Գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի հովվական այցը Բուլղարիոյ Հայոց Թեմ

Փետրվարի 16-ին, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ, Բուլղարիայի Հայոց Թեմում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի լիազոր ներկայացուցիչ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Վառնայի հոգևոր հովիվ Արժ. Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանի և տեղի ծխական խորհրդի հրավերով, հովվական այցով մեկնեց Բուլղարիա՝ հանդիսապետելու Վառնայում կազմակերպված հանդիսությունները:

Փետրվարի 16-ին, ձեռամբ Սրբազան Հոր Վառնայի «Սուրբ Սարգիս» եկեղեցում կատարվեց եկեղեցու մուտքի նորակառույց դռների օծում, այնուհետև` դպրական ձեռնադրություն: Հավարտ ձեռնադրության` Սրբազան Հայրը Սուրբ Սարգսի տոնի առիթով կատարեց երիտասարդների օրհնության կարգ` բաշխելով աստվածային օրհնությունները և իր հայրական պատգամը բերելով երիտասարդներին: Նույն օրը, Տաթև Սրբազանի ձեռամբ և բազում հավատացյալների ներկայությամբ, կատարվեց նաև Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների նվիրված սրբապատկերի օծում:

Փետրվարի 17-ին, Վառնայի հայոց «Սուրբ Սարգիս» եկեղեցում, Սուրբ Սարգիս Զորավարի տոնի առիթով մատուցվեց տոնական եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ: Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց եկեղեցու Սուրբ Սեղանի և Սուրբ Սեղանի մասունքակիր խաչերի օծում՝ ձեռամբ գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի: Սուրբ Սեղանի քանդակագործ հեղինակն է հանրածանոթ Արտակ Համբարձումյանը: Պատարագի ընթացքին Սրբազան Հորը սպասարկեցին՝ Վառնայի հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Նժդեհ քհն. Քեշիշյանը, Ռուսեի հոգևոր հովիվ՝ արժանապատիվ Տ. Տիրայր քհն. Հատավյանը, ինչպես նաև Ռուսեի «Ս. Աստվածածին» եկեղեցու սարկավագաց դասը և Վառնայի «Ս. Սարգիս» եկեղեցու դպրաց դասը: Հանդիսավոր Ս. Պատարագին ներկա էին Վառնայի քաղաքապետ՝ տիար Իվան Պորտնիխը, Վառնայի «Մլատոստ» վարչական շրջանի ղեկավար՝ տիար Խրիստո Խրիստովը, Բուլղար Ուղղափառ եկեղեցու Վառնայի մետրոպոլիտության ներկայացուցիչը և այլ բարձրաստիճան պաշտոնական անձիք: Իր քարոզում Սրբազան Հայրն ընդգծեց Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ դերն ու մեծ առաքելությունը ժողովրդի հոգևոր և ֆիզիկական պահպանման գործում՝ նշելով, որ Հայոց եկեղեցին բոլոր ժամանակներում կյանքի ու մահվան կռիվ է մղել հայրենիքն ու հայ ազգը պահպանելու համար` հավատքի շնորհիվ մշտապես զորացնելով ազգի ոգին: Սրբազան Հայրը գնահատեց նաև Հայ Առաքելական եկեղեցու դերն ու օժանդակությունը սփյուռքից ներս հայապահպանման, հայրենիքից հեռու հայի հավատը, ոգին ու ինքնությունը պահելու և պահպանելու գործում:

Հավարտ Սուրբ Պատարագի տեղի ունեցավ նվերներ-սրբապատկերների փոխանակում՝ բարձրաստիճան հոգևորական հյուրի և հյուրընկալների միջև, այնուհետև օրհնվեց ավանդական մատաղը և բաշխվեց ներկաներին:

Ռումինիայի Հայոց Թեմի մամլո դիվան

Scroll Up