Պատմական հայկական եկեղեցին վերածվել է աղբանոցի

Բաթմանի Յենիփընար գյուղում գտնվող 11-րդ դարի հայկական եկեղեցին վերածվել է աղբանոցի։ Հասանքեյֆի հնագիտական պեղումների համար պատասխանատու Բաթմանի համալսարանի ռեկտոր` դր., պրոֆ. Աբդուսսելամ Ուլուչամն ասում է. «Կապ չունի, թե որ կրոնին են պատկանում մեզ ժառանգություն մնացած կառույցները. դրանք պետք է մեր աչքի լույսի պես պահենք»։

Բաթմանի Բեշիրի գավառին ենթակա Յենիփընար գյուղում գտնվող 11-րդ դարի հայկական եկեղեցին օգտագործվում է  որպես  աղբանոց։ Տեսնում ենք, որ եկեղեցին կանգուն պահող սյուներն ու որոշ փորագրված քարեր գյուղացիներն օգտագործում են  ախոռների շինարարության մեջ։

Դր., պրոֆ. Աբդուսսելամ Ուլուչամը տեղեկացրեց, որ շրջանում 11-րդ ու 14-րդ դարերին պատկանող եկեղեցիներ ու վանքեր կան, որոնք պատմական ժառանգություն են, ապա հավելեց. «Մենք պարտավոր ենք պահպանել անցյալից մեզ ժառանգություն մնացած մշակութային արժեքները։ Նաև մեր նահանգապետարանի աջակցությամբ իրականացվող գիտահետազոտական նախագծի շրջանակներում Բաթմանի շրջանում գտնվող բոլոր պատմական կառույցներն ուսումնասիրվելու են։ Կապ չունի, թե այդ կոթողները որ կրոնից են մեզ ժառանգություն մնացել. դրանք պետք է մեր աչքի լույսի պես պահենք։ Մեր երկու տարբեր խմբում ընդհանուր 8 գիտնական կա։ Երկու տարում Բաթմանի շրջանի սահմաններում գտնվող բոլոր կոթողները փաստագրվելու են։ Այդ կոթողները կնորոգվեն ու տեսարժան վայրեր կդառնան»։

8 սյուններից 4-ը քանդվել են

Գյուղի բնակիչներից Ալի Ուչարն էլ ասաց, որ ահավոր վատ է զգում, երբ տեսնում է, որ հին կոթողների սյուներն ու քարերը օգտագործվում են ախոռների ու տների շինարարության մեջ։  Նա տեղեկացրեց, որ եկեղեցուն պատկանող փորագրված քարե սյուները շարված են գոմի, ջրատարների ու թոնիրների կողքերին, ապա ավելացրեց. «Եկեղեցու մեջտեղի 8 սյուներից 4-ը քանդված են։ Մեր բոլորիս ամոթն է, որ գյուղի գագաթին գտնվող այս պատմական կառույցը նման վիճակում է։ Կարևոր կառուցները որպես անասնագոմ օգտագործելը ցույց է տալիս, թե ինչքան ենք մենք արժևորում պատմությունը»։

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net

Scroll Up