«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի աջակցությունը Հայաստանի և Արցախի աշակերտներին

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի «Աջակցություն հայ դպրոցին» ծրագրի շրջանակներում Հայաստանի և Արցախի թեքեյանցի 69 աշակերտ իրենց ամառային հանգիստը վայելեցին Հանքավանի գեղատեսիլ բնության գրկում: Հիմնադրամի այս ծրագիրն իրականացվում է արդեն ինը տարի անընդմեջ և նպաստում է մեր երկրի տարբեր անկյուններում բնակվող երեխաների մերձեցմանը, նրանց մտավոր, ֆիզիկական, անհատական զարգացմանը: Առայսօր ճամբարի ծրագրում ընդգրկվել է 614 մասնակից՝ մասնավորապես գերազանց առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների երեխաներ Երևանից, Գյումրիից, Ստեփանավանից, Կարբիից և Բերձորից:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Թեքեյան կենտրոն» հիմնադրամից, այս տարի ևս «Արագած» ճամբարը մեծ սիրով ու ջերմությամբ հյուրընկալեց թեքեյանցիներին, որոնք իրենց մանկավարժների և ճամբարի ջոկատավարների համատեղ աշխատանքի շնորհիվ ունեցան հետաքրքիր ու բովանդակային առօրյա՝ հագեցած ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումներով:

Թեքեյանցիներն ամենակտիվ մասնակցությունն ունեցան ուսուցանող խաղերին, գիտակների մրցույթներին, դաստիարակչական տարբեր թեմաներով զրույցներին, սպորտլանդիաներին և պարգևատրվեցին գավաթներով ու շնորհակալագրերով: Երեխաները ուսուցանեցին նաև ազգային երգ ու պար, այցելեցին հիշարժան վայրեր:

Հանգստի վերջին օրը վառվեց հրաժեշտի ավանդական խարույկը: Բաժանումը հուզիչ էր` լի արցունքներով և ջերմ խոսքերով: Դժվար էր հեռանալ մտերիմ ընկերներից, հարազատ դարձած «Արագածից», որն իրենց պարգևեց անկրկնելի հանգիստ, անմոռանալի տպավորություններ ու նոր գիտելիքներ: Թեքեյանցիները հրաժեշտ տվեցին ճամբարին կրկին վերադառնալու ակնկալիքով:

 

Scroll Up