Նիկոլ Փաշինյանն այցելել է Լիբանանի Հայկազյան համալսարան

Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Բեյրութում գործող հայկական կրթական և հոգևոր-մշակութային կենտրոններ:

Նիկոլ Փաշինյանը նախ եղել է Հայկազյան համալսարանում, որտեղ հանդիպում է ունեցել Մերձավոր Արևելքի հայ ավետարանական եկեղեցիների միության խորհրդի անդամների և Հայկազյան համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, Բեյրութի հայկական դպրոցների ներկայացուցիչների հետ:

Հարցուպատասխանի ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան համագործակցությանը, կրթության ոլորտում կապերի խորացմանը, հայկական ինքնության և մասնավորապես, հայոց լեզվի պահպանմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիբանանում գործող հայկական կրթօջախների կողմից ազգային ինքնության պահպանման ուղղությամբ կատարվող աշխատանքը և այդ համատեքստում ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցությունը:

Այնուհետև ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շրջայց է կատարել Հայկազյան համալսարանում, ծանոթացել հայկական կրթօջախի գործունեությանը և ծրագրերին, նաև զրուցել ուսանողների հետ: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է Հայկազյան համալսարանի կողմից հայագիտութան ոլորտում կատարվող աշխատանքը, իրականացվող ծրագրերը:

Նիկոլ Փաշինյանը նաև գրառում է կատարել Հայկազյան համալսարանի Պատվավոր հյուրերի գրքում:

Scroll Up