Էթնո-ջազային բացառիկ համերգ Հայաստանում

Էթնո-ջազային Authentic Light Orchestra խումբը բացառիկ համերգով հանդես կգա Հայաստանում: Համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին, ժամը` 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Authentic Light Orchestra-ի կազմում ելույթ կունենան
Վալերի Տոլստովը (ֆլեյտա/ստեղնաշարային և ժողովրդական գործիքներ), Եվգենի Լեբեդևը (դաշնամուր), Անտոն Ռևնյուկը (բաս), Իգնատ Կրավցովը (հարվածային գործիքներ):
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, իրադարձությանը, բացի նվագախմբից, կմասնակցեն թառահար Միքայել Ոսկանյանը և սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, ինչպես նաև Open String quartet-ը:
Համերգի հատուկ հյուրն է դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը: Երեկոյի ընթացքում հնչելու է էթնո-ջազային ինքնատիպ երաժշտություն:
Authentic Light Orchestra-ն իր բնույթով յուրօրինակ խումբ է, որը հիմնադրվել է 2009թ.-ին Ցյուրիխում` Վալերի Տոլստովի կողմից: Չնայած խմբի կազմը փոքր է, բայց գործիքային բազմազանության շնորհիվ այն նվագախումբ է հիշեցնում: Համերգի ժամանակ երաժիշտներն օգտագործում են 15-30 և նույնիսկ ավելի շատ գործիքներ: Authentic Light Orchestra-ն սիրում է հանդես գալ իմպրովիզներով. օրինակ` համերգի ժամանակ դուդուկը հանկարծ կարող է փոխարինվել սաքսոֆոնով, իսկ ակուստիկ գործիքները` էլեկտրոնայիններով, և այդպես շարունակ:
Խմբին ոգևորում է հատկապես հայկական ժողովրդական երաժշտությունը: Խումբը տարբեր տարիներին ունեցել է հայ անդամներ: Կոլեկտիվի Beyond the House անվանումը կրող ձայնասկավառակի առաջխաղացամամբ զբաղվել է ազգությամբ հայ մենեջեր Աստրիդ Գրիգորյանը: