«Մահացել է մի անձնավորություն, ով կերտել է մի ողջ դարաշրջան». Նիկոլ Փաշինյան

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապես Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.
Սիրելի հայրենակիցներ,
Խորը ցավով ստացա Շառլ Ազնավուրի մահվան բոթը. կյանքի 94-րդ տարում մեզանից հեռացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը:
Դժվար է հավատալ, որ մահացել է մի անձնավորություն, ով կերտել է մի ողջ դարաշրջան, կերտել է պատմություն, կերտել է սեր, և անմնացորդ ծառայել սեփական ժողովրդին, սեփական ժողովուրդներին, որովհետև Շառլ Ազնավուրն ասում էր՝ ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ և 100 տոկոսով հայ: Նա 80 տարի իր բեմական գործունեությամբ հիացրել, ջերմացրել և ոգեշնչել է տասնյակ, հարյուր միլիոնավոր մարդկանց՝ բոլոր մայրցամաքներում:
Սա ցավալի, սգալի օր է մեր ժողովրդի և մեր երկրի պատմության համար: Մահացել է Հայաստանի Ազգային հերոսը: Անուրանալի է Շառլ Ազնավուրի ավանդն Անկախ Հայաստանի կայացման ու հզորացման գործում:
Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի անունից իմ խորին վշտակցությունն եմ հայտնում Ֆրանսիայի ժողովրդին, Շառլ Ազնավուրի հարյուր միլիոնավոր երկրպագուներին՝ աշխարհի տարբեր մասերում: Ցավակցում եմ մեզ բոլորիս՝ ամբողջ հայ ժողովրդին:
Սա, իսկապես, մեծ համամարդկային կորուստ է, որովհետև Ազնավուրը մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեքներ, որոնք երկար տարիներ մարդկությանը կուղեկցեն դեպի սեր ու համերաշխություն՝ այդ արժեքների հիման վրա մարդկանց մղելով դեպի առաքինություն: