Հարգանքի տուրք Օդեսայում՝ ի հիշատակ Ապրիլյան քառօրյայի հերոսների

Որ հաղթեիր քարին, մահին`
Դու խաչքարդ հորինեցիր:
Սիլվա Կապուտիկյան
«Հայերն այսօր»– Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի նախաշեմին Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Խաչքարերի պուրակ»-ը հարստացավ ևս մեկ հուշակոթողով՝ օրհնվեց և տեղադրվեց քառօրյայում նահատակված քաջարի հայորդյաց հիշատակը հավերժացնող խաչքար .
Եվ քանդակին այդ խոր դրոշմել էր
Վիշտը իր հետքը, որպես կնճիռ,
Իսկ հաղթությունը այնտեղ թողել էր
Իր վեհությունը պայծառ ու ջինջ։
Ապրիլի 6-ին՝ քառօրյայի վերջին օրը, սուրբ տաճարի զանգակատան զանգերի զորեղ ղողանջներն ալիքվեցին Գագարինյան բարձունքի վրա, ուր վեր է հառնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, և բակում խմբված օդեսահայերին հրավիրեցին խաչքար-հուշակոթողի մոտ, որտեղ ձեռամբ Տեր Աբգար քահանա Գըլըճյանի կատարվեց հոգեհանգիստ՝ ի հիշատակ մարտերում և սահմանամերձ բնակավայրերում զոհվածների։
Հընթացս արարողության Տեր Հայրը բարեգութ ու անոխակալ Քրիստոս Աստծուց հայցեց, որ երկնային բարձունքներում հավիտենական երանության մեջ հանգչեցնի, իր արարչագործ սիրով հանգստություն ու ողորմություն պարգևի հանգուցյալների հոգիներին, և անուն առ անուն հիշատակեց ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։
Նա հորդորեց աղոթքներում միշտ հիշել մեր ժողովրդի նահատակ զավակներին, որպեսզի նրանց «հիշատակն ու նվիրյալ ծառայությունը լույս դառնան հայոց կյանքի համար»:
Բոլորը հուզախառն հպարտությամբ շարունակում էին ունկնդրել քահանային .«Հարգելի գլխավո՛ր հյուպատոս, եկեղեցական վարչությա՛ն անդամներ, օդեսահայ համայնքի հավատավո՛ր ժողովուրդ,- դիմեց նա ներկաներին,- բոլորս ենք հիշում այն օրերը, երբ հերթական անգամ թշնամին փորձ կատարեց ոտնձգել մեր հայրենիքի սահմանները և գնահատել մեր հայրենասիրության սահմանները… Իրավացի է քերթողահայր Խորենացին՝ մենք փոքր ազգ ենք, բայց մեր պատմության էջերը վկայում են, որ մեր ազգը հիշատակության արժանի գործեր է կատարել։ Ահավասիկ, այդ հիշարժան գործերից մեկն էլ Ապրիլյան հերոսամարտն է։
Որքան ուժ ու զգացմունք ունեին իրենց երակներում ու հոգիներում, որ չերկնչեցին մեր քաջերը և այդքան թանկ գնով պաշտպանեցին մեր սուրբ հողը։ Յուրաքանչյուր անուն արտաբերելիս, ասես, տեսնում էի նրանց ժպտացող դեմքերը, որոնք այլևս չմեծացան, մնացին հավերժ երիտասարդ։ Կասեի ավելին՝ նրանց աչքերին նայելիս մահն ինքն ահ ապրեց։ Ճշմարիտ հերոսներ են, քանզի հավաստեցին Ավարայրի դարեդար ձգվող խորհուրդը՝ «Մահ իմացյալ անմահություն է»։
Օդեսայից էլ ունենք օրինակներ, որոնք պատրաստակամորեն մեկնեցին Արցախ, իսկ համայքն իր ներդրումը բերեց՝ ի շահ Արցախ աշխարհի պաշտպանության…
Պանծացնում ենք մեր քաջարի ռազմիկների հայրենանվիրումն ու սխրանքները, վասնզի նրանց անձնդիր արարքը ոգեշնչման աղբյուր է լինելու սերունդների համար։ Այսօր այս երեխաները՝ Սուրբ Մաշտոցի անվան կիրակնօրյա կրթօջախի և «Արևիկ» նախակրթարանի սաները, քար լռությամբ լսում էին, գիտակցում, և նրանց միասնական աղոթքը ունի զորություն, լսելի է Աստծո կողմից։
Ավետման տոնի նախօրեին խորագույն ակնածանքի մեր խոսքն ենք բերում քաջորդոց մայրերին՝ որպես երդում…
Փա՜ ռք տանք Տիրոջը, որ խաչքարի մոտ, որը Ադամյան և Միրզոյան ընտանիքները նվիրել են ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին, կարող ենք աղոթել, խնկարկել, ծաղիկներ խոնարհել… հարգանքի տուրք մատուցել»։
Այնուհետև օրվա առթիվ արտահայտվեց Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը, որը մասնավորապես նշեց. «Հայրենիքի պաշտպանությունը սրբազան գործ է։ Սա չգրված օրենք է, որի ճշմարտացիությունը մեկ անգամ ևս հավաստեցին քառօրյա պատերազմում հաղթանակ տարած անձնազոհ տղաները: Հիշում ենք նրանց խոնարհումով, երախտագիտությամբ։ Թո՛ղ Երկնավոր Տերը լուսավորի նրանց հոգիները և պահի ու պահպանի այն զինվորներին, ովքեր գիշերուզօր պաշտպանում են մեզ ու մեր հայրենիքի սահմանները։ Նման քաջազուններ ծնող ազգը անմահ է»։
Ինչպես ընդգծեց պարոն հյուպատոսը՝ ապրիլը մեզ հիշեցրեց միասնականության խորհուրդը. մեկ անգամ ևս ապացուցվեց՝ մեր հզորության աղբյուրը մեր ժողովրդի համերաշխության ու միասնության մեջ է, որի վկայությունը՝ անառիկ, անպարտ ու հպարտ Արցախն է։
Իրոք, արցախյան կռվի բովով էլ անցանք ու հավաստեցինք՝ հնարավոր չէ հային հաղթել, հային, որը դարերով իր ազատությունը, անկախությունը Աստծո պես պաշտել է ու երկրպագել։ Որքան տեղին է հիշել հայրենասեր քնարերգուին՝
Էլ ո՞ վ կարող է, ո՞ վ կհանդգնի…
Նարինե Մուրադյան
Աղբյուրը՝ «Հայերն այսօր»