբեջանի և Արցախի շփման գծում, այլև ուղղակի դեպի Հայաստանի Հանրապետության տարածք:

Նման հարձակողապաշտության դրսեւորումներ ցուցադրելուց հետո, թվում է, «կառուցողականության» եւ  «խաղաղասիրության» ակնկալություններ հայտարարելու ցուցմունքը Բաքու է հասել Անկարայից: Այս հատվածի երկրորդ բաժինը այդ մասին մտածելու տեղիք է տալիս: Ալիեվը փաստորեն կապկում է Դավութօղլուի «խաղաղասիրությունը»: Նման է սա, մանավանդ երբ նկատի ունենանք տարեվերջին երեւացած (ըստ Ալիեվի, անշուշտ)  որոշակի աշխուժացումը: Տարեվերջին Դավութօղլուն այցելել էր Երեւան Սեւծովյան երկրների տնտեսական համագործակցության համաժողովի շրջագծում: Այցելության նախորդող ժամանակաշրջանում եւ այցելության օրերին եւ դրանից  անմիջապես հետո դիպաշարին հետեւողը ականատես եւ ունկնդիր դարձավ իբրեւ թե կառուցողականություն ցուցադրող Անկարայի թիվ մեկ դիվանագետի ասելաձեւերին: Դրանց հետեւեց  Թուրքիայի քարոզչաքաղաքական խմբի նվագը, որը ներդաշնակ էր թուրք արտգործնախարարի ճիպոտի շարժումներին:

Այս բոլորի նկատմամբ լուռ էր Բաքուն` թե՛ քաղաքական եւ թե՛ տեղեկատվական առումներով: Լուռ անհանգստություն կար Թուրքիայի բեմադրած համանվագի դիմաց, որ բացատրվում էր Բաքվի շրջանցումով հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման (ան)հավանական մեկնարկի նախատեսումով: Թեեւ Անկարայի ներկայացուցիչը ամեն պատեհ-անպատեհ առիթով  հիշեցնում էր արցախյան հարցի լուծման անհրաժեշտությունը: Նույնիսկ պաշտոնապես հայտարարվում էր հարաբերությունների վերամեկնարկման աշխատանքների վերջին փուլում լինելը։

Ալիեվի կողմից կառուցողականություն ակնկալելու այս հայտարարությունը համահունչ է Դավութօղլուի բեմականացումներին նաեւ 2014-ի նշումով: Թվականը անպայման հայ-ադրբեջանական բանակցություններին միայն չի վերաբերում: Երեւան-Անկարա հարաբերությունների վերամեկնարկը պայմանավորված է հայկական ուժերի Արցախից հեռացումով: Պատվերային ապատեղեկատվությունը խոսում էր հայկական համաձայնության վերաբերյալ արցախյան երկու շրջաններից հայկական ուժերը հեռացնելու մասին: Ալիեվի ակնկալածը 2014-ին նման տեղաշարժի մասին է, ինչը  որ նաեւ Դավութօղլուին լավատես լինելու միտումներ էր փոխանցել:

Կառուցողականության, բանակցությունների աշխուժացման եւ խաղաղասիրական շեշտադրումներով հանդես գալու Անկարայի ցուցմունքը հայտնապես ձախող կերպով կատարել է Բաքվի առաջնորդը: Հայտարարությունն ավարտվում է հետեւյալ բառերով. «Մեր ռազմական հզորությունը վճռական դեր կխաղա միջազգային նորմերին համապատասխան Լեռնային Ղարաբաղի հարցին արդարացի լուծում տալու գործում: Մեր բանակը աշխարհի ամենաուժեղ բանակներից է»:

Անկախ նրանից, որ միջազգային նորմերի ճշտած սահմանները վաղուց անցել է ադրբեջանական սպառազինումը, մի պահ  պետք է կենտրոնանալ Ադրբեջանի նախագահի կատարած՝ իր իսկ էության վերադարձին: Ռազմական հզորությանը վճռական դեր վերապահելով՝  Ալիեվը միեւնույն հանկերգն է, որ կրկնում է: Հիմա պետք է մտածել, թե քաղաքական նման պահվածքի դիմաց ի՞նչ կառուցողականություն կսպասվի հայկական կողմից:

Խնդիրը, սակայն, այս դեպքում Անկարայի ցուցմունքը Բաքվի կողմից ձախողելն է:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Scroll Up