Ֆրանսիայի Նիմ քաղաքի և Երևանի դպրոցները դարձան քույր դպրոցներ

ՀՀ սփյուռքի նախարարության «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-ին Երևան քաղաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական և Ֆրանսիայի Նիմ քաղաքի հայկական մեկօրյա դպրոցների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Միջոցառմանը ներկա էին սփյուռքի նախարարության, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ:
Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանն ընթերցելով հուշագրի տեսքստը՝ ընդգծեց, որ ծրագիրը հնարավորություն է տալիս համատեղ ուսումնական, կրթական ծրագրեր իրականացնել, փոխայցելություններ, հայագիտական մրցույթներ կազմակերպել, աշակերտների շփման հնարավորություններ ստեղծել և այլ ձեռնարկներ իրականացնել:
Ողջունելով ներկաներին և կարևորելով հուշագրի կնքումը՝ Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը ներկայացրեց դպրոցի պատմությունը, անդրադարձավ դպրոցում իրականացվող կրթական, մշակութային ծրագրերին: Տեսապատկերի միջոցով ցուցադրեց դպրոցի առօրյան:
Ֆրանսիայի Նիմ քաղաքի հայկական մեկօրյա դպրոցի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ նշեց, որ նման ձեռնարկները շատ օգտակար են իրենց դպրոցի համար: Տնօրենն ընդգծեց, որ հայապահպանության, հայեցի դաստիարակության առումով Սփյուռքում ապրող երեխաների համար անչափ կարևոր է շփվել Հայաստանում ապրող իրենց հասակակիցների հետ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Սուսաննա Գասպարյանը շնորհավորեց երկու դպրոցներին և հույս հայտնեց, որ սկիզբ դրված բարեկամությունը կխթանի երկու դպրոցների միջև կապերի ամրապնդմանն ու փոխշահավետ համագործակցությանը: