Ազգային խոհանոցի դասեր՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին

Հայկական ավանդական խոհանոցի լավագույն ուտեստների շնորհանդես կարելի էր անվանել ազգային խոհանոցի դասերը, որոնք նախորդեցին մայրության ու գեղեցկության տոնին։
Առիթ ունեցել ենք «Հայերն այսօր»-ի ընթերցողներին տեղեկացնելու, որ այս մտացածին առարկան, որի հեղինակն ու նախաձեռնողը կրթօջախի տնօրեն Էլեն Պողոսյանն է, Օդեսայի կիրակնօրյա դպրոցում վերածվել է սիրված ու սպասված ավանդույթի։ Ազգային մշակույթի այս «համեղ պատառը» կրթօջախի սաներին մատուցում են մայրիկ-ուսուցիչները։ Նրանք սիրով ու խանդավառությամբ վարում են դասը, որի ընթացքում ներկայացնում են տանտիրուհու իրենց հմտությամբ պատրաստած խոհանոցային նմուշների տեսականին։
Գիտակցելով ազգային-ավանդական խոհանոցի կարևորությունը՝ շնորհառատ հսյուհիները մեկ ամսվա ընթացքում ներկայացրին ղափամայի, հարիսայի, հաճարով փլավի, քարի քուֆթայի, տոլմայի տարատեսակների, զանազան աղցանների ու թխվածքների պատրաստման տարբեր եղանակներ՝ յուրաքանչյուր կերակրատեսակի ավանդույթների մասին գեղեցիկ բացատրությամբ, ժողովրդական ու տոնածիսական հատկանիշներով:
Դասերն ուղեկցվեցին համահունչ մեղեդիներով՝ հոգևոր երաժշտությամբ և ժողովրդական երգերով.
Սեղանն է առատ, դիմացն՝ Արարատ,
Հնչում են երգեր, ուրախ ու զվարթ։
-Հե՜յ ջան, ղափամա,
Շախով-շուխով ղափամա։
Արագ հասած դդումը
Առանք, բերինք մեր տունը,
Մանր ջարդած աղեցինք,
Թոնրի մեջը կախեցինք…
Ի դեպ, այս ճաշատեսակի ծագման հետ կապված հետաքրքիր մեկնություն կատարեց հայոց պտմության ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանը, ըստ որի, Հին Հայաստանում դեկտեմբերի 25-ից մինչև փետրվարի վերջը նշվել են արևի տոներ, դրա համար էլ ընտրվել արևանման, արևագույն պտուղ՝ դդումը։ Իսկ նշված ժամանակահատվածը, ինչպես նկատեցինք, համընկնում է Սուրբծննդյան և Տյառնընդառաջի տոներին։ Այն մատուցվել է նաև հարսանիքների ժամանակ, որպեսզի նորապսակների կյանքը հարուստ և գունեղ լինի՝ ինչպես դդումի մեջ եփած փլավը։
Ըստ մայրիկների մեկնության՝ պասուց տոլման հայկական խոհանոցի ավանդական ճաշատեսակներից է, որը սառնարանում երկար մնալուց ավելի է համեղանում: Հետևաբար, կարելի է պահքի ընթացքում մի քանի օր օգտագործել։
Մեր սերմնացան ազգի ձեռքին արևաբույր ցորենը ոչ միայն հացեղենի, այլև համեղ կերակրատեսակների է վերածվում։ Թե որքան համեղ ու գեղեցիկ էր պատրաստված հարիսան, ներկայացվեց Համո Սահյանի բանաստեղծական տողերով.
Հասկը չի քնում, անքուն է հասկը,
Պաշտում են հասկի ուռած աչքերը,
Մարգարեներ են բոլոր հասկերը,
Հասկը չի քնում, անքուն է հասկը,
Օրհնաբանում են հասկի հրաշքը
Բոլոր ազգերի բոլոր ասքերը…
Հայուհիներն ի ցույց դրեցին, որ հայ օջախներում, հատկապես տոներին, սեղաններն հրապուրում են ուտեստների բազմազանությամբ, առատությամբ և գեղեցիկ ձևավորմամբ։ Ախորժելի համադրություն էր ամեն ինչում. ձմերուկի մարինադի թթվաբույրը, կաղամբի թթուների ու աղցանների համը ախորժակ էր գրգռում, հրապուրում էին անուշահամ չրերն ու թխվածքները։ Աշակերտները հաճույքով ճաշակում էին, նաև աշխույժ հետաքրքրություն ցուցաբերում, ունկնդրում մեկնաբանությունները և նշումներ կատարում։
Դասերը համեմվում էին ժողովրդաբուխ հորինվածքներով ու զրույցներով, թևավոր խոսքերով ու բարեմաղթանքներով, որոնք վեր են հանում մեր ազգի բնութագիրը։
«Հայերը սրտները՝ ծով, սեղանները՝ աղ ու հացով ժողովուրդ են», «Հյուրն Աստծունն է», «Հացը թռավ՝ հյուր է գալիս» ժողովրդական ասացվածքները ինքնին խոսում են հային բնորոշ հյուրընկալման սովորույթի մասին, նկատի ունենալով ուշադրության նշանները, հյուրի տեղը տանը և այլն։։ Ծնող-մայրիկները բացատրում էին՝ ինչպես վարվել, եթե ընտանյոք են սեղան նստում, անդամների հարաբերությունները, մեծի տեղը սեղանի շուրջ և ինչպես՝ հյուրերի ներկայությամբ։
Խորհրդավոր ու գեղեցիկ էին Տյառնընդառաջին ու Սուրբ Սարգսին նվիրված տոնածիսական դասերը։ Դասը դառնում էր տոներից յուրաքանչյուրի խորհրդի արտահայտությունը և արտացոլանքը։ Խորհրդավորություն էր հաղորդում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Գըլըճյանի մասնակցությունը։ Տեր Հայրը մեկնաբանում էր տոնի, ծեսի նշանակությունը մարդու կյանքում և ընդգծում, որ կարևորը միայն գիտելիքներ ձեռք բերելը չէ, այլ՝ այդ տոնի խորհրդով կյանքում առաջնորդվելը։
Քահանայի խոսքերի ներշնչված՝ պարուրվում էի մանկությանս հուշերով. որքա՜ն թևավոր մտքեր եմ լսել երջանկահիշատակ Հայկանուշ տատիցս, որոնք լավաշի մեջ փաթաթած՝ հանց շաղոտ ուրց ու դաղձ մատուցում էր սիրելի թոռնիկներին։
Դաս-միջոցառումներին իր մասնակցությունը բերեց նաև տիկնանց կոմիտեի նախագահ Սոնիկ Հաննեյանը․ նա կատարում էր ավանդական ուտեստների հետաքրքիր մեկնաբանություններ՝ համեմված կոլորիտային տարրերով։
Միամսյակի ավարտին կրթօջախի տնօրենը՝տիկին Էլեն Պողոսյանը շնորհակակական խոսքեր հղեց ծնողներին, գովաբանեց նրանց գործունեությունը դպրոցում և ընգծեց, որ նման միջոցառումները խթանում են՝ հայոց ավանդական ծեսերին ու հնամենի ավանդույթներին հավատարիմ մնալուն և սերունդների հոգիներում դաստիարակում են հոգևոր ու ազգային արժեքներ ։
Աշակերտները ևս անմասն չմնացին, նրանք երգ ու տաղով շնորհավորեցին սիրելի տնօրենին, ուսուցիչներին և մայրիկներին՝ գարնան ծաղկավետ տոնի առթիվ , թեև խոհանոցային դասերի միամսյակն ինքնին՝ հայ մայրերի տոնական միամսյակին նվիրված բուրումնավետ մի փունջ էր։
Նարինե Մուրադյան