Նա երբեք չի եղել դիտորդ, նա կռվող ու պայքարող տեսակ է. ցերեկույթ՝ նվիրված Երվանդ Ազատյանի գրքի շնորհանդեսին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/09/azatyan-1.jpg)
Սեպտեմբերի 19-ին Երևանի Թեքեյան կենտրոնում կայացավ գրող, հրապարակախոս, գրականագետ, ԱՄՆ և Կանադայի Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Երվանդ Ազատյանի «Ժամանակի եւ ժամանակիցներու հետ» գրքի շնորհանդեսը:
Ազատյանի թվով 6-րդ ստվարածավալ գրքի շնորհանդեսին ներկա էին գրականագետներ, արվեստի ու մշակույթի հայտնի գործիչներ, մանկավարժներ, հեղինակի գիրը բարձր գնահատող անձինք:
«Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը հանդես եկավ բացման խոսքով: Հակիրճ ներկայացնելով Երվանդ Ազատյանի բեղուն ու հարուստ ստեղծագործական գործունեությունը՝ ինչպես հրապարակախոսական, այնպես էլ գրականագիտական, Ավետիքյանը նշեց. «Իր հարուստ կենսագրության ընթացքում նա երբեք չի եղել դիտորդ, նա եղել է մասնակից: Նա կռվող ու պայքարող է: Ազատյանի զենքն իր գրիչն է»:
Հայաստանի Թեքեյան մշակութային միության ատենապետ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, շնորհավորելով Երվանդ Ազատյանին նոր գրքի լույս ընծայման կապակցությամբ, ընդգծեց, որ Ազատյանը Սփյուռքի խոշորագույն մտավորականն է: «Սա չափազանցություն չէ, այս ոլորտում ունեցածս գիտելիքները թույլ են տալիս փաստելու, որ չկա մի անուն, որը կարող ենք դնել Ազատյանի անվան կողքին: Նա այն մարդն է, որի ունեցած որակներով մենք պետք է հպարտանանք: Այս գիրքը մեծ նվեր է հայ մտավորականությանը»:
Հայաստանի Գրողների միության փոխնախագահ, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը ներկայացրեց Երվանդ Ազատյան գրականագետի ունեցած անուրանալի ներդրումը գրականագիտության ոլորտում, քանզի նրա ջանքերով են մոռացությունից փրկվել մի շարք արևմտահայ գրողների ստեղծագործությունները և ներկայացվել հանրության դատին: Ըստ Դեմիրճյանի՝ շնորհիվ Ազատյանի գործունեության, լույս է սփռվել Ինտրայի, Մ. Կյուրճյանի և այլ գրողների ստեղծագործությունների վրա, Ազատյանը Գրականության և արվեստի թանգարանին է նվիրաբերել իր մոտ պահվող Ինտրայի արխիվը՝ հնարավորություն տալով մասնագետներին ուսումանասիրել դրանք:
Դեմիրճյանը խոսեց նաև Ե. Ազատյանի նոր գրքի արժեքի մասին՝ նշելով, որ հեղինակի հոդվածների ժողովածուն ընդգրկում է վերջինիս ժամանակի ամբողջ պատկերը: Բանախոսը հատկապես ընդգծեց. «Ազատյանն այն անձանցից է, որոնց շնորհիվ պետք է պահպանվի արևմտահայերենը»:
Գրականագետ, դրամատուրգ և արձակագիր Ալեքսանդր Թոփչյանն էլ, միանալով հնչող շնորհավորանքներին, ընդգծեց Ազատյանի դերը գրաքննադատության ոլորտում, նկատելով, որ նա հրաշալիորեն կարողանում է ապահովել գրող-ընթերցող կապը: Թոփչյանը հիշատակեց նաև Ազատյանի դերը անկախության սերնդի գրողների հատորյակների հրապարակման գործում, ինչը 90-ականներին չափազանց բարդ ու դժվարին, սակայն դրա հետ մեկտեղ օգտավետ աշխատանք էր:
Երվանդ Տեր–Խաչատրյանը, ով Ազատյանի «Ժամանակի եւ ժամանակիցներու հետ» գրքի կազմողն ու առաջաբանի հեղինակն է, իր խոսքում կրկին փաստեց հեղինակի՝ գրականագիտության աշխարհում ունեցած հաստատուն տեղն ու նշանակությունը, տալով իր գնահատականը՝ Ազատյանը լայնախոհ մտավորական է. «Նա հրաշալի գրում է արվեստի բոլոր ճյուղերի մասին՝ նկարչություն, կինո, թատրոն: Նա երևույթները տեսնում է առավել խորն ու ընդհանրական, և դա վերաբերում է ոչ միայն հայ, այլև համաշխարհային գրականությանը: Ազատյանը սփյուռքահայ գրականությունը գիտի ներսից, նա իսկապես գիտի սփյուռքը, լեզուն զգում է իր ողջ էությամբ, ոգով: Մենք նրա գրածներից պետք է սովորենք»:
Ցերեկույթի եզրափակիչ ելույթը վերապահված էր հեղինակին՝ Երվանդ Ազատյանին: Վերջինս շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ շնորհանդեսին ներկա գտնվելու համար, շնորհակալություն հայտնեց նաև գիրքը կազմող Երվանդ Տեր-Խաչատրյանին՝ նշելով, որ իր գրական հոդվածները միշտ ցրված են եղել մամուլում, իսկ Տեր-Խաչատրյանին հաջողվել է դրանք հավաքել ու մեկտեղել սույն գրքում:
«Քո միջոցով ճանաչեցի ինքս ինձ, այնպես, ինչպես քո միջոցով ընթերցողը ճանաչեց ինձ: Շնորհակալ եմ»:
Երվանդ Ազատյանը խոսեց նաև արևմտահայերենի պահպանության տեսանկյունից իր գրքի ունեցած արժեքի ու դերի մասին: Արևմտահայերենը՝ այն նույն ճոխությամբ, որով հանդիպում ենք Սիամանթոյի, Թեքեյանի, Վարուժանի ստեղծագործություններում, այլևս չենք կարող հանդիպել, նկատեց հեղինակը. «Արևմտահայերենն ինձ մեծ ներուժ է տալիս, սակայն այն հոգեվարքի մեջ է, և ես, թերևս, վերջին զինվորներից եմ, որ պայքարում եմ հանուն արևմտահայերենի: Ուստի, այս գիրքս հոգին ավանդող արևմտահայ լեզվի պահպանմանն ուղղված իմ բաժին գործն է: Ինձ համար այս գիրքը երեկվա ու այսօրվա խոսքն է: Վաղվա խոսքը, վաղվա գրականությունը կլինի թավշյա հեղափոխության մեջ պողպատե բառերով կերտված, սիրո և համերաշխության գրականություն՝ Սփյուռքի և Հայաստանի միջև, կլինի միասնական համազգային գրականություն: Եթե այս գիրքը կատարի այդ դերն ու այդ նպաստը բերի, շնորհակալ կլինեմ»:
Շնորհանդեսի հյուրերը նաև պատմեցին Ազատյանի հետ ունեցած գեղեցիկ հուշեր՝ դանցից ամեն մեկով բացահայտելով մեկ ուրիշ Երվանդ Ազատյան, հանրության լայն զանգվածներին առավել քիչ հայտնի գրականագետին:
Ցերեկույթը եզրափակվեց գեղեցիկ սովորույթով՝ գրքի գինեձոնով, որն իրականացվեց Երվանդ Ազատյանի և Ռուբեն Միրզախանյանի կողմից:
Հիշեցնենք, որ բազմամյա խմբագիր, հրապարակախոս, կուսակցական գործիչ, ԳԱԱ արտասահմանյան անդամ, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր Երվանդ Ազատյանը վեց գրքի հեղինակ է:
ԳՈՀԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ